Քաղաքապետարանի պատասխանը չի բավարարում հայցվորին
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը վերջապես քաղաքապետարանից ստացել է հայցած տեղեկատվությունը, բայց` ոչ լիարժեք: Դեռեւս 2006 թվականից հ/կ-ն քաղաքապետարանից փորձում էր տեղեկություններ ստանալ Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մասին եւ գոհացուցիչ պատասխան չստանալով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան:
Դատարանը 2008 թվականին սկսված գործի վերաբերյալ վճիռ կայացրեց այս տարվա հունիսի 23-ին, որով բավարարեց հայցն ամբողջությամբ եւ քաղաքապետարանին պարտավորեցրեց տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 909 որոշմամբ` «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ի՞նչ կարգով եւ ի՞նչ սկզբունքներից ելնելով են ընտրվել, եւ արդյո՞ք այդ կազմակերպությունները քաղաքաշինական ծրագրերի իրականացման բավարար երաշխիքներ տվել են, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ երաշխիքներ:
2. Գլխավոր պողոտայի կառուցապատումն իրականացնող կազմակերպությունները ՀՀ կառավարության ո՞ր որոշման հիման վրա են ստացել կառուցապատում իրականացնելու իրավունք:
«Ես ստացել եմ քաղաքապետարանի պատասխանը, որը միայն 2-րդ հարցին է պատասխանում: Գրված է, որ կառուցապատող կազմակերպություններն ընտրվել են քաղաքապետի որոշումների հիման վրա, սակայն այդ որոշումների պատճենները չեն ուղարկել,- «Հետքին» ասաց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:- Ինչ վերաբերում է նրան, թե այդ կազմակերպություններն ի՞նչ երաշխիքներ են ներկայացրել, ես համոզված եմ, որ քաղաքապետարանը չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ կառուցապատողների հետ երաշխիքների հարցերը չեն քննարկվել: Նրանց նպատակն էր որքան հնարավոր է արագ գտնել կառուցապատողներին, հողերը վաճառել եւ գումար ստանալ»:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը չէր կատարել Վարչական դատարանի վճիռը, եւ հայցվոր կազմակերպությունը դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարողներին, որոնց միջոցով էլ ստացել էր պահանջված տեղեկատվության միայն մի մասը: «Այսպիսի կիսատ պատասխան տրամադրելով` ԴԱՀԿ-ն գտել է, որ կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված են եւ կարճել է դրանք, այսինքն` տեղեկությունը կիսատ տրամադրեցին եւ հարցը փակեցին»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել