HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացուն մահացած են ճանաչել ու գնել նրա տունը

28_09-b_hakobyanԱրմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Բաղդասար Հակոբյանը «Հետքի» խմբագրություն եկավ իր մահվան վկայականը ձեռքին: Սկզբում մտածեցինք, թե կատակ է, բայց պարզվեց` իրական մի պատմություն է այն մասին, թե ինչպես են պաշտոնատար անձինք կեղծում փաստաթղթեր եւ մնում անպատիժ:

Բաղդասար Հակոբյանի պատմելով` 1999-2005 թթ. Ակնաշենի համայնքապետ Կամո Մարտիրոսյանը, 2004 թվականի ապրիլի 23-ին հանցավոր համաձայնության գալով իր հարեւան Սամսոն Հակոբյանի հետ եւ օգտվելով Հայաստանից իր բացակայության հանգամանքից, Էջմիածնի նոտարական գրասենյակ ներկայացնելու համար կեղծ տեղեկանք է տվել, որ «Բաղդասար Ռազմիկի Հակոբյանը մինչեւ մահը` 17.04.2004 թ., մշտապես բնակվել է Ակնաշեն գյուղում մոր հետ նույն տանը: Նրա մահից հետո ժառանգական գույքը փաստացի տիրապետում է մայրը` Ռայա Հակոբյանը: Տանը անչափահաս անաշխատունակ անձինք չկան»: Այդ տեղեկանքը ներկայացվել է Վաղարշապատի նոտարական գրասենյակ, եւ Ռայա Հակոբյանը ստացել է ժառանգություն` դառնալով տան միակ սեփականատերը: Ակնաշենի համայնքապետ Կամո Մարտիրոսյանը 22.03.04 թ. տվել է ըստ պահանջի եւս մեկ կեղծ տեղեկանք այն մասին, որ «Բաղդասար Ռազմիկի Հակոբյանը գրանցված է Ակնաշեն գյուղում, սակայն շուրջ 15 տարի է բացակայում է գյուղից»: Տեղեկանքը ներկայացվել է Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարան, եւ դատարանը 02.04.2004 թ., դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Բաղդասար Հակոբյանին ճանաչել է մահացած: Ուշագրավն այն է, որ որպես վկա դատարանում հանդես է եկել նաեւ կեղծ տեղեկանք վերցրած Սամսոն Հակոբյանը: Մահվան վերաբերյալ ակտը 21.04.04 թ. գրանցվել է Էջմիածնի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳ): ՔԿԱԳ այդ ժամանակվա պետ Գայանե Խուբեսերյանը եւս կեղծ գրառում է արել մահվան ակտում, թե իբր Բաղդասար Հակոբյանը երբեք ամուսնացած չի եղել: Մինչդեռ 15.12.08 թ. Էջմիածնի ՔԿԱԳ ներկայիս պետ Անահիտ Դանիելյանը տեղեկանք է տրամադրել, որը հաստատում է Բ. Հակոբյանի ամուսնացած լինելը: Նշված կեղծ տեղեկանքները ծառայել են մեկ նպատակի` առանց Բ. Հակոբյանի համաձայնության վաճառել Ակնաշեն գյուղում համատեղ սեփականությամբ Ռայա եւ Բաղդասար Հակոբյաններին պատկանող տունը: Այդպես էլ եղել է: 05.05.2004 թ. Ռայա Հակոբյանը 6500 դոլարով տունը վաճառել է տեղեկանքներ ստանալու հարցում իրեն «օգնած» Սամսոն Հակոբյանին: Նա էլ իր հերթին 01.11.2004 թ. տունը վաճառել է իր ընկերոջը` Վահան Խաչատուրյանին: Բաղդասար Հակոբյանը «Հետքին» պատմեց, որ մայրը տեսողությունից թույլ է եղել, եւ Սամսոն Հակոբյանը, օգտվելով այդ հանգամանքից, փաստաթղթեր է ստորագրել տվել: «Ամբողջը կեղծիք է, որ ես իբր 15 տարի բացակայել եմ գյուղից, եւ իմ գոյության մասին ոչ ոք չի իմացել: Մորս, քրոջս միշտ գումար եմ ուղարկել Սվերդլովսկից: 2008 թ. մորս աչքերի վիրահատման համար նույնպես գումար եմ ուղարկել: Մինչեւ 1999 թվականը գյուղում եմ եղել: Հետո նորից գնացել եմ Հայաստանից ու ետ եմ եկել 2008 թվականին»,- պատմում էր Բ. Հակոբյանը: Նրա ասելով` 2004 թ. Եկատերինբուրգ քաղաք իր մոտ է եկել հորեղբոր որդին` Սանասար Պողոսյանը: Նրա անունով լիազորագիր է տվել, որպեսզի Հայաստանում իր համար նոր անձնագիր հանի (անձնագիրը կորցրել էր), սակայն վերադառնալով Հայաստան` Ս. Պողոսյանը նրա հետ կապ չի հաստատել ու անձնագրի հարցերով չի զբաղվել: Բաղդասար Հակոբյանն առանց անձնագրի Հայաստան է եկել 2008 թ.` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան օգնությամբ: 2008 թ. սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաղդասար Հակոբյանի դիմումի հիման վրա վերացրել է նույն դատարանի 02.04.2004 թ. վճիռը, որով Բ. Հակոբյանը մահացած էր ճանաչվել: Նշենք, որ Սանասար Պողոսյանի քույրը` Աստղիկ Պողոսյանը, նույնպես մասնակցել է կեղծ տեղեկանքներ ձեռք բերելուն, քանի որ այդ ժամանակ եղել է Ակնաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ իր ստորագրությունն է դրել տեղեկանքների տակ: Կամո Մարտիրոսյանի նկատմամբ 05.11.2008 թ. հարուցվել էր քրեական գործ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 314-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք, որը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից), եւ այս տարվա հունվարի 30-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գ. Մազմանյանի նախագահությամբ, նրան դատապարտել է ազատազրկման` մեկ տարի ժամկետով, զրկելով նրան մեկ տարի զբաղեցնել պետական պաշտոններ: Սակայն դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան: Դատարանն ապացուցված է համարել, որ Աստղիկ Պողոսյանը կեղծ տեղեկանքները կազմել եւ ստորագրել է Կամո Մարտիրոսյանի կարգադրությամբ: Կատարված արարքի համար Կ. Մարտիրոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանը, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ Կամո Մարտիրոսյանը զղջում է կատարվածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է հանցագործության բացահայտմանը, նախկինում դատված չի եղել եւ այլն: Հաշվի առնելով Կամո Մարտիրոսյանի գույքային դրությունը, վատառողջ լինելը, բուժման մեջ գտնվելը, չաշխատելը, անվճարունակ լինելը` դատարանը գտել է, որ նպատակահարմար չէ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձեւով: Դատարանի կողմից դիտված այս մեղմացնող հանգամանքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Կամո Մարտիրոսյանը գյուղում չքավոր կյանքով չի ապրում, առավել եւս` չի կարող համարվել անվճարունակ: Ակնաշեն գյուղում նա ունի ձկնաբուծարան, հողեր, հսկայական անասնագոմեր եւ այլն:

Ըստ դատախազի` «հիշողության հենքով» տրվածը կեղծիք չէ

Բաղդասար Հակոբյանը մի քանի անգամ գրավոր դիմել է Արմավիրի մարզի դատախազ Հ. Ղարախանյանին` նշելով, որ հարեւան Սամսոն Հակոբյանն իր մահվան մասին կեղծ տեղեկանք է ներկայացրել Վաղարշապատի ՔԿԱԳ գրասենյակի նախկին պետ Գայանե Խուբեսերյանին եւ ստացել մահվան կեղծ վկայական` միանշանակ նշելով ամուսնացած չլինելու կեղծ փաստը: «Սամսոն Հակոբյանն անօրինական ճանապարհով ձեռք բերելով նշված կեղծ տեղեկանքը` ապօրինաբար տիրացել է իմ սեփականությանը: Խնդրում եմ կեղծ տեղեկանք տալու համար Գ. Խուբեսերյանին եւ տեղեկանքն օգտագործելու համար Սամսոն Հակոբյանին պատասխանատվության ենթարկել»,- նշված է դատախազին ուղղված գրությունում: 10.08.2009 թ. Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Կարապետյանը, պատասխանելով գրությանը, հայտնել է, որ Բ. Հակոբյանի դիմումը քննարկվել է դատախազությունում: Ավագ դատախազը տեղեկացրել է, որ Ակնաշեն համայնքի նախկին ղեկավար Կամո Մարտիրոսյանը դատապարտվել է, իսկ Սամսոն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը 27.12.2008 թ. որոշմամբ կարճվել է` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հիշյալ քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է նաեւ Վաղարշապատի տարածքային ՔԿԱԳ գրասենյակի նախկին պետ Գ. Խուբեսերյանը եւ պարզվել է, որ 2004 թ. ընթացքում ՔԿԱԳ գրասենյակում Բ. Հակոբյանի մահվան վերաբերյալ ակտում գրանցում կատարելիս վերջինիս ամուսնացած չլինելու մասին նշումը պայմանավորված է եղել Ս. Հակոբյանի բանավոր հայտարարությամբ` նրա հիշողության հենքով, իսկ Գ. Խուբեսերյանը կեղծիք կատարելու դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություն չի հաստատել»,- ասված է ավագ դատախազ Ա. Կարապետյանի գրության մեջ: Թեեւ իրավապահ մարմինները Սամսոն Հակոբյանի արարքում հանցակազմ չեն գտել, սակայն ակնհայտ է, որ նա շահագրգռված է եղել Բաղդասար Հակոբյանին մահացած ճանաչելու եւ նրա բնակարանը գնելու հարցում, ինչը հաշվի չեն առել: Ինչ վերաբերում է Գայանե Խուբեսերյանի այն վկայությանը, թե ամուսնացած չլինելու մասին տեղեկությունը պայմանավորված է եղել Սամսոն Հակոբյանի «բանավոր հայտարարությամբ` նրա հիշողության հենքով», ապա պաշտոնատար անձը` ի դեմս Գ. Խուբեսերյանի, պետության անունից փաստաթուղթ ստորագրելիս չպետք է հույսը դնի բանավոր հայտարարությունների վրա, մանավանդ, որ այդ տեղեկությունը ճշտելը հնարավոր էր, քանի որ արխիվային փաստաթղթերն իրենց մոտ են պահվում: Բաղդասար Հակոբյանը հայց էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Սամսոն Հակոբյանի, Վահան Խաչատուրյանի եւ Վաղարշապատի տարածքային նոտար Վ. Ղարիբյանի` ըստ օրենքի ժառանգության վկայագիրը, առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու եւ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Այս տարվա հուլիսի 16-ին պետք է հրապարակվեր վճիռը, սակայն դատավոր Նաիրա Գրիգորյանը 16.07.2009 թ. որոշել է, որ «գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ պարզելու համար» գործի վարույթը պետք է վերսկսել: Մինչ օրս դատական գործընթացը շարունակվում է, եւ դեռ չեն ճշտվել «գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքները»: Բաղդասար Հակոբյանի կարծիքով` դատարանը դիտմամբ է գործընթացը երկարաձգում: Սեպտեմբերի 10-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմը ներկայացրել էր պատասխան գրություն, ինչի մասին հայցվորը տեղյակ չէր: Այնպիսի տպավորություն ստացանք, որ դատական նիստը «վերահսկում» է ոչ թե նիստը նախագահող դատավոր Նաիրա Գրիգորյանը, այլ նիստերի քարտուղար Նարինե Գրիգորյանը: Նիստերի քարտուղարն էր նաեւ որոշում, թե լրագրողը դատաքննության ընթացքում լուսանկարելու իրավունք ունի՞, թե` ոչ: Նաիրա Գրիգորյանը, խորհրդակցելով նիստերի քարտուղարի հետ, որոշեցին, որ նիստերի դահլիճում լուսանկարել չի կարելի: «Կարծում ենք` սիրուն չի լինի լուսանկար անելը»,- պատճառաբանեց դատավորը: Նա մեկ այլ «նորույթ» էլ էր սահմանել: Պահանջեց ներկայացնել լրագրողական վկայականի պատճենը` ասելով, թե պետք է ներկայացնի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանին: «Դե լավ, եթե չեք ուզում` մի տվեք»,- հայտարարեց դատավորը, երբ ասացի, որ պատճենը տրամադրելը օրենքով սահմանված պահանջ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter