HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զինծառայողը դատապարտվում է առանց պաշտպանի

28_09-courtԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի N զորամասի շարքային զինծառայող Արմեն Մանուկյանն այս տարվա մայիսի 26-ից մինչեւ հունիսի 5-ը ինքնակամ լքել է զորամասը ու գնացել տուն: Արմենը վերադարձել է զորամաս, սակայն, մի քանի օր անց` հուլիսի 13-ից մինչեւ ամսի 31-ը կրկին ինքնակամ լքել է զորամասը, բայց այս անգամ նրան բերման են ենթարկել ռազմական ոստիկանները:

Արմենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Այս հոդվածը նախատեսում է կալանք` առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ պահել կարգապահական գումարտակում` առավելագույնը 1 տարի ժամկետով: Հուլիսի 13-ին Արմեն Մանուկյանը ցուցմունք է տվել, որ զորամասն ինքնակամ լքելով զինվորական ծառայությունից հրաժարվելու նպատակ չի ունեցել եւ համաձայն է ծառայությունը շարունակել ցանկացած զորամասում, բացի` Ճամբարակից: Օրեր անց, հուլիսի 31-ին, ռազմական ոստիկանությունում Արմեն Մանուկյանն արդեն գրավոր հայտարարություն է արել, որ ընդհանրապես հրաժարվում է զինվորական ծառայությունից: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանի նախագահությամբ, Ճամբարակ քաղաքի N զորամասում սեպտեմբերի 23-ին քննվեց Ա. Մանուկյանի քրեական գործը: Արմենին բացատրվեց իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները: Դատավորը ամբաստանյալին բացատրեց նաեւ, որ պաշտպան ունենալու իրավունք ունի, սակայն Արմենը հրաժարվեց պաշտպանից: Նա միջնորդել էր, որպեսզի դատաքննությունն անցնի արագացված ընթացակարգով, բայց քանի որ արագացված դատաքննության ժամանակ պաշտպանի ներկայությունը պարտադիր է` դատավորը մերժեց միջնորդությունը: Արմեն Մանուկյանը դատաքննության ժամանակ կրկին հայտարարեց, որ ընդհանրապես հրաժարվում է զինվորական ծառայությունից: Մեղադրող Գարիկ Հայրապետյանն էլ հայտարարեց, որ Արմենը նախաքննության ժամանակ ծառայությունից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել եւ դատարանում է հայտնում այդ մասին եւ խնդրեց արարքը վերաորակելու եւ նոր հոդվածով մեղադրանք առաջադրելու համար հետաձգել դատական նիստը: Դատավոր Ս. Մանուկյանը հիշեցրեց, որ Արմենն առաջին անգամը չէ, որ զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին հայտարարություն է անում: Դատավորը մեղադրողին հիշեցրեց Արմենի հուլիսի 31-ի գրավոր հայտարարությունը: Այնուամենայնիվ, նիստը հետաձգվեց 15 րոպեով: Դատավորը ընդմիջումից հետո հայտարարեց, որ առանց նիստը հետաձգելու հնարավոր չէ արարքը վերաորակել եւ նոր մեղադրանք առաջադրել, ուստի դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 21-ը: Նշենք, որ ամբաստանյալ Արմեն Մանուկյանին դատարան էին բերել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա բավականին անխնամ տեսք ուներ, նույնիսկ սափրված չէր: Դատաքննությունը տեղի ունեցավ զորամասի դահլիճում շարքային զինծառայողների մասնակցությամբ: Հրամանատարները նույնիսկ հարկադրաբար էին զինվորներին բերում դահլիճ, հավանաբար, այդ կերպ ցանկանալով «դաս» տալ շարքայիններին, որ նույնն իրենց հետ կկատարվի, եթե որոշեն լքել զորամասը: Տեսարանը բավականին ճնշող էր, քանի որ դահլիճում նստած էին նաեւ Արմենի ընկերները եւ հեռվից աչք-ունքով ողջունում էին իրար: Դատաքննությունից հետո, մինչեւ Արմենին կտանեին «Նուբարաշեն», մի քանի զինվոր մոտեցան նրան ու սկսեցին շփվել իրենց ընկերոջ հետ: Նրանցից մեկը նույնիսկ հիշեց, թե ինչպես է Արմենի հետ մի քանի օր «կուբախտ» նստել: Դատավարությանը ներկա չէին Արմենի հարազատներըգ, կարծես նրանց չէր էլ հետաքրքրում, որ իրենց 19-ամյա տղան քրեորեն պատժելի արարք է կատարել ու նրան ազատազրկում է սպասվում: Մեղադրյալ Ա. Մանուկյանի դեմքին նույնպես մտահոգություն չէր նկատվում: Նշենք, որ Արմենը պաշտպանի ծառայություններից հրաժարվել է նաեւ նախաքննության ընթացքում: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը չի ցանկացել պաշտպան ունենալ: «Ես չեմ ուզել, թե չէ քննիչն ինչ գործ ունի, որ ինձ ասի` պաշտպան ունենամ, թե` չէ»,- ասաց Արմենը: Ըստ նրա, պաշտպան ունենալու իմաստ չկար, քանի որ միեւնույն է` ոչինչ չէր փոխվելու: «Գիտակցելո՞վ ես հրաժարվել պաշտպանից, թե՞ ինչ-որ մեկի հարկադրանքով ես հրաժարվել»,- հարցրի Արմենին: «Եթե չգիտակցեի` չէի հրաժարվի: Նախաքննության ժամանակ պաշտպանի ներկայությամբ եմ հրաժարվել: Անունը Անի Գալստյան էր»,-պատասխանեց Ա. Մանուկյանը: Թեեւ գործում առկա էր Անի Գալստյանի արտոնագրի պատճենը, սակայն Արմենն այդպես էլ չգիտեր, հրավիրվածը հանրային պաշտպան էր, թե՞ վճարովի: «Նման բաներից գլուխ չեմ հանում, ոնց որ ասեցին հանրային պաշտպան է: Եսիմ` չգիտեմ»,- ավելացրեց Արմենը: Նշենք, որ փաստաբան Անի Գալստյանը հանրային պաշտպան չէ եւ քննիչն իրավունք չուներ նրան հրավիրել պաշտպանությունն իրականացնելու համար: Նրան կարող էին հրավիրել միայն Արմենի հարազատները` վճարովի հիմունքով, պայմանագիր կնքելուց հետո միայն եւ, բնականաբար, այդ դեպքում զինծառայողը չէր հրաժարվի նրա ծառայությունից: Արմենից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու է նախաքննության ընթացքում ասել, որ ծառայությունը կշարունակի ցանկացած զորամասում, բացի Ճամբարակից, եւ ինչու դատարանում ընդհանրապես հրաժարվեց ծառայելուց: «Դե, սկզբում էդպես ասեցի մտածելով, որ մեղմ կվերաբերվեն, բայց ոչ մի ձեւ ինչ չվերաբերվեցին, դրա համար էլ որոշեցի հրաժարվել ծառայությունից: Հենց սկզբից էլ չեմ ուզել բանակ գամ` զոռով են բերել»,- պատասխանեց Արմենը: Նա չպատասխանեց իմ հաջորդ հարցին` արդյոք զորամասում իրեն նեղացրե՞լ են կամ` ճնշել: Նշենք, որ դատաքննությանը մեր մասնակցությունը ամենեւին էլ դատարանի ու զորամասի անձնակազմի «սրտով» չէր: Մինչեւ զորամաս գնալը, դատական կարգադրիչների միջոցով փոխանցեցինք դատավորին, որ լուսաբանելու ենք նիստը: Դատավոր Ս. Մանուկյանն էլ փոխանցեց, թե նիստին մեր ներկայության հարցը պետք է որոշի զորամասի հրամանատարությունը, քանի որ դատաքննությունն այնտեղ է ընթանալու: Զորամասի հրամանատարությունը տվեց իր համաձայնությունը, որպեսզի նիստին ներկա գտնվենք, սակայն քաղաքացիական հագուստով ոմն Աշոտ սկսեց ճնշել այն զինվորին ով ինձ ուղեկցում էր նիստերի դահլիճ: «Արա, դու ինձ զեկուցե՞լ ես, թե ով ա գալի ներս, որ թողել ես ներս մտնի»,- զինվորին զայրացած ասում էր Աշոտը: Զինվորը փորձում էր արդարանալ, որ հրամանատարը տեղյակ է եւ նա է թույլ տվել, որպեսզի լրագրողը ներկա լինի նիստին: «Չգիտեմ ով ա ասել, ինչ ա արել, բայց առաջինը ես պտի իմանայի դրա մասին: Հենա ասա էթամ տուն էլի, էլ ինչ եմ անում ստեղ»,- շարունակեց բարկանալ Աշոտը: Հետո նա մոտեցավ ինձ ու փորձում էր բացատրել, որ «կարգն է այդպիսին»: Այդ ընթացքում Աշոտը ինչ որ մարդկանց հետ էր խոսում, որպեսզի որոշեն` լրագրողին թույլ տա՞ն մասնակցի դատավարությանը, թե` ոչ: 10 րոպե անց թույլատրեցին բարձրանալ դահլիճ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter