HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարձատրվող հասարակական աշխատանքներին ոչ բոլոր համայնքները մասնակցելու հնարավորություն ունեն

28_09-mantash«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում որեւէ ծրագիր անցած տարիներին չի իրականացվել: Այս տարի համայնքապետ Գրիգոր Սարգսյանը 4 ծրագիր էր ներկայացրել Զբաղվածության եւ աջակցության մարզային հանձնաժողովին:

«Էս պահին մեկ ծրագիրն ավարտվել է, երկրորդն էլ խոստացել են, որ հոկտեմբերի 1-ով կսկսվի,- ասաց Մեծ Մանթաշի համայնքապետ Գրիգոր Սարգսյանը,- ոռոգման համակարգերի մաքրման, նորոգման օժանդակ աշխատանքների ծրագիր էր, գյուղից 30 մարդ է մասնակցել, բայց ահագին դժվարություն եմ ունեցել աշխատողներ հավաքագրելու առումով»: Համայնքապետը պատմեց, որ հիմնականում դժգոհել են վարձատրության չափից: Մեկ ամիս տեւողությամբ աշխատանքի համար օրական վարձատրությունը 2200 դրամ էր: «Ես հայտարարություն էի տվել, որ դիմեն, գալիս էին պայմանների հետ ծանոթանում, գինը իմանալով` շատերը չէին համաձայնվում մասնակցել,- ասաց համայնքի ղեկավարը,- մի մասին համոզելով եմ բերել, 2 հոգի էլ հարեւան Սարալանջ գյուղից են եկել աշխատել»: 28_09-pap

Մեծ Մանթաշցի Պապ Բաղդասարյանը «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» (ՎՀԱ) ծրագրին չի մասնակցել գյուղատնտեսական աշխատանքների պատճառով: «Ախր էն թեժ սեզոնին` հուլիսի 1-ին, աշխատանքները սկսվեցին, մեր տունն էլ հողի գործը ուրիշ յոլա տանող չկար, որ ես էլ էդ աշխատանքն անեի: Բայց էս երկրորդի համար արդեն գրանցվել եմ համայնքապետարանում»,- ասաց Պապ Բաղդասարյանը: Նա նույնպես դժգոհեց, որ տրվող գումարը քիչ է, գոնե 3000 դրամ լիներ, թեպետ հասկանում է, որ պետական ծրագիր է ու դժվար է մեծ գումարներ ակնկալելը: Մեկ այլ մանթաշցի` Արշալույս Գառնիկյանը, մասնակցել է ոռոգման համակարգերի մաքրման աշխատանքներին եւ մեկ ամսվա աշխատանքի համար 54 հազար դրամ ստացել: 28_09-arshaluys«Գոհ եմ, համայնքապետն առաջարկեց, ըսի` ինչի՞ չեմ աշխատի, դռան վրա գործ է, էլի, օր պարապ նստա` ո՞վ ընձի կբերե 50 հազար դրամ փող կուտա,- մեկնաբանեց Արշալույս Գառնիկյանը,- սաղ կյանքս խոպան եմ գնացել, արդեն զզվել եմ, ըբը էդ բռնվելու վախը…: Օրիակ` էս տիպի գործերն օր մշտապես էղներ, ով է էլ խելռել, օր խոպան էրթա: Ես համայնքապետի երկրորդ ծրագրի համար էլ եմ դիմել, հմի կսպասենք, տեսնինք` երբ կսկսենք»: Մեծ Մանթաշի համայնքապետ Գրիգոր Սարգսյանը պատմեց, որ ՎՀԱ-ին ինքը չի դիմել անցյալում, որովհետեւ նախ` գումարն է քիչ եղել, օրական 1000 դրամ են տվել, հետո էլ ծրագիրն իրականացրած շատ համայնքապետեր խնդիրներ են ունեցել: «Եղել է գյուղ, որ ծրագիրը շահել է, բայց չի կարողացել պահանջվող ներդրումը անել, ստիպված, եթե 20 աշխատող է պետք եղել, 10-ին է վերցրել, էն 10-ին հասանելիք գումարն էլ ներդրում է ցույց տվել,- բացատրեց համայնքապետը,- կամ էլ հակառակը` աշխատողներն են դժգոհ մնացել, երբ փողը չեն ստացել, չնայած լրիվ աշխատել են: Դրա համար էլ միշտ վախեցել եմ մասնակցել, որ խնդիրներ չլինեն»: Երկու տարի է Մեծ Մանթաշում հողի հարկի հավաքագրումը 100 %-ով է կատարվում: Սա ՎԱՀ-ին մասնակցության հայտ ներկայացնելու պահանջներից մեկն է: Փոխմարզպետ Հարություն Արշակյանը, ով ղեկավարում է Զբաղվածության եւ աջակցության մարզային հանձնաժողովը, նշեց, որ հայտ ներկայացնող համայնքը աշխատավարձի պարտք չպիտի ունենա: «Եթե համայնքը 5 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի, ապա տվյալ գյուղը զրկվում է ծրագիր ներկայացնելու հնարավորությունից, դե, իսկ Մեծ Մանթաշն այս առումով եւս արդարացրել է իրեն, դրա համար էլ պատրաստվում ենք օժանդակել երկրորդ ծրագրի իրականացմանը»,- պարզաբանեց փոխմարզպետը: Այս տարի ՎՀԱ-ի ծրագրով Շիրակի մարզին տրամադրվել է 150 մլն դրամ, որից մոտ 93 մլն-ը արդեն ծախսվել է 30 գյուղական ու քաղաքային համայնքներում տարբեր ծրագրերի իրականացման վրա: 28_09-h_arshakyan«Այս պահին եւս 12 ծրագիր ենք ուղարկել Տարածքային կառավարման նախարարություն եւ սպասում ենք պատասխանի,- ասաց փոխմարզպետ Հարություն Արշակյանը,- որովհետեւ էնպես չի, որ ինչ առաջարկում ենք` հավանության է արժանանում, լինում են նաեւ ծրագրեր, որոնք մերժվում են, ասենք, ժամանակավրեպ լինելու պատճառով»: Ստացվում է, որ օժանդակ աշխատանքներ իրականացնելու այս ծրագրից կարող են օգտվել միայն օրինակելի համայնքները, իսկ աղքատ գյուղերը զրկվում են այդ հնարավորությունից: Անգամ եթե հարկերը 100%-ով հավաքեն, ապա դժվար թե կարողանան ապահովել մասնակցային մասը: Դժգոհություններ ծրագրերի իրականացման ընթացքից փոխմարզպետը դեռ չի լսել, իրականացվող ծրագրից դժգոհություններ լսում են համայնքի ղեկավարները: Մեծ Մանթաշի համայնքապետն, ընդհանուր առմամբ, գոհ էր ծրագրից, միայն դժգոհեց, որ գումարը տալիս են ոչ թե աշխատանքներն ավարտելուն պես, այլ` հաջորդ ամսվա վերջին: 28_09-mantash-1«Դուք պիտի պատկերացնեիք, թե ինչ սկսվեց դրանից հետո, երեւի ամեն օր համայնքապետարան էին գալիս փողի համար, անհանգստանում էին, թե կարող է չստանան: Որոշ մարդկանց ես անձամբ եմ վճարել, մինչեւ էդ գումարները եղել են,- պատմում է համայնքապետը,- դե, առաջին անգամ էր, մարդկանց աչքն էլ վախեցած էր, որովհետեւ իմացել էին, որ եղել են գյուղեր, որտեղ աշխատեցրել են, բայց գումարը չեն տվել: Ինչքան գիտեմ, հիմի շատ խիստ է վերահսկվում ծրագիրը, ու նման երեւույթներ չկան»: Մեծ Մանթաշում ոռոգման համակարգի մաքրման ու վերականգնման ծրագրի համար համայնքին հատկացրել էին 2 մլն 190 հազար դրամ, որից 993 հազարը համայնքի ներդրումն էր: Պիտի 300 գծամետր հատված մաքրվեր, սակայն համայնքապետը որոշել է 2 կմ մաքրել: «Էդ որոշումս մի քիչ թանկ նստեց վրաս, ստիպված էի գումար ավելացնել, բայց գոնե ամբողջ համակարգը մաքրվեց ու էս տարի հողերը ոռոգելիս խնդիր չունեցանք,- պարզաբանեց համայնքապետը,- համ էլ էդ նույն գյուղացին, որ մեջք է ծռել էդ գործի վրա, ստիպես էլ` կյանքում աղբ չի լցնի կանալը, որովհետեւ գիտի, որ ինքն է մաքրելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter