«Ժամանակին, իրոք, ծեծ էլ է եղել»,- ասում է հատուկ կրթության բաժնի պետը
Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում մտավոր թերզարգացում չունեցող աշակերտների առկայության մասին մի խումբ երիտասարդներ բարձրաձայնել էին դեռեւս 2008 թվականից, որից հետո երիտասարդների բարձրացված խնդիրները 2008 թվականի դեկտեմբերի 1-4-ը ստուգվել են տեղում:
Այնուհետեւ կրկնակի գնահատում է անցկացվել, որից հետո հատուկ դպրոցում հայտնաբերվել են մտավոր թերզարգացում չունեցող 4 երեխաներ: Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում ասաց նախարարության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Փաստորեն երիտասարդների հայտարարություններն այն մասին, որ հատուկ դպրոցում սովորում են մտավոր խնդիրներ չունեցող երեխաներ, հաստատվեցին պաշտոնապես: Չորս աշակերտներն այս ուսումնական տարում տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ: Մեր տեղեկություններով, բացի այս չորսից, Նուբարաշենի թիվ 11 դպրոցի աշակերտներից շատերն այս ուսումնական տարում այլ դպրոցներ են տեղափոխվել: Այս տեղեկությունը հասատատեց նաեւ ԿԳՆ hատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը. «Անցյալ տարի այդ դպրոցում եղել է 110 աշակերտ, մեր ստուգումներից հետո 73 աշակերտ է մնացել»,- ասաց նա: Ստորեւ ներկայացնում ենք հատուկ կրթության բաժնի պետի հետ հարցազրույցը:
Միգուցե՞ ծնողները երեխաներին հանում են այդ դպրոցից վերջերս բարձրացած աղմուկից հետո:
(Ըստ մամուլի հրապարակումների` դպրոցի ներկայիս տնօրեն Մերուժան Ենգիբարյանը տարիներ շարունակ աշակերտներին դաժանաբար ծեծել է, իսկ ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգությունների է ենթարկել անչափահաս աղջիկներին` «Հետք»): Նուբարաշենի թիվ 11 դպրոցի անունը շատ հոլովել պետք չէ, այդ կոլեկտիվն էլ իրեն վատ զգում, ասում են՝ եկեք գնանք մյուս դպրոցները, տեսեք, որ մերն ավելի լավն է: ժամանակին, իրոք, ծեծ էլ է եղել, եղել են այդպիսի դեպքեր, բայց եթե հիմա այդպիսի բաներ չկան, նորից հին երգը երգելը չի սազում: Ընդհանրապես կրթական համակարգի վարկանիշն ընկած է: Ես չեմ կարող այսպիսի ենթատեքստերով բան մտածել: Մենք աշխատում ենք այդ դպրոցների աշակերտական համակազմը հնարավորինս համապատասխանեցնել դպրոցի տիպին: Ուղղակի ստիպում ենք, որ չհամապատասխանող մի մարդ չընդունեն: Հաջորդ ուսումնական տարում հատուկ դպրոցներում հատուկ կրթության կարիք չունեցող ոչ մի երեխա չի լինի: Մյուս դպրոցներում էլ են աշակերտների քանակը պակասել՝ 2-րդում, 6-րդում, 12-րդում, որովհետեւ առաջ ոնց ասես ընդունում էին երեխաներին, իսկ հիմա չեն ընդունում: Մեր խնդիրն է՝ այս ուսումնական տարվա մեջ վերջնականապես մաքրել այդ դպրոցները: Հաջորդ սեպտեմբերին 25 հատուկ դպրոցներում չպետք է լինի 2 երեխա, որոնք չեն համապատասխանում դպրոցի տիպին:
Փաստորեն՝ մինչեւ վերջերս առողջ երեխաները սովորում էին մտավոր թերզարգացածների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցներում:
Իննսունական թվականներին մինչեւ 2002-2003 թիվը այդ դպրոցները լուծել են նաեւ սոցիալական խնդիր, այդտեղ են հայտնվել հատուկ կրթության կարիք չունեցող ծնողազուրկ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող երեխաներ, երբ 2005 թվականին ստեղծվեցին երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություններ, այդ երեխաները մասսայաբար գնացին այլ դպրոցներ: Բայց երեխաների մի խումբ կար, որոնք արդեն հասել էին 8-րդ կամ 9-րդ դասարան, թե ում մեղքով, ում վատ աշխատանքի արդյունքով, երեխան արդեն հայտնվել էր այդ դպրոցում եւ 7 տարի սովորել էր այդ թույլ ծրագրով, եթե մենք նրանց տեղափոխեինք ուրիշ տեղ, ավելի շատ կվնասեինք նրանց, այդ երեխաները ի վիճակի չէին լինի եւ ծաղրուծանակի առարկա կդառնային: Իրոք ընդունվել են, իրոք եղել են, ոչ ոք չի կարող ասել, որ չեն եղել, խառնվել են իրար: Հոգենաբանական հանձնաժողովները նորմալ չեն գործել, ուղեգրել են բոլոր տեսակի միջնորդություններով եկած երեխաներին: Երեխայինն մարզից ձեռքից վերցրել-բերել են, ծնողն ասել է՝ ես այդ դպրոցն եմ ուզում: Չկար հանձնաժողով, որակվել անցել են, իրավիճակն էր այդպիսին:
Իսկ այդ իրավիճակի պատասխանատուները որեւէ պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն:
Հոգեբանամանկավարժական հանձնաժողով է եղել, որը եզրակացություն է տվել. այդ հանձնաժողովը եղել է հասարակական կազմակերպություն, որը գումար չի ստացել այդ աշխատանքի համար: Այդ երեխաներին նայել են, բժշկական դիագնոզ է եղել, որ երեխաները համապատասխանում են, նայել են, ուղարկել են:
Իսկ կեղծ բժշկական դիագնոզ տվողը չի՞ պատժվելու:
Մենք իրավունք չունենք դիագնոզ տվողին պատժել:
Ճիշտ է, բայց կարող էիք ոստիկանություն հաղորդում տալ հանցագործության մասին:
Մենք հասարակական կազմակերպության հետ անընդհատ մտածում ենք կրթությունից զուրկ մնացած երեխաների հայտնաբերման մասին, սա ամենամեծ խնդիրն է, որին մամուլը ուշադրություն չի դարձնում: Իսկ հատուկ դպրոցում հայտնված երեխաներին կերցրել են, հագցրել են, լավից-վատից ինչ-որ բաներ են սովորեցրել, բայց կան երեխաներ, որոնք բախտի քմահաճույքին են թողնվել:
Հ.Գ. Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ խնդրից երիտասարդները դպրոցում առկա բազմաթիվ այլ խնդիրների մասին էին բարձրաձայնել, այդ թվում` ուսուցչի կողմից սեռական ոտնձգություններ աշակերտուհիների նկատմամբ, որոնց արդյունքում քրեական գործ հարուցվեց, այնուհետեւ մեղադրանք առաջադրվեց բայց ոչ թե ուսուցչի, այլ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ` «սուտ մատնություն» մեղադրանքով: Նախաքննությունը շարունակվում է. ներկայումս քննիչները աշխատում են պարզել մամուլում հրապարակված տեղեկությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել