«Երկիր» միությունը դատապարտում է Վանո Մերաբիշվիլու Ախալքալաքում արած հայտարարությունը
Վրացական լրատվամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին եւ ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիք, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանավորված են: Հուսով եմ, որ երկրամասում հանցագործությունների թիվը է'լ ավելի կնվազի»:
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` պրն Մերաբիշվիլու կողմից նման հայտարություն հնչեցման փաստը կարելի է գնահատել որպես ցինիզմ:
Այս հայտարարությամբ վրացական իշխանությունները եւս մեկ անգամ վերահաստատում են հայ քաղաքական ակտիվիստներին շինծու մեղադրանքներ առաջադրելու եւ վախի մթնոլորտ սերմանելու միջոցով երկրի հայ փոքրամասնության արդար պահանջատիրության «չեզոքացման» քաղաքականությունը շարունակելու իրենց վճռականությունը:
Վրացահայության խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարարության, միջազգային կառույցների կողմից Վահագն Չախալյանի դատավարության եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող կացության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրության պայմաններում` վրացական իշխանությունների կողմից իրականացվող «ոստիկանական հալածանքների» քաղաքականությունն այլեւս սպառել է իրեն:
«Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ քայլեր ձեռնարկել` ուղղված կառուցողական երկխոսություն ծավալելու միջոցով հայ փոքրամասնության առջեւ ծառացած լեզվակրթական, կրոնական եւ մշակությաին խնդիրների լուծմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել