
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ մի քանի առաջնորդների հետ միասին հանդիպեց լրագրողներին:
Լրագրողների առաջին մի քանի հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հիմնախնդրին, որոնց ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ գերագույն հոգեւոր խորհրդի առաջիկա նիստում նախատեսել են քննության առնել հարցերը, որից հետո կարտահայտեն իրենց տեսակետը:
Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հարցին նա պատասխանեց. «Կարծում եմ, ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ողջ հայության ցանկությունն է ապահովված տեսնել Արցախի ազատ, անկախ ապրելու իրավունքը:
Եւ այդ առումով եկեղեցին իր հնարավորությունների շրջանակներում իր կարողությունները նույնպես ներդնում է, որպեսզի Արցախի մեր ժողովրդի արդար իրավունքը միջազգայնորեն ճանաչում գտնի եւ Արցախն ընդունվի միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն` իր ապահով, խաղաղ կյանքով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել