HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անտառուտի բժիշկը հիվանդներին ընդունում է երկաթյա տնակում տեղավորված համայնքապետարանում

28_09-antarutԱյս լուսանկարը տեսնելով` դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ սա համայնքապետարան է ու այստեղ Հայաստանի Հանրապետության անունից տեղական ինքնակառավարում է իրականացվում: Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի կենտրոնում տեղադրված երկաթյա տնակը տեսնելով` սկզբում մտածեցի, թե անապահով ընտանիքներից մեկի տունն է, մանավանդ, որ ո'չ դրոշակ կար կախված, ո'չ էլ` համայնքապետարանի անունը հուշող ցուցանակ:

Գյուղացիները կատակով ասում էին, թե իրենց համայնքապետարանը խեղճ է` ինչպես իրենք: Անտառուտը գտնվում է Բյուրականի վերեւի, իսկ մարզի` վերջնամասում: Անտառուտը մինչեւ 1991 թ. եղել է Բյուրական համայնքի կազմում, սակայն 18 տարի է առանձնացրել են, ու հիմա բնակչությանը սպասարկող ոչ մի կառույց գյուղում չկա, ամեն ինչ մնացել է Բյուրականում: Գյուղը չունի ոչ միայն համայնքապետարանի շենք, այլեւ  բուժկետ ու մանկապարտեզ: Աստված մի արասցե, եթե անտառուտցիներից մեկը «համարձակվի» հիվանդանալ, նրան պետք է տանեն Բյուրական գյուղ` 3-4 կիլոմետր հեռու, քանի որ ամբուլատորիան այնտեղ է: Կամ էլ` հիվանդը պետք է սպասի, թե երբ է գալու հինգշաբթի օրը, որ Բյուրականից բուժքույրը գա Անտառուտ եւ հետաքրքրվի հիվանդի առողջականով: Թեեւ շաբաթը մեկ անգամ բժշկուհին Անտառուտում հիվանդների ընդունելություն է կազմակերպում, սակայն ոչ մի հիվանդ չի գնում: Իսկ «պրոֆիլակտիկ» ստուգման չգնալու պատճառն այն չէ, որ անտառուտցիներն առողջական խնդիրներ չունեն: Բժիշկը հիվանդներին ընդունում է համայնքապետարան համարվող երկաթյա տնակում: Ոչ մի հիվանդ իրեն թույլ չի տա բուժզննում անցնել մի սենյակում, որտեղ եւ' բժիշկն է նստում, եւ' համայնքապետը, եւ' այլ աշխատակիցներ: Այստեղ էլ խիստ հարաբերական է ասված «բուժզննումը»: Անտառուտ ժամանած բժիշկը լավագույն դեպքում կարող է հիվանդի ճնշումը չափել, սրտի ու թոքերի աշխատանքը լսել ու դեղ նշանակել: Բժիշկն այլ բան չի կարող անել, քանի որ իր հետ ունենում է միայն «ֆարենդասկոպ»: 28_09-antarut-1Բյուրականի ամբուլատորիայի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ բժշկի ընդունելության օրերին ոչ ոք նրան չի մոտենում: «Գիտեք, ես հասկանում եմ հիվանդներին, որովհետեւ դա ոչ թե ամբուլատորիա է, այլ համայնքապետարան»,- ասաց Ռ. Հարությունյանը: Տնօրենը պատմեց, որ սկզբում իրենք հիվանդներին ընդունել են անտառուտցիներից մեկի տան` վարձակալությամբ վերցրած սենյակներից մեկում, սակայն տանտերն այլեւս չի ցանկացել իր տունը վերածել հիվանդանոցի եւ ամբուլատորիայի հետ խզել է պայմանավորվածությունը: «Բազմիցս դիմել եմ գյուղապետին, որ հիվանդների ընդունելության համար սենյակ հատկացնի, բայց պատասխան չկա»,-ավելացրեց Ռ. Հարությունյանը: Անտառուտի համայնքապետ Սամվել Հովհաննիսյանն էլ ասաց, թե համայնքապետարանը ֆինանսական միջոցներ չունի ամբուլատորիա կառուցելու համար: «Ես հիմա նույնիսկ գյուղապետարանի շենքի մասին չեմ մտածում, ինձ ավելի շատ գյուղի գազիֆիկացումն է հետաքրքրում»,- պատճառաբանեց համայնքապետը: 273 բնակիչ ունեցող Անտառուտում խնդիրներն այնքան շատ են, որ դրանք անվերջ կարելի է թվարկել: «Չկա, չունենք» արտահայտությունը մտել է յուրաքանչյուր անտառուտցու առօրյա: Անտառուտը չունի ոռոգման ջուր, այդ պատճառով էլ չեն մշակվում սեփականաշնորհված հողերը: 28_09-antarut-2«Գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, եւ օգտվում ենք միայն ձնհալի ու անձրեւաջրերից: Այդ ջրերով գյուղացիները ոռոգում են մինչեւ հուլիս ամիսը, որից հետո սպասում են անձրեւի գալուն: Եթե ոռոգման ջրի հարցը լուծվի, լավ կլինի, որովհետեւ բավականին սեփականաշնորհված հողեր ունենք, որոնք չեն մշակում հենց այդ պատճառով: Գոնե ժողովուրդն այդ հողերով իր տարվա հացի 60-70 տոկոսի հարցը կլուծի»,- նշեց Ս. Հովհաննիսյանը: Անտառուտն ունի 221 հա հող, որից շուրջ 50 հա սեփականաշնորհված հողերը, ջուր չլինելու պատճառով, որպես խոտհարք են օգտագործվում: Տնամերձ հողերը ոչ լրիվությամբ, սակայն մշակվում են: Արոտավայրերի սակավության պատճառով Անտառուտում քիչ-քիչ վերանում է անասնապահությունը, որովհետեւ ձմռան համար խոտ գնելու հնարավորություն գյուղացիները չունեն, իսկ ամռանն էլ անասուններին պահելու տեղ չկա: Ինչ վերաբերում է գազիֆիկացմանը, ապա այստեղ էլ պետությունը «ձեռքերը լվացել է», մի կողմ քաշվել: Համայնքապետարանի միջոցներով միջին ճնշման մոտ 550 մետր երկարությամբ գազատար է անցկացվել, սակայն գումար չլինելու պատճառով աշխատանքները դադարեցվել են: «Օգնության խնդրանքով դիմել ենք Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, դեռ պատասխան չենք ստացել: Չգիտենք էլ` կլինի, թե ոչ: Եթե մոտ 500 մետր խողովակ ձեռք բերենք, կարող եմ ասել, որ գյուղի 50%-ի գազիֆիկացման հարցը կլուծվի, ինչը մեծ օգուտ է գյուղացիների համար: Եթե կառավարությունը չօգնեց, հակառակ դեպքում պետք է մեր միջոցներից ներդրում անենք, բայց էլի մինչեւ վերջ մեր ուժերով չենք կարող անել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Վատ վիճակում են նաեւ գյուղի ճաբնապարհները: Դրա համար նույնպես գումարներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter