Արվեստագետի գործիքը սուր է դարձել իր դեմ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 15-ին Գոռ Հունանյանի գործով հերթական դատական նիստն էր, եւ փաստաբան Ռուզաննա Հովհաննիսյանը, ով այդ օրն էր ստանձնել 18-ամյա երիտասարդի պաշտպանությունը, դատարանին էր ներկայացնում իր պաշտպանյալի անձը բնութագրող գրություններ: Դրանք, ինչպես ներկայացրեց փաստաբանը, սովորական բնութագրեր չեն.
Սարուխան գյուղի երեք միջնակարգ դպրոցների տնօրենները, համայնքապետարանը, Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ գիտության ու կրթության նախարարությունը, տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպություններ, Սարուխան գյուղի բնակիչ, 18-ամյա Գոռ Հունանյանին` իբրեւ մարդու ու արվեստագետի, արժեւորել էին այնպիսի էպիտետներով, որոնցով շատ քիչ մարդկանց կբնութագրես: Վերը նշված հիմնարկությունների հետ Գոռի կապը հաստատվել է արվեստի միջոցով` փայտամշակում, կերամիկա, գեղանկար եւ այլն, որոնց ինքնուս արվեստագետը տիրապետել է դպրոցական տարիներից ու իր արվեստով մասնակից դարձել նրանց ձեռնարկած բազում միջոցառումներին, որոնք ավելի հաճախ բարեգործական են եղել: Գոռի գեղանկարներով ձեւավորվել է նաեւ «Կարմիր խաչի» օրացույցներից մեկը, դրանք ներկայացվել են բազում տեղական ու միջազգային մրցույթների, փառատոների, մրցանակներ են բերել հեղինակին, հրճվանք ու ուրախություն պատճառել նախաձեռնողներին:
Գոռը, ինչպես մեզ հայտնի դարձավ նրան տրված բնութագրերից, իր արվեստի շնորհիվ դպրոցական տարիներից ճանաչվել է հանրապետությունում, սակայն նյութական դժվարությունների պատճառով դպրոցն ավարտելուց հետո չի կարողացել ուսումը շարունակել բուհում: Այսօր նա դատական պատասխանատվության է ենթարկվում մի արարքի համար, որը «կատարել է» ակամայից. դպրոցը դեռեւս չավարտած 38 պատանիներ 2009 թ. ապրիլի 16-ին ծեծկռտուք են սկսել Գոռի, նրա եղբոր ու երկու ընկերների հետ, որում նա հայտնվել է կռվող կողմերին հաշտեցնելու նպատակով: Սակայն, անհավասար պայքարում դաժան ծեծի ենթարկված երիտասարդը հարկադրված է եղել ինքնապաշտպանության նպատակով օգտագործել փայտամշակման փոքրիկ դանակը, որ միշտ գրպանում է պահել: Ճակատագրական դանակը, որ միշտ նրան փառք ու պատիվ է բերել, այսօր սուր է դարձել իր դեմ` դրանով նա կռվի ժամանակ վնասել է մեկի պարանոցը: Դեպքից հետո Գոռը կալանքի է վերցվել, նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս):
«Դեպքի օրը տղաս Երեւանում էր: Ընկերները վիճաբանության են բռնվել եւ զանգել են, որպեսզի գնա հաշտեցնի: Ընդամենը 5 րոպեով մտավ տուն ու դուրս եկավ: Երեկոյան ընկերներից իմացա, որ դանակահարության դեպք է եղել: Փոքր տղաս էլ էր հետները, նրան էլ էին ծեծել, կոտրվածքներ ուներ: Քննիչները, օպերները գլխիս տակ փափուկ բարձ դրեցին, համոզեցին, որ չբողոքեմ»,- պատմում է Գոռի հայրը` Հունան Հունանյանը: Նախաքննության, ինչպես նաեւ դատավարության ժամանակ Գոռի շահերի պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի հանրային պաշտպան Վազգեն Նիկոլյանը, բայց 6 դատական նիստից հետո մեղադրյալի հայրը հրաժարվել է նրա ծառայությունից: Հ. Հունանյանը որդու շահերի պաշտպանությունը վստահել է փաստաբաններ Ռուզաննա Հովհաննիսյանին ու Ալվարդ Դաբաղյանին: «Զգում էի, որ գործը շուռ է գալիս: Ես էլ ծնող եմ, ինչպե՞ս կարող էի դա հանդուրժել»,-ասում է Գոռի հայրը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու է նյութական դժվարություններ ունեցող ընտանիքը հրաժարվել հանրային պաշտպանի ծառայությունից: Հունան Հունանյանի ասելով` հանրային պաշտպան Վազգեն Նիկոլյանը անցած 5 ամիսների ընթացքում ոչ մի անգամ մեկուսարան չի գնացել, Գոռի հետ առանձնատեսակցություն չի ունեցել անգամ դատարանում` դատական նիստերի օրերին: Դատական 6 նիստերի ընթացքում որեւէ միջնորդություն չի ներկայացրել: Քրեական գործը, որ հանրային պաշտպանը պետք է անվճար ստանար դատարանից, հանձնարարել է, որպեսզի Հ. Հունանյանն ինքը վերցնի դատարանից` վճարելով պատճենման համար: «Նախաքննության ընթացքում ոչ ես, ոչ էլ տղաս գործի նյութերին չենք ծանոթացել: Նիկոլյանն ինձ` որպես մեղադրյալի ծնող, ոչ մի խորհուրդ չի տվել, անգամ չի ասել, թե ինչ կարելի է անել: Ինձ ասում էր` դու գործերը կարգավորիր, տես, թե ինչ ես անում, մնացածը ես կանեմ: Թե մնացածը ո՞րն է, այդպես էլ չհասկացա»,- ասաց նա մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ: Հունան Հունանյանի խոսքով` գործով անցնող մոտ 40 մասնակիցներից միայն իր որդին է կալանքի տակ, ինչը, ըստ նրա, «ինչ-որ տեղ պայմանավորված է հանրային պաշտպանի ոչ սրտացավ վերաբերմունքով: «Էդ մարդը (հանրային պաշտպան Վ. Նիկոլյանը) ինձ ինչ ասում էր` անում էի. ամեն անգամ տարբեր թղթեր պատճենահանելու համար գումար էի տալիս: Բայց ոչ մի թուղթ էլ երեխայիս գործի համար օգտակար չեղավ: Գիտե՞ք, պատճառը փաստաբանի վճարովի կամ անվճար աշխատելու հանգամանքը չէ: Կարեւորն անհատի մոտեցումն է, մարդկային վերաբերմունքը»,- կատարվածից այս հետեւությանն է եկել Գոռի հայրը: Նոր դատապաշտպանների աշխատանքը հուսահատության մատնված Գոռի ծնողներին լավատեսություն էր ներշնչում: Իրենց պարտականությունը ստանձնելուն պես նրանք լծվել էին աշխատանքի եւ իրենց մասնակցությամբ առաջին իսկ դատական նիստում հանդես եկան մի շարք միջնորդություններով, որոնք հնարավոր է էականորեն փոխեն գործի ընթացքը: Փաստաբանները Գոռին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու իրենց միջնորդությունը հիմնավորելիս շեշտեցին, որ նախաքննական մարմինը պարտավոր էր առաջին հերթին այդ փորձաքննությունը կատարել, քանի որ բացառված չէ, որ դեպքի պահին Գոռ Հունանյանը եղել է հոգեկան խիստ հուզմունքի` աֆեկտի վիճակում: Այն հաստատվելու դեպքում առաջ է գալու մեղադրանքը վերաորակելու անհրաժեշտություն, որը զգալիորեն կմեղմացնի նրա պատիժը: Այս միջնորդությունը կարող էր նախաքննական մարմնին ներկայացնել նաեւ հանրային պաշտպանը, ինչպես նաեւ այն բնութագրերը, որոնք հավաքել էին ու դատարանին ներկայացրին պաշտպանները: Չէ՞ որ խոսքը շարքային հանցագործի մասին չէր, այլ նոր կյանք մտնող մի երիտասարդի, որն իր մարդկային հատկանիշներով ու ներկայացրած արվեստով հումանիզմ ու մարդասիրություն էր քարոզել գոնե իր հասակակիցների շրջանում:
Պապին Մուրադյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել