HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի վախեցրեք ինձ սարսափիկներով»

28_09-a_nalbandovԱյսպես է ասում Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը:

Ի թիվս վիրահայության հետ կապված այլ խնդիրների` նա անդրադառնում է նաեւ օգոստոսի վերջին Բավրայի (Հայաստան) սահմանամերձ շրջանի գյուղացիների հողատարածքների հետ կապված պատմությանը:

Հիշեցնենք, որ խոսքն առանց հայկական կողմի հետ որեւէ պայմանավորվածության` վրաց սահմանապահների կողմից սահմանային անցակետը հայկական տարածքի խորքը տեղափոխելու եւ գյուղացիներին (ՀՀ քաղաքացիներին) իրենց օրինական եւ սովորական հողատարածքներ թույլ չտալու մասին է:

Հարցազրույցը «Հետք»-ի խնդրանքով տեղի է ունեցել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի աջակցությամբ:

-Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ-ից։ Չնայած նրան, որ Մոսկվայում այդ քայլին արձագանքեցին բավական հանգիստ, որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ ռուսական, խոսում էին այն մասին, որ Կրեմլում կփորձեն փչացնել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները։

-Այդպիսի ցանկություն նրանք ունեն, բայց հնարավորություններն են քիչ։ Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը. «Ուրեմն, խմենք այն բանի կենացը, որպեսզի…»։ Նրանց ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում։ Ռուսաստանին չի հաջողվի փչացնել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Ահա մի մեջբերում Վրաստանի արտգործնախարարի ելույթից, որ նա ունեցավ, երբ փետրվարին մենք միասին Հայաստանում էինք. «Հայաստանի հետ Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ Մեր միջեւ չլուծված խնդիրներ չկան, իսկ առկա հարցերը լուծվում են, քանի որ կա անհրաժեշտ քաղաքական կամք»։

-Դուք հիմա սարսափելի արտահայտություն մեջբերեցիք։ Գործնականում նույն բանը Միխայիլ Սաակաշվիլին ասաց Դմիտրի Մեդվեդեւին անցյալ տարվա հունիսին, պատերազմից երկու ամիս առաջ։

-Դա իրականություն է։ Հայաստանին եւ Վրաստանին շատ բան է կապում։ Եթե ես սկսեմ թվարկել, դա մեզ շատ հեռու կտանի, բայց վերջին հաշվով մենք իրար կապված եւ իրարից կախված ենք, եւ որ ամենակարեւորն է` երկու երկրներն էլ շատ լավ հասկանում են դա։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ այն, որ երկու պետություններից որեւէ մեկի ունեցած կորուստն ավտոմատ ձեւով անդրադառնում է մյուսի վրա։ Դա երկկողմանի գործընթաց է, ուստի մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը լինի ուժեղ եւ բարգավաճող պետություն, եւ հակառակը` Հայաստանի շահերից է բխում իր կողքին ունենալ ուժեղ եւ բարգավաճող Վրաստան։ Կրկնում եմ՝ հարեւանների, բարեկամների եւ գործընկերների միջեւ միշտ ծագում են հարցեր, բայց թե հետո այդ իրադարձություններն ինչպե՞ս կզարգանան, կախված է նրանից, թե քաղաքական կամք կա՞ իրար ականջ դնելու, լսելու եւ լուծումներ գտնելու։ Այդպիսի քաղաքական կամք կա։

-Այդուհանդերձ, կա Սամցխե-Ջավախք, որտեղ կան խնդիրներ, որոնք կարող է օգտագործել Ռուսաստանը…

-Կարո՞ղ եմ ընդհատել ձեզ։ Վերաձեւակերպելով Մարկ Տվենի հայտի արտահայտությունը` կարող եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հնարավոր կտրուկ քայլերի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Իհարկե, Վրաստանի այդ շրջանում կան խնդիրներ, բայց դրանք հայտնի են, դրանք լուծվում են, եւ դրանք խնդիրներ են, որ բնորոշ են ողջ Վրաստանին։ Դրանք սոցիալ-տնտեսական խնդիրներ են։ Ինչպես հայտնի է, շրջանի առանձնահատկությունն այն է, որ այն ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ հայերի կոմպակտ բնակության վայր է։ Նույն առանձնահատկությունն ունի Վրաստանի մեկ այլ շրջան՝ Քվեմո- Քարթլին, բայց այնտեղ խոսքն ադրբեջանական փոքրամասնության մասին է։ Մեր՝ որպես պետության խնդիրն է, որ այդ շրջաններն ամբողջովին ինտեգրվեն Վրաստանի քաղաքական, իրավական, տնտեսական, մշակութային տարածություն։ Ներկա պահին հիմնականը վրացերեն լեզվի թույլ, անբավարար իմացությունն է եւ դրանով պայմանավորված՝ պետական կյանքին մարդկանց մասնակցության սահմանափակ հնարավորությունները։ Խնդիրը ձեւակերպված է, դրա մասին գիտեն բոլորը, դրանով զբաղվում են, լուծում են եւ, ի վերջո, կլուծեն։

-Իմիջիայլոց, լեզվի մասին։ Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի նախագահի նախաձեռնության մասին՝ Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։

-Ես մոտ 14 տարի զբաղվել եմ այդ խնդրով՝ աշխատելով մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում։ Տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան իմ թեմաներից մեկն էր։ Ուզում եք հավատացեք ասածիս, ուզում եք` ստուգեք։ Այդ Խարտիան ունի բացատրական հավելված, որտեղ հստակ ասված է, թե որն է հարցի էությունը։ Երբ Խարտիայի շրջանակում խոսվում է տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների մասին, ապա խոսքը լեզվի՝ որպես մշակութային երեւույթի մասին է, այն մասին, որ չպետք է թույլ տալ, որ տարածաշրջանային լեզուն անհետանա, որ պետք է հոգ տանել, որպեսզի այդ լեզուն շարունակի ապրել եւ ազատորեն օգտագործվել մասնավոր եւ հանրային կյանքում։ Ես հարցնում եմ՝ ելնելով այդ սահմանումից (դուք կարող եք ստուգել). հայերենին սպառնո՞ւմ է անհետացման վտանգը։ Ոչ։

-Բայց ենթադրենք, թե Վրաստանը համաձայնում է հայերեն լեզվին ինչ-որ կարգավիճակ տալուն։ Դա կապվա՞ծ է երկրի համար ինչ-որ ռիսկերի ու վտանգների հետ։

-Խոսք կարող է լինել միայն լեզվի նկատմամբ հիպոթետիկ վտանգի մասին։ Պաշտպանությունը, որ ապահովում է Եվրոպական խարտիան, վերաբերում է միայն լեզվին, այլ ոչ թե այն կրողներին։ Սա Եվրախորհրդի շրջանակային համաձայնագիրը չէ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին. սա ընդհանրապես մարդկանց հետ գործ չունի, այլ վերաբերում է լեզվին։

-Եւ չի՞ ենթադրում ոչ մի ինքնավարություն…

-Ի սեր Աստծո։ Լեզուն՝ որպես մշակութային երեւույթ, չպետք է անհետանա. ասենք` լապլանդերենը։ Ինչ վերաբերում է հայերենին, ապա այն Հայաստանի պետական լեզուն է, նրան չի սպառնում անհետացում։ Վտանգն ուրիշ տեղ է. եթե հիմա պատկերացնենք բացարձակապես հիպոթետիկ իրադրություն եւ ողջ գործավարությունը Սամցխե-Ջավախքում փոխադրենք հայերենի, իսկ Քվեմո- Քարթլիում՝ ադրբեջաներենի, ի՞նչ կունենանք արդյունքում։ Արդյունքում կունենանք Վրաստանի՝ հայկական եւ ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնք սկզբունքորեն չունեն երկրի պետական, քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն։ Մի շատ պարզ պատճառով. նրանք չեն իմանա վրացերեն լեզուն։ Ինտեգրման տեսանկյունից (կարող եք նայել ցանկացած փաստաթուղթ) լեզուն դիտվում է որպես հզոր ինտեգրող գործոն. չես իմանա լեզուն՝ չես կարող ինտեգրվել, չես ինտեգրվի՝ չես կարող կայանալ այս երկրում, չես կարող կայանալ՝ կուզենաս հեռանալ երկրից եւ կայանալ մեկ այլ երկրում։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Վրաստանը մնա առանց ազգային փոքրամասնությունների՝ այդ դեպքում եկեք գործավարությունը փոխադրենք հայերենի եւ ադրբեջաներենի։

-Այո, բայց դե-ֆակտո գործավարությունը Սամցխե-Ջավախքում այսօր էլ կատարվում է հայերեն լեզվով։

-Դա սկզբունքորեն ճիշտ չէ եւ չի կարող այդպես անվերջ շարունակվել.…

-Բայց այդ մարդկանց էլ կարելի է հասկանալ։ Նրանք ապրում են կենտրոնից կտրված գյուղերում, որտեղ 7-8 ամիս ձմեռ է։ Նրանք ոչ միայն չգիտեն վրացերեն, շատերը ռուսերեն էլ նորմալ չեն խոսում։

-Եթե մենք գնանք այդ ճանապարհով, նրանք ինքնակայացման հնարավորություն չեն ունենա։

-Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Թբիլիսիում վրացիների շրջանում նկատվում են տագնապի նշաններ. «Ահա, հայերը տարածաշրջանային լեզու են ուզում, վաղն էլ ինքնավարություն կպահանջեն…»:

-Ինչ վերաբերում է ինքնավարությանը՝ չպետք է դեմոնացնել տերմինները։ Ի՞նչ է ինքնավարությունը։

-Նայած ինչպիսի՝ տարածքայի՞ն, թե՞ մշակութային։

-Իսկ ի՞նչ է տարածքային ինքնավարությունը։ Ի՞նչ է այն նախատեսում։

-Մենք դա արդեն տեսել ենք Ցխինվալիի եւ Սուխումիի օրինակով։

-Դիմենք Վրաստանի Սահմանադրությանը։ Հոդված 38-ում մոտավորապես ասվում է. ազգային փոքրամասնությունները Վրաստանում ունեն հավասար իրավունքներ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կյանքում։ Դա առաջին պարագրաֆն է։ Երկրորդ պարագրաֆ. ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացումը չպետք է հակասի Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը։ Ես պատասխանեցի՞ Ձեր հարցին։

-Այո, դուք պատասխանեցիք, բայց իրականում ի՞նչ է կատարվում տարածաշրջանում։

-Վերջին հաշվով, դա խթանման եւ կողմնորոշման հարց է։ Եթե դու ուզում ես լինել Վրաստանի լիարժեք քաղաքացի, կարիերա անել, այս երկրում հասնել ինչ-որ բանի, ապա կսովորես վրացերեն լեզուն, կընդունվես Ժվանիայի անվան հանրային վարչարարության դպրոց, ձեռք կբերես առաջնորդի ունակություններ։ Իսկ եթե դու նման ցանկություն չունես, պատրաստվում ես ամբողջ կյանքդ ապրել այդ շրջանում՝ դուրս չգալով սեփական բակից եւ հարեւաններիդ հետ շփվելով հարազատ հայերեն լեզվով, քո գործն է։ Քեզ ընդհանրապես չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում Վրաստանում, վերջին հաշվով` քո նպատակն այստեղից հեռանալը եւ արտասահմանում բախտ փնտրե՞լն է։ Դա քո ընտրությունն է։ Պետությունը քեզ տալիս է լեզու սովորելու եւ ինտեգրվելու հնարավորություն՝ միաժամանակ ոչ մեկին ոչինչ չպարտադրելով։ Ես ծագումով հայ եմ։ Այնպես ստացվեց, որ ինձ մոտ առաջացան որոշակի հավակնություններ եւ ես ցանկացա այս կյանքում հասնել ինչ-որ բանի։ Ես կկարողանայի՞ ինչ-որ բանի հասնել, եթե չիմանայի վրացերեն լեզուն։ Հարցն առավելապես հռետորական է։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում։ 28_09-bavra

-Վերջին շրջանում ինտերնետում շատ է գրվում Բավրա բնակավայրի մոտ հայ-վրացական սահմանի վրա առկա լարվածության մասին, այն մասին, որ վրացի սահմանապահները մտել են Հայաստանի հողը…

-Ինչ-որ մեկը դուրս է եկել, ինչ-որ մեկը մտել է մի քանի մետր։

-Գրում են՝ 3 կիլոմետր։

-Կատակը մի կողմ։ Մենք այդ հարցերով կարող ենք զբաղվել՝ յուրաքանչյուր դեպքով առանձին, եւ դա կխլի շատ ժամանակ, ուժ, եռանդ, կամ էլ հարցը կլուծենք սկզբունքորեն։ Սա նշանակում է՝ որքան կարելի է շուտ ավարտել պետական սահմանի ճշգրտումն ու սահմանագծումը։ Աշխատանքի հիմնական մասն արդեն կատարված է։ Հենց որ այդ գործընթացն ավարտվի, կդադարեն բոլոր մտավարժանքները։

-Այո, բայց որոշ հայկական կայքերում ուղղակի գրում էին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հնարավորության մասին։

-Մի վախեցրեք ինձ սարսափիկներով։ Մեկ անգամ եւս կրկնեմ` մենք կիսելու բան չունենք, իսկ երկկողմանի, բազմակողմանի, տարածաշրջանային համագործակցության համար տարածություն Հայաստանն ու Վրաստանն ինչքան ասես ունեն:

Զրույցը` Դիանա Թոսունյանի (Թբիլիսի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter