HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ Հովհ. Քոչինյանի դատական գործում

Սեպտեմբերի 24-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում շարունակվեց  «Ջիլիզայի անտառտնտեսության»  նախկին տնօրեն Հովհ. Քոչինյանի գործով դատական նիստը:  Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման և անտառօգտագործման  բաժնի մասնագետ հրավիրելու նպատակով, որպեսզի դատարանը պարզի կոնկրետ «Ջիլիզայի անտառտնտեսությունում» առանց նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու Հ. Քոչինյանի կողմից անտառմիջյան  ճանապարհներ կառուցվել են, թե`ոչ: 

Հովհ. Քոչինյանը  իր պաշտոնավարման  տարիներին, ըստ մեղադրականի, չստանալով «Հայանտառ»-ի ղեկավարության համաձայնությունը ինքնագլուխ վերանորոգել էր վարչական շենքը, գնել էր կահույք, մեղվափեթակներ, «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը ձևակերպել էր իր տղայի անունով, փաստաթղթային կեղծիքներով կատարել էր   դիզվառելիքի և բենզինի խոշոր չափերի հափշտակություններ, դրանք  ի պահ տալով իր ընտանիքին պատկանող «Էրիկ-Էդիկ» եւ «Շնող» ՍՊԸ-ներին, 4-5 տարի առաջ  կառուցել է միջանտառային 7,5կմ. ճանապարհ,  և այլ անօրինական գործարքներ: Այս կապակցությամբ Քոչինյանը, ինչպես նախաքննության նյութերով, այնպես էլ  դատարանում խոստովանական ցուցմունքեր էր տալիս: Սակայն դատարանը ակնհայտորեն չի ուզում պարզել, թե ինչու է Հովհ. Քոչինյանը  առանց վերադասի համաձայնության այսքան շատ անօրինական գործարքներ կատարել: Դատարանում կարծես թե մոռացության է մատնվել 2004թ.-ին  «Ջիլիզայի անտառտնտեսությունում» քամհարված 50հազար խ.մ. փայտի իրացման 42մլն. դրամ պարտքը: Մինչ դատական նիստը սկսելը «Հայանտառ»-ի ներկայացուցիչ Հայկ Մարգարյանը հայտնեց, որ  Հ. Քոչինյանի մատնանշած ճանապարհը իրենց կողմից ուսումնասիրվել է: «Ճանապարհը կար, դեռ մի բան էլ ավել կար, բայց դժվար է 5-6 տարվա վաղեմությամբ  որոշել, մանավանդ անձրևները, հեղեղները մի մասը քշել տարել են, ուղղակի զգում ես, որ ճանապարհ կա կառուցված: Սակայն առանց վերադասի թույլտվության, առանց նարյադի, այսինքն` ինքնագլուխ կառուցել ա»,- ասաց Հայկ Մարգարյանը: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը «Հայանտառ»-ի անտառների հաշվառման և անտառօգտագործման բաժնի առաջատար մասնագետ  Խաչիկ Խալաթյանին  բացատրեց, որ  դատարանին հետաքրքրում է այն հարցը, թե «Հայանտառ»-ի մասնաճյուղերում անտառանյութի մթերման հետ կապված օժանդակ ինչ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել, որպեսզի հնարավոր լինի անտառանյութը հանել անտառից:   Խ.Խալաթյանը պատասխանեց.  «Ի նկատի ունենալով`«Ջիլիզայի անտառտնտեսություն»-ում 2004թ.-ին քամհարված ծառերի մեծ քանակը և անտառից նրա դուրս բերման համար  անտառամիջյան ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը «Հայանտառ»-ի կողմից նախատեսվել է ճանապարհի կառուցում, կառուցվել է նախատեսվածը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջադրանք, թե տարվա ընթացքում ինչքան ճանապարհ պետք է կառուցվի: Ըստ հանձնարարականի առաջադրանք է իջեցվում և  առաջադրանքի համաձայն կառուցվում է ճանապարհը»: Դատավորին հետաքրքրեց, թե այդ ճանապարհների կառուցման համար ինչ կարգով են միջոցներ տրամադրվում: «Անտառտնտեսական նշանակության ճանապարհների կառուցման համար, քանի կմ նախատեսվում է, յուրաքանչյուր կմ-ի համար հատկացվում է համապատասխան գումար: Գումարը անպայման հատկացվում է»,-պատասխանեց  Խ. Խալաթյանը: «Իսկ հնարավոր է, որ տնտեսության տնօրինությունը ինքը, իր նախաձեռնությամբ առանց վերադասի կողմից գումար հատկացնելու և առանց նախահաշվային փաստաթղթերի անտառմիջյան ճանապարհներ կառուցի»,- կրկին առաջատար մասնագետին հարցրեց դատավորը, որին Խ. Խալաթյանը պատասխանեց. «Հնարավոր է մի պայմանով, եթե աշխատանքների ծավալը մեծ ա, և նախատեսված կառուցված ճապարհները չեն  բավարարում ժամանակին անտառանյութը տեղափոխելու համար: Հնարավոր է, որ տնօրենը իր ղեկավարած տնտեսության միջոցներով կառուցի, այդ դեպքում նա պետք է դիմի վերադաս կազմակերպությանը»: Դատավորին հետաքրքրեց, թե հնարավոր է կատարել այնպիսի աշխատանք, որը  պարզի, «Հայանտառ»-ում կառուցված, սակայն չհաշվառված ճանապարհները: «Էդ հարցը չեմ իմանում, ես չգիտեմ»,- պատասխանեց  Խաչիկ Խալաթյանը: «Եթե տնօրինությունը գտնում  է, ինքը իր նախաձեռնությամբ ճանապարհ է կառուցում, և չի դիմում վերադասին, ընկերությունում չի հաշվառվում, բնականաբար: Հնարավոր է՞, թեկուզ հիմա, ճշտվի, պարզի գույքագրում անի էդ ճանապարհը, և պարզի, բացի առաջադրանքով կառուցված ճանապարհներից, էսպես ասած, ոչ օրինական ձևով ճանապարհներ կառուցվել ա թե ոչ»,- հարցրեց դատավոր Բաղդասարյանը: «2004,2005,2006թ.-ին բացի այն առաջադրանքներից, գնացել նայել ենք, որ Քոչինյանը կառուցել ա նոր ճանապարհ»,-ասաց Խաչիկ Խալաթյանը: «Դուք գնացել  տեսել եք այդ ճանապարհը»,- արագ արձագանքեց դատավոր Ս. Բաղդասարյանը և շարունակեց իր հարցադրումը. «Հիմա, որ դուք նայել, տեսել եք, կարող եք համեմատել, բացի  առաջադրանքով կառուցած ճանապարհը, էսքան կմ կա, որի կառուցման համար առաջադրանք չի եղել»: «Նախկին տարիներին ես գիտեմ 30-40 կմ ճանապարհներ նախատեսվել է կառուցել, բացի դրանից էդ, որ մենք տեսել ենք  7,5 կմ է»,-լսվեց պատասխանը: Մեղադրող Հայկ Մովսիսյանն էլ Խ. Խալաթյանին հարցրեց. «Կարող եք ասել, որ ժամանակահատվածում է կառուցվել, ինչքան գումար է ծախսվել»: «2005, 2006  թվերին է կառուցվել, ճանապարհը երևում է նոր չէ, 3-4 տարվա պատմություն ունի»,- ասաց Խ. Խալաթյանը: Դատախազ Մովսիսյանը հարցին, թե 2004թ. քամհարված ծառերի քանակին  համապատասխան չի՞  «Հայանտառ»-ի կողմից նախատեսվել ճանապարհների կառուցում:  Խ.Խալաթյանը ասաց, որ   մասնագետների հաշվարկներով քամհարված ծառերի քանակը մոտավորապես կազմել է 70-80 հազար խմ, սակայն նախատեսվել է ճանապարհ կառուցել 50 հազար խմ քամհարված ծառ տեղափոխելու համար: Խ. Խալաթյանը չնկատեց, որ դատարանին քամհարված ծառերի 20-30 հազար խ.մ. յուրացման փաստ է ներկայացնում:  Այդուհանդերձ նա ասաց. «Տնօրենը պարտավոր էր ժամանակին ճիշտ թվերը ներկայացնել վերադասին և ստանալ թույլտվություն լրացուցիչ ճանապարհ կառուցելու համար»: «Հայանտառ»-ի ներկայացուցիչ Հայկ Մարգարյանն էլ դատարանին տեղեկացրեց . «2004թ.-ին  «Ջիլիզայի անտառտնտեսություն»-ում   նախատեսված է եղել կառուցել 18 կմ ճանապարհ, դա վերադասի կողմից հաստատված է եղել, սակայն  կառուցվել է փաստացի 20 կմ ճանապարհ, 2 կմ ավել, 2005թ.-ին նախատեսված է եղել կառուցել 10 կմ ճանապարհ, սակայն Հ. Քոչինյանը կառուցել է 11,5 կմ ճանապարհ,  2006թ,-ին ևս նախատեսվածից 1,5կմ ճանապարհ ավել է կառուցվել, որը դարձյալ վերադասը զիջումների գնալով` համաձայնել է: Դրանք ֆինանսավորվել են: Քոչինյանը  5.5 կմ հավելյալ ճանապարհ է կառուցել»: Դատական նիստի ընթացքում պարզվեց, որ ամբաստանյալի մատնանշած 5-6 տարի առաջ իր կողմից կառուցած ճանապարհի համար չկան հիմնավորող ֆինանսական փաստաթղթեր, այդ թվում նախագծանախահաշվային փաստաթղթեր,  աշխատավարձի վճարման ցուցակներ, բենզինի ծախս և այլն: Այդուհանդերձ, դատավոր Սուրեն Բաղդասարյանը նպատակահարմար գտավ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից  պահանջել հանձնաժողով` պարզելու Հ. Քոչինյանի կողմից անտառամիջյան ճանապարհ կառուցվել է, թե`ոչ, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter