HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Օտարված» քաղաքացիներն` ընդդեմ ՀՀ կառավարության

28_09-shenqԱնարդար վճիռների հետեւանքները «կրում է» պետական բյուջեն

Երեւանի կենտրոնում գտնվող Տերյան 11 շենքը կիսաքանդված վիճակում է: Շենքի նախկին որոշ բնակիչներ պայմանագրեր են կնքել «Դվին կոնցեռն» կառուցապատող կազմակերպության հետ եւ լքել իրենց տները, որից անմիջապես հետո կառուցապատողը քանդել է դրանք:

Իսկ շենքի այն բնակիչները, որոնք չեն հավատացել կառուցապատողի խոստումներին, այժմ ապրում են չորս կողմից քանդված շենքում: «Մենք շատ վատ վիճակում ենք հայտնվել, որովհետեւ հարեւանների բնակարանները քանդել են, մենք մնացել ենք կիսափլատակի տակ: Տներից մեկի քանդման ժամանակ ջրի խողովակը պայթեց, մենք մնացինք առանց ջուր, բայց մեր տունը սա է, ոգւր գնանք»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Տերյան 11 շենքի բնակիչ Թերեզա Գալստյանը: Կառուցապատողը 2-րդ բնակարանում ապրող Թերեզային եւ նրա մորն առաջարկել է նույնպիսի բնակարան հետագայում նրանց շենքի տեղում կառուցվելիք բարձրահարկ շենքում: «Մենք ի սկզբանե չենք համաձայնել իրենց առաջարկած պայմաններին, եթե համաձայնեինք, հիմա մեր հարեւանների նման փողոցում կհայտնվեինք: Նրանց համոզեցին-խաբեցին, թե ամեն մեկիդ 5 քմ ավելի կտանք, նրանք էլ դուրս եկան իրենց տնից»,- պատմում է Թերեզան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող 60 քմ սեփականության դիմաց Թերեզային առաջարկել են 45.000 ԱՄՆ դոլար: «Մենք չէինք կարող այդ գումարով կենտրոնում բնակարան գնել, իրենց ասել ենք` կամ տվեք մեր բնակարանին համարժեք տուն, կամ` այնքան գումար, որ կարողանանք կենտրոնում տուն գնել»,- ասում է Թերեզան: Այս ընտանիքին կարելի է հաջողակ համարել, քանի նրանց բռնությամբ չեն հանել իրենց բնակարանից, ինչպես շատերին:

Կորցնելով սեփականությունը` զրկվել են ընտրելու, կենսաթոշակ եւ նույնիսկ կրթություն ստանալու իրավունքից

Սեդրակ Բաղդասարյանի ընտանիքը 2005 թվականի դեկտեմբերի 25-ին դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից բռնի տեղահանվել է իր բնակարանից: «Դատարանը վճիռ էր կայացրել ոչ միայն մեր, այլեւ հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, որտեղ գրված էր` «բնակարանից վտարել», բայց ոգւր` դա դատարանին չէր հետաքրքրում: Ցուրտ ձմռանը մեզ երկու անչափահաս երեխաների հետ վտարեցին մեր տնից»,- հիշում է Սեդրակ Բաղդասարյանը: Նա չի մոռացել դատական նիստերից մեկը, որի ընթացքում դատավորը Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ներկայացուցչին հարցրել է, թե ինչու քաղաքացիներին նրանց տան տեղում կառուցվող շենքում բնակարան չեն առաջարկում: «ԾԻԳ-ի ներկայացուցիչը պատասխանեց` մենք չենք առաջարկել, չենք էլ պատրաստվում առաջարկել, որովհետեւ այդտեղ կառուցվում են էլիտար շենքեր էլիտար մարդկանց համար»,- պատմեց Ս. Բաղդասարյանը: 28_09-shenq-1 Բաղդասարյանների ընտանիքին դատավորը պարտավորեցրել է կնքել պայմանագիր, որով 77 քմ հողի վրա կառուցված 55 քմ սեփական տան դիմաց նրան տրվելու էր 23.249 ԱՄՆ դոլար, որից մուծելով 10 տոկոս եկամտահարկը` ընտանիքին մնալու էր մոտ 21.000 ԱՄՆ դոլար: «Մենք ոչ միայն մեր տունը կորցրինք, այլեւ մեր շարժական գույքը, որի մի մասը խոնավությունից փչացավ, մյուս մասը տեղափոխելուց վնասվեց: Սակայն ամենամեծ վնասը, որ մեզ հասցվել է, այն է, որ մեզ գրանցումից հանեցին առանց մեզ տեղյակ պահելու: Այժմ 37 քաղաքացիներ գրանցում չունեն եւ զրկված են ընտրելու, ընտրվելու, կենսաթոշակ ու նպաստ ստանալու, աշխատելու եւ կրթություն ստանալու իրավունքից: Գրչի մեկ հարվածով 37 քաղաքացիներին դարձրին բոմժ»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը: Նրա որդին` Տիգրանը, արդեն չափահաս է, սակայն մինչ օրս անձնագիր չունի, որի պատճառով կարող է զրկվել կրթություն ստանալու իրավունքից: «Տղաս ընդունվել է ինստիտուտ, որտեղից նրա անձնագիրն են պահանջում, իսկ նա անձնագիր չունի, քանի որ գրանցում չունի, մենք տուն չունենք, հիմա հնարավոր է, որ որդուս հեռացնեն ինստիտուտից»,- ասում է հայրը: «Մեզ համար մինչեւ օրս անհասկանալի է, թե մեր կառավարությունն ինչու՞ մեզ հետ այդպես վարվեց, ոգրն էր մեր մեղքը, գուցե այն, որ մենք կենտրոնու՞մ էինք ծնվել»,- հարցնում է սեփական տնից բռնի տեղահանված քաղաքացին: Սեդրակ Բաղդասարյանը այն 14 «օտարված» քաղաքացիներից է, որոնք, Հայաստանի դատական ատյաններում մերժվելով, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Առկա նախադեպերը թույլ են տալիս ասել, որ քաղաքացիների հայցերը կբավարարվեն

2007 թվականին ՀՀ կառավարությունը ստիպված եղավ բավարարել «օտարված» քաղաքացիներից մեկի` Գեւորգ Ճղերյանի պահանջը եւ պետական բյուջեից վճարեց նրան լրացուցիչ 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ճղերյանը դիմել էր Եվրոպական դատարան, եւ կառավարությունը, հասկանալով, որ քաղաքացու հայցը բավարարվելու է, համաձայնության եկավ նրա հետ եւ դրանով կանխեց Եվրոպական դատարանի վճռի ընդունումը: 28_09-shenq-2

2009 թվականի հունիսի 23-ին Եվրադատարանը որոշում է կայացրել սեփականությունից զրկված քաղաքացիներից մեկի հայցով: Դատարանը որոշել է, որ խախտվել է Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը: 2004-2005 թվականներին ապօրինաբար իրացվել է Բուզանդի 9 հասցեում գտնվող, Նելլի Մինասյանին պատկանող բնակարանը. ԱՄՆ-ում բնակվող Մինասյանը եւ նրա դուստրը չեն համաձայնել պետության առաջարկած փոխհատուցմանը, սակայն դատարանի միջոցով նրանց պարտադրվել է պայմանագիր կնքել: Հետագայում քաղաքացին ՀՀ դատարաններում չի կարողացել վերականգնել իր իրավունքները եւ դիմել է Եվրոպական դատարան, որն էլ հունիսի 23-ի որոշմամբ ՀՀ կառավարությանը 3 ամիս ժամանակ է տվել քաղաքացու հետ «հաշտվելու» համար: Այդ ընթացքում կառավարությունը պետք է Մինասյանին փոխհատուցում առաջարկեր: Երեկ լրացավ «հաշտվելու» վերջնաժամկետը, սակայն կառավարությունը որեւէ առաջարկ այդպես էլ չներկայացրեց սեփականության իրավուքնից ապօրինաբար զրկված քաղաքացուն: «Եթե հաշտությունը չի կայանում, Եվրոպական դատարանը որոշում է փոխհատուցման չափը եւ պարտադրում է կառավարությանը վճարել քաղաքացուն»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Նելլի Մինասյանի փաստաբան Լիզա Գրիգորյանը: Նելլի Մինասյանն ու Ելենա Սեմերճյանն իրենց հայցում որպես փոխհատուցում պահանջել են 200 հազար եվրո, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարի հայցն ամբողջությամբ, ապա տնտեսական ճգնաժամի պայմաններում դա մեծ հարված կլինի պետական բյուջեին: «Սա պարզապես աբսուրդ է, պետությունն իր քաղաքացուն չնչին գումար տալովգ զրկում է սեփականությունից, այն տալիս է մասնավոր կազմակերպության, որը 20 անգամ ավելի շահույթ է ստանում, իսկ Եվրոպական դատարանի վճռով` մեր հարկերից գոյացող պետական բյուջեից է փոխհատուցվում քաղաքացուն»,- ասում է փաստաբան Լիզա Գրիգորյանը:

Հ.Գ. Նելլի Մինասյանը զոհված ազատամարտիկի այրի է, դստեր հետ ԱՄՆ է տեղափոխվել տարիներ առաջ` հայրենիքում թողնելով սեփական բնակարան: Սակայն Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով` տեղեկացել է, որ իր տունը քանդել են, գույքն էլ փողոց են շպրտել: Մինասյանն ու նրա դուստրը չցանկացան զրուցել այս թեմայով, իսկ փաստաբանն ասաց, որ նրանք բացասական են տրամադրված հայրենիքի նկատմամբ եւ դեռ պարզ չէ` փոխհատուցում ստանալուց հետո կվերադառնա՞ն Հայաստան, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter