Տավուշից հազարավոր անասուններ են քշվել Ադրբեջան. ե՞րբ է դրան վերջ տրվելու
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում սեպտեմբերի լույս 16-ի գիշերը գողացել են Հրանտ Եդիգարյանի 26 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Եդիգարյաններն անասունները Բաղանիսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Թարաքյամա կոչվող սարամասում են պահում:
Սեպտեմբերի 4-ին այդ ամառանոցում կոտրվել էր Հրանտի կնոջ` 61-ամյա Նելլիի ձախ ոտքը, որի պատճառով հարկադրված են եղել նախիրը ժամանակից շուտ սարից գյուղ իջեցնել: Սեպտեմբերի 9-ից նախիրը պահում էին Բաղանիսում, տնից մոտ 50 մ հեռավորությամբ գտնվող իրենց անասնաֆերմային կից, մետաղացանցով ցանկապատված տարածքում` «աղալում»: Գողերը կտրել են մետաղացանցի մի հատված ու անասունները տարածքից դուրս բերել: «Չգիտենք, թե գիշերվա որ ժամին են կատարել գողությունը, 4 զգոն շուն ունենք, երբ ծիտը թռչում էր` հաչում էին, այդ գիշեր ձայն չեն հանել: Հարեւանի` Արամ Բայրամյանի շունն էլ չի հաչել»,- ասում է տիկին Նելլին: Վերջինիս ասելով` դեպքից մի քանի օր անց էլ շները վատ վիճակում էին, հավանաբար գողերը դրանց թմրեցնող դեղ են տվել: Սեպտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 7-ին կովերը «աղալում» չգտնելով` Եդիգարյանները սկզբում կարծել են, թե անասունները պարզապես տարածքից դուրս են եկել, եւ սկսել են նրանց գյուղում որոնել: Անասուններին այդպես էլ չեն գտել, բայց հարեւանի ընկուզենու տակ հայտնաբերել են անասնագողերի երկու ձեռնափայտերը: Կողոպտիչները, հավանաբար, այդտեղ են դարանակալել: Նոյեմբերյանցի ոստիկանները, որպես իրեղեն ապացույց, վերցրել են այդ ձեռնափայտերը: Նոյեմբերյանի ոստիկանապետը, ազգային անվտանգության Նոյեմբերյանի բաժանմունքի ղեկավարը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալը, անասնագողության թարմ հետքերով գնալով, հարեւան Ոսկեվան գյուղի տարածքով հասել են Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագիծ: Հրանտ Եդիգարյանն էլ իրավապահների եւ զինվորականների հետ կողոպուտի հետքերով գնալով` համոզվել է, որ դրանք ձգվում են հարեւան երկրի սահման: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է, որ գողության հետքերը տանում են դեպի Ղուշչի Այրում: Անասնագողերն, ընդհանուր առմամբ, 5 մլն 300 հազար դրամ արժողությամբ 13 կովի եւ 13 ցլիկի հետ գողացել էին նաեւ Եդիգարյանների 3 ձիերից մեկը` նժույգը: Այն վերջերս Նոյեմբերյանից գնել էին 125 հազար դրամով: Նժույգի առջեւի երկու ոտքը պայտած է: Դրա հետքերը, գողացված նախիրի հետ, հասնում է սահման: Սակայն անասնագողությունից երկու օր անց, սեպտեմբերի 18-ի երեկոյան հարեւան Ջուջեւան գյուղից հեռախոսով հայտնել են, որ իրենց մոտ նժույգ կա, գուցե ձե՞րն է: Եդիգարյաններին կասկածելի է թվում, որ վերջերս գնած եւ իրենց ընտանիքին դեռ լավ չընտելացած կենդանին սահմանի այն կողմից ետ է եկել: Նրանք հակված են կարծելու, որ անասնագողերից մեկը սահմանից ձիով ետ է վերադարձել: Սակայն նժույգի Ջուջեւան վերադառնալը, հնարավոր է, ավելի պարզ պատճառ ունենա` այնտեղ զուգընկերոջ առկայությունը: Այս անասնագողությունն ընտանիքին հուսահատության դուռն է հասցրել: Անասնագոմում մնացել են 13 հորթեր, որոնք առանց մայրական կաթի հազիվ թե գոյատեւեն: Եդիգարյանները, ովքեր ամբողջ կյանքում անասնապահությամբ են զբաղվել, անասունների կորստից հետո չգիտեն` ի՞նչ անել: «Վարկ կվերցնեի, երկու կով կգնեի, սակայն վախենում եմ նորից գողանան, հետո վարկը ինչպե՞ս փակեմ»,- ասում է Հրանտի որդին` 38-ամյա Արմենը` արցունքն աչքերին:
Նելլի Եդիգարյանն ասում է, որ 90-ական թվականներին` պատերազմի ժամանակ կրած սարսափներից հետո շաքարախտ հիվանդություն է ձեռք բերել: Շաքարախտով հիվանդ է նաեւ ամուսինը` 65-ամյա Հրանտ Եդիգարյանը: «Ադրբեջանցին եկել, մեր տան շեմքից անասունները տարել է: Գողության օրը թոռնիկներս խիստ երկյուղած էին, վախից պատսպարվել էին իրենց ծնողների սենյակում: Ես վախենում եմ, որ անչափահաս 3 թոռնիկներս էլ ինձ նման վախից կհիվանդանան: Սա մեծ հարված է մեր ընտանիքին»,-ասում է տիկին Նելլին: Նա ասում է, որ գումար չունենալու պատճառով հնարավորություն չունի կոտրված ոտքի համար գիպսե կաղապար պատվիրել:
Եդիգարյան ընտանիքի երեք որդիներից կրտսերը` Արայիկը, պայմանագրային զինծառայող է, պաշտպանում է հայ-ադրբեջանական սահմանը: Եդիգարյանների ընտանիքը անասնագողությունից հետո դրամական աջակցության խնդրանքով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: Գողության այս դեպքի քննությունը կատարում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը: Նոյեմբերյանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը, վկայակոչելով քննության գաղտնիությունը, դրա ընթացքի մասին տվյալներ չհայտնեց: Նոյեմբերյանի ոստիկանությունը անասնագողության դեմ պայքարի նպատակով սահմանամերձ գյուղերում պարեկող խմբեր ունի, որոնք ամիսներ շարունակ գիշերային հսկողություն են իրականացնում: Վերջին շրջանում դրանց ավելացել են նաեւ մեքենաներով շրջող խմբերը: Սակայն ոստիկաններն ինչպե՞ս կարող են կիլոմետրերով ձգվող գյուղերի բոլոր գոմերը հսկել: Փորձը ցույց է տալիս, որ անասնատերերը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելիս, որոշ դեպքերում, կարողանում են փրկել իրենց ունեցվածքը: Այս տարվա փետրվարի լույս 21-ի գիշերը Բաղանիսի հարեւանությամբ գտնվող սահմանամերձ Ոսկեվանում գողացել էին Էդիկ Գարդիշյանի 6 կովը, 5 ցլիկն ու հորթը: Նույն գիշերը հափշտակել էին նաեւ ոսկեվանցի Սեյրան Մելքոնյանի 2 կովը: Այդ գողությունից հետո սահմանապահ գումարտակի թիկունքի պետ, մայոր Գարդիշյանն անասնագոմի դուռը փոխեց, երկաթյա դուռ տեղադրեց: Երկու ամիս անց` ապրիլի 18-ի գիշերը, անասնագողերն ապարդյուն փորձել էին կոտրել նույն անասնագոմի արդեն երկաթյա դուռը: Իրենց ձեռնարկի մեջ ձախողվելով` նրանք, այնուամենայնիվ, գողացել են Գարդիշյանի երկու ձին, որոնք գիշերը տնից քիչ հեռու, այգում էին գտնվում: Դովեղի բնակիչ Գարիկ Ամիրխանյանը մի քանի տարի առաջ անասնագոմում ազդանշանային համակարգ` դպրոցական զանգ էր տեղադրել: Երբ մի գիշեր լռության մեջ զիլ հնչեց զանգը, անասնագողերը սարսափահար փախան: Մի դիտարկում. Հրանտ Եդիգարյանից, էդիկ Գարդիշյանից, Սեյրան Մելքոնյանից գողացված անասունները քշվել են Ղուշչի Այրում: 2008 թ. հունիսի 10-ին Բաղանիսի բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարի, 40 գառի եւ 6 այծի գողության հետքերը եւս այդ սահման են ձգվում: Հարց է ծագում. ինչու՞ սահմանը չի ականապատվում: Մի քանի տարի առաջ Բարեկամավանի սահմանում ադրբեջանցի անասնագողերը պայթեցին ականապատված սահմանում, եւ այդ գյուղում այլեւս անասնագողություն չի կատարվում: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի եւ գույքի անվտանգությունը: Անասնագողությունները սահմանամերձ գյուղերում տագնապի եւ անվստահության մթնոլորտ են ստեղծում, նպաստում արտագաղթին: Տագնապի զանգն արդեն 15 տարի ղողանջում է: Հազարավոր անասուններ են քշվել Ադրբեջան: Ե՞րբ է դրան վերջ տրվելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել