Ճամբարակում հանրային պաշտպաններին փոխարինում են օրդերներով
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղակայված զորամասում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ժամկետային զինծառայող Գեւորգ Կարագուլյանի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` զորամասն ինքնակամ լքելու համար:
Արտագնա դատական նիստի մասնակիցները զինծառայողներն էին, որոնք Սեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Համլետ Ադամյանի ասելով հաճախակի են դիմում այդ քայլին եւ դատաքննությունը զորամասում անցկացնելու նպատակն այն էր, որ զինվորականները համոզվեին իրենց արարքի պատժելիության հարցում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը ամբաստանյալին բացատրեց օրենքով սահմանված իր իրավունքները, այդ թվում նաեւ պաշտպան ունենալու մասին: Կարագուլյանը պատասխանեց, որ ցանկանում է իր շահերը դատարանում պաշտպանի «պետության կողմից նշանակված փաստաբանը»: Նախաքննության ժամանակ Գ. Կարագուլյանը հրաժարվել է պաշտպանի ծառայությունից, որի մասին դատավորը հիշեցրեց նրան: «Պաշտպանից հրաժարվելը պայմանավորված չէր իմ ֆինանսական վիճակով, պարզապես չմտածեցի, թե էսքան բարդություններ կառաջանային, որ ցանկություն հայտնեի իմ շահերը փաստաբանը պաշտպաներ»,- հայտնեց Գեւորգ Կարագուլյանը: Դատավոր Ս. Մանուկյանը նշեց, որ քրեական գործում առկա է փաստաբան Անի Գալստյանի ստորագրությունը (արտոնագիր N 326), սակայն մեղադրյալ Գ. Կարագուլյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ նման փաստաբանի երբեւէ չի տեսել: Պատասխանելով Սեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, Համլետ Ադամյանի ճշգրտող հարցին` մեղադրյալն ասաց. «Ես չգիտեմ, թե այդ փաստաբանի ստորագրությունը ինչպես է հայտնվել գործում, կրկնում եմ, որ նախաքննության ընթացքում պաշտպան չեմ ունեցել»: Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածը («քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ մեղադրյալը ժամկետային զինծառայող է»), նախագահող դատավոր Ս. Մանուկյանը բավարարեց հանրային պաշտպան ունենալու մասին մեղադրյալ Գ. Կարագուլյանի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց` հանրային պաշտպան հրավիրելու համար: Դատախազ Համլետ Ադամյանը, որն սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանը, մինչեւ դատաքննությունը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ, ըստ էության հանձն առավ, որ զինծառայողների գործերը, հիմնականում, քննվում են առանց պաշտպանի մասնակցության: Նրա հիմնավորումներից մեկն այն էր, որ զինծառայողների նկատմամբ քրեական գործերի 80%-ը հարուցվում է զորամասն ինքնակամ լքելու պատճառով, որի համար, ըստ նրա, առանձնապես պաշտպանություն իրականացնելու խնդիր էլ չկա: Բացի այդ, զինվորականներն անվճարունակ խավ լինելով` անհրաժեշտության դեպքում պետք է օգտվեն հանրային պաշտպանությունից, սակայն հանրային պաշտպան (հ/պ) հրավիրելու հետ կապված դժվարություններ են ծագում, որի պատճառով էլ իրենք խուսափում են հ/պ ներգրավելուց: Համլետ Ադամյանի ասելով, Գեղարքունիքի մարզը սպասարկող երկու հանրային պաշտպանները դժվարանում են Ճամբարակի տարածաշրջան գալ եւ, մանավանդ, հրատապ քննչական գործողություններ իրականացնելիս միշտ չէ, որ նրանց ներկայությունը հնարավոր է լինում ապահովել: Նույնը պնդում էր նաեւ դատավոր Ս. Մանուկյանը: Նրա ասելով հ/պ-ի անհրաժեշտությունը հրատապ է, եւ մարզում երկու հանրային պաշտպանը շատ քիչ է: Գեղարքունիքի մարզը, լինելով տարածքով ամենամեծը, դժվարություններ է առաջացնում հ/պ-ների մի տարածքից մյուսը տեղափոխվելու հարցում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճանբարակի նստավայրը սպասարկում է Ճամբարակ քաղաքի ու շրջակա 17 գյուղերի բնակիչներին: Սերոբ Մանուկյանի ասելով այս տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը նկատի ունենալով անհրաժեշտ է, որ տարածքում գործի մեկ հանրային պաշտպան եւ իրենք, անհրաժեշտության դեպքում, խնդիրներ չունենան: Օրինակ բերելով հիշյալ դատավարությունը նա հավելեց, որ Ճամբարակում հ/պ-ի առկայության դեպքում իրենք ոչ թե մի քանի օրով, այլ` կարճ ժամանակով կընդհատեին դատաքննությունը եւ հ/պ կհրավիրեին: Սակայն, հ/պ ներգրավելու ներկայիս մեխանիզմը, որ որոշում պետք է կայացվի, այն ուղարկվի Երեւան` ՀՊ գրասենյակ, որից հետո պաշտպան նշանակեն` ձգձգում է գործերի քննության ընթացքը: Ըստ այդմ, Գեղարքունիքում գործունեություն իրականացնող դատավորն ու դատախազը առաջարկում են հ/պ-ներ ապահովել ըստ տարածաշրջանների եւ բարելավել հ/պ-ի գործունեության մեխանիզմները: Մասնավորապես, նրանց ասելով, հաճախ հ/պ-ներն աշխատանքային ժամերին տեղում չեն լինում, երբեմն Ճամբարակ հասնելու համար փոխադրամիջոցի եւ այլ խնդիրներ են ծագում, որից տուժում է աշխատանքի օպերատիվությունը: Նշվածներն, իհարկե, լուրջ պատճառաբանություններ են, սակայն, դա չի արդարացնում մարզի իրավապահների այն գործելաոճը, որով նրանք հեշտացրել են իրենց աշխատանքը: Տեխնիկական խնդիրներ լուծելու փոխարեն նրանք ընտրել են ամենահեշտ տարբերակը` գործարքների գնալով որոշ փաստաբանների հետ սահմանափակում են քաղաքացիների կարեւոր իրավունքներից մեկը` պաշտպան ունենալու իրավունքը: Ինչպես ցույց են տալիս Գեղարքունիքի մարզում մեր կատարած ուսումնասիրությունները, զինվորական գործերով մարզի հ/պ-ներին չեն ներգրավում եւ նրանց քրեական գործերում հայտնվում է փաստաբան Անի Գալստյանի օրդերը: Վերջինս հ/պ չէ եւ քննիչը իրավունք չուներ նրան հրավիրելու պաշտպանություն իրականացնելու համար: Ա. Գալստյանը որեւէ մեկի պաշտպանությունը կարող էր ստանձնել միայն այն դեպքում, եթե նրանց հարազատները պայմանագիր կնքեին փաստաբանի հետ, մինչդեռ այս դեպքում Գեւորգ Կարագուլյանի հարազատների հետ կնքված պայմանագիր չկա քրեական գործում: Նախաքննությունն իրականացնողներն այդ քայլին դիմում են միայն այն պատճառով, որ Քրեական դատավարության օրենսգրիքի 69-րդ հոդվածի համաձայն քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ մեղադրյալը ժամկետային զինծառայող է: Իհարկե, քննիչները կարող են օրդերներ չկցել քրեական գործերին, եթե զինծառայողը ցանկություն չունի օգտվելու իր պաշտպան ունենալու իրավունքից, բայց հնարավոր է ինչ որ մեկը օրերից մի օր ուսումնասիրի այս ոլորտը ու պարզվի, որ զինվորականների գործերը քննվում են առանց պաշտպանի մասնակցության: Իսկ նման փաստի արձանագրումը ձեռնտու չէ նախաքննություն իրականացնողներին:
Սառա Պետրոսյան
Պապին Մուրադյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել