HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արձանագրության մեկ կետը կարող է ավելի կարեւոր լինել, քան ամբողջ արձանագրությունը»

11_05-h_kharatyanՎերջին երեք շաբաթների ընթացքում ամենից շատ քննարկող թեմայի` հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների շուրջ զրուցեցինք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

-Արձանագրությունների հետ կապված` շատ անակնկալի չեմ եկել, որովհետեւ այդ մտադրությունը արդեն վաղուց մեր հասարակությանը հայտնի էր, եւ ընդհանուր առմամբ կարծես թե այն իր գլոբալ տեսքով շատ չի տարբերվում արդեն գրեթե 7-8 ամիս շրջող ուրվագծից, որի մասին մենք դատում էինք գլխավորապես թուրքական մամուլից:

Այն, որ հիմա մեր մամուլում ասում են, թե շատ անակնկալ էր այս ամենը, կարծում եմ` դա այդպես չէ. մենք սպասում էինք, տեղյակ էինք, որ ընթանում են այդպիսի քննարկումներ, եւ ընդհանուր առմամբ այն պրոտոկոլը, որն այսօր մեր ձեռքի տակ է, զգալի չափով համահունչ է դեռեւս ապրիլին թուրքական լրատվական աղբյուրներով արտահոսք եղած մտքերին: Իհարկե, պետք է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն, ցանկալի է, որ մենք ընդհանրապես մեր հարեւանների հետ չունենանք փակ սահմաններ: Նույնը ես Ադրբեջանի տարբերակում եմ ասում: Թուրքիան մեզ համար մի չեզոք երկիր չէ, որտեղ մեր խնդիրները կարեւորություն չստանան: Շատ բնական է, որ այդ հարաբերությունները մեր հասարակությունը դիտարկում է մի քանի տեսանկյունից: Ես ինքս էլ ունեմ որոշ մասնավոր կարծիքներ մտածելու, որ պետք է այդ հարաբերություները լինեն: Ամբողջ խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը բաց սահմանի խնդիր չէ: Այն ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների եւ դրանցից բխող այլեւայլ կամքի դրսեւորումների կամ հարաբերությունների որակի ձեւավորման փաստաթուղթ է: Ու ինձ շատ զարմացնում է, որ նույնիսկ այս փաստաթղթի հրապարակումից հետո շարունակվում է եթերով հնչեցվել, որ «մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների ենք հարաբերություններ հաստատում»: Կարծում եմ, որ փաստաթուղթը եւս մեկ անգամ լրացուցիչ փաստում է, որ նախապայմաններով է այս հարաբերությունների սկիզբը: Ճիշտ է` նախապայման բառն այստեղ չկա, բայց միակ բանը, որ որպես նախապայման հայերը ենթադրում էին, եւ հիմա չկա, դա այն է, որ այստեղ Ցեղասպանության խնդիրը չկա: Այո, մեր իշխանությունների կողմից մի քանի անգամ հայտարարված առանց նախապայմանների հարաբերություններ սկսելը նախ եւ առաջ նշանակում էր առանց Ցեղասպանության խնդիրը քննարկելու` հարաբերություններ սկսել: Մնացած բոլորը ֆոնային են: Այս փաստաթղթում չկա այդ նախապայմանը` Ցեղասպանության խնդրի քննարկում, եւ ընդհանրապես ինքը` որպես երեւույթ, փաստաթղթում որեւէ կերպ առկա չէ: Բայց այստեղ կան նախապայմաններ, եւ հասարակությունում շատերն արդեն դրանց շուրջ իրենց անհանգստությունն արտահայտել են: Մասնավորապես` հենց արդեն նախապայման է սահմանների ճանաչումը: Այս փաստաթղթում կարող էր մի ֆրազ լինել` բոլորովին մատնացույց չանելով եւ միայն ենթատեքստով, որ ենթադրենք, վերահաստատելով բոլոր պարտավորությունները` ցեղասպանություն թույլ չտալու, կամ դատապարտելուե: Մի՞թե ցեղասպանությունը պակաս հանցագործություն է, քան ահաբեկչությունը: «Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը, անգամ` դրանց պատճառները եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց եւ հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում...». գոնե այստեղ կարո՞ղ էր դատապարտվել ցեղասպանությունը: Հետո` բարձրացված բոլոր պարտավորությունները կարծես թե կասկածանք են Թուրքիայի կողմից` Հայաստանի հանդեպ: Հայաստանն է, որ առաջացնում է այդպիսի անհանգստություն` տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների: Մենք էլ ունենք տագնապներ, բայց դրանք արտահայտված չեն: Առաջանում են հարցեր, որոնց պատասխանը ես չունեմ, ու կարծում եմ` խնդիրը պետք է հասկանանք ու առաջ գնանք սրանով:

-Արձանագրությունների քննարկման համար վեց շաբաթ է նախատեսված, որոնցից երեքն արդեն անցել են: Ինչ-որ արդյունքներ գրանցվեցի՞ն այդ ընթացքում:

-Նախագահը հրավիրել էր խորհրդակցություն այս խնդրի շուրջ: Կարծում եմ` նախ քաղաքական ուժերն իրենք իրենց ներսում այս խնդրի շուրջ իրենց քննարկումներն արել են եւ դրանից մի քանիսն արդեն բարձրաձայնել են հասարակության առաջ: Եթե նախագահը հրավիրել էր այդպիսի քննարկում, կարծում եմ` դա մի քայլ էր` հասկանալու գոնե կուսակցությունների կարծիքը կամ դիրքորոշումը խնդրի շուրջ: Սակայն քննարկում դեռ չի նշանակում անպայման որոշում ընդունել: Չգիտեմ, թե այդ քննարկումը որքան կազդի թե' դեպքերի ընթացքի, թե' այս փաստաթղթի հետագա ճակատագրի վրա: Երկրորդ` հիմա ընթացքի մեջ են մամուլային քննարկումները, եւ նաեւ որոշ հասարակական նախաձեռնություններ կան` մամուլով արտահայտելու կարծիքը` հարցի վերաբերյալ: Օրերս լսեցի` մեր լրատվական թողարկումներից մեկն ինչպես ասաց. «արձանագրության առանձին կետերին դեմ լինելը դեռ չի նշանակում դեմ լինել հայ-թուրքական սահմանի բացմանը»: Ինձ համար սա տարօրինակ հարցադրում էր: Այս ձեւակերպումն ինձ մի փոքր մտահոգեց: Այսինքն` կարծեք թե պրոտոկոլը մի խնդիր է, սահմանների բացումն այլ խնդիր է, եւ եթե մեկը պրոտոկոլի առանձին կետերին դեմ է, ապա նա դեմ չէ սահմանի բացմանը: Կարծում եմ` շատ քիչ մարդիկ դեմ կլինեն սահմանի բացմանը, եւ այդ քիչ մարդիկ էլ Թուրքիայում կլինեն: Պրոտոկոլի առանձին կետերին դեմ լինելը չի նշանակում ամբողջ պրոտոկոլին դեմ լինել. եթե ես այսպես ձեւակերպեի խնդիրը, ապա դա իսկապես խորը անհանգստություն առաջացնող հարց է, քանի որ կարող է պրոտոկոլի մի կետն անհամեմատ ավելի կարեւոր լինել, քան ամբողջ պրոտոկոլն ինքը: Եվ եթե պրոտոկոլի մի կետին դեմ լինի հասարակության ճնշող մեծամասնությունը, ես կարծում եմ, որ դա իսկապես շատ կարեւոր խնդիր է, եւ շատ լավ կլինի, որ այն կետերը, որոնք անհանգստություն են առաջացնում, առանձին քննարկենք: Եվ մենք ի վերջո պետք է հասկանանք` որ կետերն են, որ ավելի լուրջ անհանգստություն են առաջացնում, եւ եթե մի կետ կա այս պրոտոկոլում, որը կարող է իր կարեւորությամբ գերակշռել այդ պրոտոկոլի բերած մնացած ամբողջ հնարավոր էֆեկտին, ապա իհարկե, դա շատ ավելի լուրջ խնդիր է:

-Ի՞նչ եք կարծում` հայ եւ թուրք հասարակությունները` ժողովրուդը, պատրա՞ստ են այս հարաբերություններին:

-Կարծում եմ` այո: Մինչեւ վերջին ժամանակներս ես կարծում էի, որ հատկապես Հայաստանի բնակչության մեջ կա շատ ավելի մերժողական վերաբերմունք: Հիմա էլ այն զգալի չափով կա, բայց կարծում եմ, որ հայ հասարակությունը կարող է հարաբերակցվել թուրք հասարակության հետ: Բայց սկսենք նրանից, որ սահմանի բացումը դեռեւս չի նշանակում շատ ակտիվ եւ արագ հարաբերակցում: Ի վերջո, դա Ռուսաստանը չէ, որտեղ մեր հասարկության ահռելի մասն է ապրում, եւ հայկական հասարակությունում կա ռուսական մշակույթով կրթվելու կամ Ռուսաստանի հանդեպ ակնածանքը: Կարծում եմ` հենց հիմա դժվար թե ակտիվ հասարակական շփումներ սկսվեն, իսկ որոշ հարաբերություններ կարող են լինել, որոնք, ի դեպ, հիմա էլ կան: Թուրքական հասարակության 90 տոկոսի համար սա բացարձակ մի խնդիր է` իրենց հիշողությունից, իրենց ակտուալ կյանքից դուրս, անկարեւոր` կբացվի՞ սահմանը, թե՞ ոչ, դիվանագիտական հարաբերություններ կլինե՞ն, թե՞ ոչ, անգամ` կընդունի՞ Թուրքիան Ցեղասպանությունը, թե՞ չի ընդունի: Դա թուրք հասարակության շատ չնչին մասին է մտահոգում: Եվ եթե Թուրքիան հիմա հատուկ ծրագիր չանի` թուրքական հասարակությանը դեմ կամ կողմ տրամադրելու, թուրքական հասարակությունը բավական չեզոք կարող է լինել:

-Կարծիքներ են հնչում, որ հնարավոր է` հարաբերությունների կարգավորումից հետո, մեր մշակութային արժեքները Թուրքիայի տարածքում վերականգնվեն: Դա հնարավոր համարո՞ւմ եք:

-Եթե եկեղեցին վերկանգնվեց ու դարձավ թանգարան, դա նշանակեց, որ մեր մշակութային արժեքը վերականգնվե՞ց: Եկեղեցին եկեղեցի է. եթե այն թանգարան է, նրա ֆունկցիան լրիվ այլ է: Դա նույնիսկ հայկական մշակույթի թանգարան չէ արդեն, ուղղակի թանգարան է: Այո, կարող է մի շարք մշակութային հետարքրքություններ լինեն, բայց կարող է լինել նաեւ հակառակը, կարող է նույնիսկ այս պահին Թուրքիայի տարածքում գտնվող դեռեւս պահպանված արժեքներ ընդհանրապես ինչ-որ տեղական ագրեսիաների զոհ դառնան: Ես բոլորովին չեմ բացառում դա: 1930-40-ականներին Թուրքիան քանի՞ հուշարձաններ ուղղակի հավասարեցրեց հողին, 1960-ականներին նույն էր: Չեմ կարծում, որ մեր երկկողմ հարաբերությունները հայկական մշակութային հուշարձանների պահպանման հիմնախնդիրները մի նոր հարթության վրա պետք է բերի: Ամբողջ խնդիրը գալիս է նրանից, որ թուրքական իշխանությունները շատ են երազում, որ հայերի գոյության առարկայական հետքերը նվազեցնեն Թուրքիայի տարածքում: Հարեւանական հարաբերությունները թող լինեն, ձեռնտու է: Ու այսպիսի ցանկության դեպքում ես չգիտեմ, թե Թուրքիան ինչո՞ւ պետք է հատուկ հայկական մշակութային արժեքների պահպանության ծրագիր անի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter