
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով կա 400 անհայտ կորած անձ ՀՀ-ից և 463 անձ ԼՂՀ-ից: Հակամարտության հետևանքով բոլոր կողմերից անհայտ կորած անձանց թիվը ներկայումս 4531 է: Ինչպես նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը, այս տվյալները որոշվել են` համաձայն ընտանիքների դիմումների հիման վրա ԿԽՄԿ-ում բացված որոնման հայտերի:
Աշոտ Աստաբացյանի խոսքով` բացի իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքից (տվյալների հավաքագրում, դրանց հիմա վրա` վերլուծություն, հետաքննություն), անհայտ կորածների ընտանիքներն ունեն նաև իրենց առանձնահատուկ կարիքները: Աշոտ Աստաբացյանը այդ կարիքները բաժանեց սոցիալական, տնտեսական, հոգեբանական և իրավաբանական բնույթի աջակցության:
«Որպեսզի հնարավոր լինի պատշաճ ձևով արձագանքել անհայտ կորածների ընտանիքների կարիքներին, իհարկե, պետք է համապատասխան ազգային օրենսդրություն: Այսինքն` մենք կարծում ենք, որ պետք է լինի ՀՀ օրենք` անհայտ կորածների և նրանց ընտանիքների վերաբերյալ»,- ասաց Աշոտ Աստաբացյանը:
Ինչպես նշված է Անհայտ կորածների միջազգային օրը` օգոստոսի 30-ին ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, կազմակերպությունն «օժանդակում է Հայաստանի իշխանություններին` մշակելու ազգային օրենսդրություն, որը կպաշտպանի անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքները»:
Կատարվել է անհայտ կորածների վերաբերյալ միջազգային օրենսդրության չափանիշներին ՀՀ օրենքների համապատասխանության ուսումնասիրություն: 2007 թ. կազմակերպվել է կլոր սեղան, որի ժամանակ ուսումնասիրությունը ներկայացվել է համապատասխան իշխանություններին: Այնուհետև ԿԽՄԿ-ն հրապարակել է անհայտ կորածների վերաբերյալ տիպային օրենք, որը 2008 թ.-ի վերջում ընդունվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի կողմից: Այսինքն` ԱՊՀ ցանկացած երկիր այս օրենքի վրա կարող է հիմնվել իր օրենսդրությունը մշակելիս: Այժմ ՀՀ-ն, ինչպես նաև այլ երկրներ, որտեղ խնդիրը կա, զբաղվում են այդ նախագծի մշակմամբ: Այս օրենսդրության հիմնաքարը անհայտ կորածի կարգավիճակի ճանաչումն է:
Աշոտ Աստաբացյանի խոսքերով` բացի անհայտ կորածի կարգավիճակի ճանաչումից` օրենքը նաև կտա նրանց ընտանիքներին համապատասխան օգնություն ցուցաբերելու հնարավորություն: «Կարծում ենք` ընտանիքների կարիքը հոգալու հարցը հիմնական բաղկացուցիչներից է լինելու: Եվ այդ տիպային օրենքը, որը կարող է օգնել համապատասխան օրենսդրություն մշակելու գործում, իհարկե, ընդգրկում է այդ բոլոր դրույթները»,- նշեց նա:

Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) «Որոնում» ծառայության ղեկավար Անի Մնացականյանը նշեց, որ 2008 թ. նոյեմբերից մինչև 2009 թ. հունիսը ՀԿԽԸ-ն և ԿԽՄԿ-ն իրականացրին «Մանրամասն տվյալների հավաքագրում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց վերբարյալ» 6-ամսյա ծրագիրը:
Ինչպես նշվում է այս ծրագրի վերաբերյալ հրատարակված տպագիր նյութում, անհայտ կորածի վերաբերյալ մանրամասն տվյալները «ներառում են տեղեկություններ հագուստի և անձնական իրերի մասին, ֆիզիկական նկարագրություն (օրինակ` հասակը, տարիքը), ցանկացած առանձնահատկություն, որը կարող է օգտակար լինել անձին մյուսներից տարբերելու գործում, բժշկական և ատամնաբուժական տվյալներ, ինչպես նաև անձի անհայտանալու հանգամանքները»:
Անի Մնացականյանն ասաց, որ անհայտ կորածների ընտանիքների հետ հարցազրույցը անցկացրել և տվյալները ՀՀ ողջ տարածքում հավաքագրել են ՀԿԽԸ-ի մարզային մասնաճյուղերի կամավորները:
Տվյալների հավաքագրումը ծրագրի առաջին փուլն է, որը, Աշոտ Աստաբացյանի տեղեկացմամբ, արդեն ավարտվել է: «Հիմա մենք այդ տվյալները մշակում ենք, որպեսզի վերջնական տեսքի բերվեն, որից հետո տվյալները կփոխանցվեն իշխանություններին»,- հավելեց նա:
Տվյալները փոխանցվելու են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին` «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ մինչմահու տվյալների հավաքագրման և կենտրոնացված վարման մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում: Ինչպես նշեցին և' Աշոտ Աստաբացյանը, և' Անի Մնացականյանը, անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրում վճռորոշ և գլխավոր դերը պատկանում է ՀՀ իշխանություններին:
Աշոտ Աստաբացյանը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ ԿԽՄԿ-ի համագործակցությունը գնահատեց հետևողական, հստակեցված ու համակարգված և հավելեց, որ իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում «այդ համագործակցությունը շարունակելու: Այսինքն` այդ երկխոսությունը կա միանշանակ, որի վկայությունը նաև այդ շրջանակային պայմանագիրն է»:
Անի Մնացականյանի խոսքերով` անհայտ կորածների ընտանիքները ՀԿԽԸ-ի` տվյալներ հավաքագրող կամավորներին նաև հայտնում են իշխանություններից իրենց դժգոհությունը: «Կարող է միանգամից ընդունեն ընտանիք, շատ ջերմ զրույց լինի, կարող է կեսից բռնկվեն, բորբոքվեն, իշխանություններից ավելի շատ վրդովված լինեն, դժգոհություն հայտնեն: Հիմնականում իշխանություններից է դժգոհություն լինում, որ «ոչ մեկը ոչ մի բան չի անում: Մենք ոչ մի արտոնություն չունենք: Հանուն հայրենիքի գնաց զոհվեց իմ որդին (կամ իմ ամուսինը), բայց ես, լինելով կորածի մայր (կամ կորածի կին), այսքան տարիներ ոչ մեկը ոչ մի արտոնություն չի տալիս: Գալիս են միայն հարցնում են` ո՞նց կորավ, ինչո՞ւ կորավ, ու գնում են»»,- ասաց «Որոնում» ծառայության ղեկավարը:
«Մանրամասն տվյալների հավաքագրում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց վերբարյալ» տպագիր նյութում նշված է. «Մանրամասն տվյալները կօգտագործվեն Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ինքնության հաստատման գործընթացի ժամանակ: Դա շատ երկարատև և բարդ գործընթաց է, որը կարող է տևել տարիներ և, այնուամենայնիվ, ոչ բոլոր ընտանիքներին տալ պատասխան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել