«Ժառանգությունն» ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի ՍԴ եւ կնախաձեռնի հանրաքվե
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խմբակցության անունից նամակով դիմել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում «Ժառանգությունը» հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի Սահմանադրական դատարան նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկման պահանջով:
Ինչպես նաեւ` կուսակցությունը ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կնախաձեռնի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե, որի առաջարկը օրերս մերժել էր ՀՀ Կառավարությունը: «Ժառանգությունը» նաեւ խնդրել է հայտնել առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի մոտավոր ժամկետը, որի մասին կուսակցությանը գրավոր տեղյակ էր պահել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Սերժ Սարգսյանին «Ժառանգության» ուղարկած նամակի ամբողջական տեքստն է. «Պարոն Նախագահ, ենթադրում ենք` տեղյակ եք, որ ս/թ. սեպտեմբերի 23-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածներով պատգամավորին վերապահված` պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից հարցի քննարկում պահանջելու իրավունքը, դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան:
Պատգամավորների կողմից մասնավորապես առաջարկվել էր ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին:
Նման առաջարկի պատճառ էր հանդիսացել այն, որ օգոստոսի 31-ից հետո հեղինակավոր իրավաբանների ու փորձագետների կողմից լուրջ կասկածներ հայտնվեցին հրապարակված նախաստորագրված արձանագրություններով մեր երկրի ստանձնելիք պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Տեղյակ եք, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն` միայն Հանրապետության նախագահն է իրավասու մինչեւ միջազգային պայմանագրի վավարեցումը դրանում ամրագրված պարտավարությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասախանության որոշման հարցով դիմել ՍԴ:
Սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանից պատասխան գրություն ենք ստացել թե դրա վերահաստատմամբ, թե հարցի քննարկում կազմակերպելու մեր առաջարկի մերժմամբ ու հիմնավորումներով: Արդ` հաշվի առնելով հարցի առանձնահատուկ կարեւորությունը ողջ Հայաստանի ու հայության համար, ակնկալում ենք, որ Դուք առաջիկայում` մինչեւ այդ նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը կդիմեք Սահմանադրական դատարան, վերջինս էլ արագացված ընթացակարգով հարցի քննության եւ իր որոշման միջոցով կտա հանրությանը հուզող այդ հարցի սպառիչ պատասխանը:
«Ժառանգությունը» գոհունակություն է հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանը, ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված ԱԱԽ նիստ հրավիրելու «Ժառանգության» սեպտեմբերի 12-ի առաջարկի, իր սեպտեմբեր 23-ի նամակում տեղեկացրել է, որ ՙառաջիկայում եւս Ազգային անվտանգության խորհուրդը կանդրադառնա հարցի քննարկմանը: Խնդրում ենք հայտնել, թե ե՞րբ է դա նախատեսված:
Կարծում ենք` այն պետք է հրավիրվի մինչեւ արձանագրությունների ստորագրումը` կրկին հաշվի առնելով դրանց վերաբերյալ հայության բավականին ստվար զանգվածի մտահոգություններն ու անհանգստությունը: Եւ վերջինը. սեպտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խմբակցությունը դիմել էին ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նրան վերապահված պատասախանատվության ու իրավունքի շրջանակներում նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե:
Սեպտեմբերի 24-ին Կառավարության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ իրականացվում են քննարկումներ, քաղաքական կոնսուլտացիաներ, վաղաժամ ենք համարում նման հարցադրում առաջադրելը: Համոզված ենք, որ քննարկումների ընթացքում հանրությանը մտահոգող շատ հարցերի պատասխանները կտրվեն եւ քննարկումների արդյունքում կորոշվի հարցի հետագա ընթացքը»:
Քանի որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նման հանրաքվե անցկացնելու իրավասությամբ օժտված եք նաեւ Դուք` նույն առաջարկով դիմում ենք Ձեզ: Դա հնարավորություն կտա Ձեզ ճիշտ օգտագործելու հանրային կարծիքը Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման գործում, ինչպես նաեւ` մեզ բոլորիս թույլ կտա պարզել հանրության վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմք ծառայելիք այս արձանագրությունների վերաբերյալ»:
Նամակի վերջում «Ժառանգությունը» ավելորդ չի համարել նշել, որ խմբակցության անունից նախագահին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել