HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ տարածքային բաժիններն անհրաժեշտ հրապարակայնությունը չեն ապահովում

28_09-Vardenis1Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ տարածքային բաժինները սպասարկում են մարզի 5 քաղաքային եւ 87 գյուղական համայնքների շուրջ 238 հազար բնակիչների: 2009 թ. սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ մարզի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) 5 տարածքային բաժիններում դիտարկել են տեղեկատվության մատչելիության ու հրապարակայնության ապահովման վիճակը: Մարզի ՔԿԱԳ տարածքային բոլոր բաժինները տեղակայված են քաղաքապետարաններում: Բաժինների մասին վկայող բոլոր ցուցանակները պատրաստված են A4 չափի թղթով: Մարտունի ու Գավառ քաղաքներում դրանք դեռեւս կրում են ԶԱԳՍ անվանումը` հավանաբար քաղաքացիներին ավելի հասկանալի լինելու համար: Սեւանում «ՔԿԱԳ» անվանումով ցուցանակին զուգահեռ փակցված է նաեւ «ԶԱԳՍ» անվանումով ցուցանակը: Բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանը նշում է, որ վերջերս են փակցրել, քանի որ այդպես քաղաքացիներն ավելի հեշտ են գտնում իրենց գրասենյակը: ՔԿԱԳ 5 բաժիններից եւ ոչ մեկը չունի տեղեկատվական ցուցատախտակ: Քանի որ ներկայումս ՔԿԱԳ տարածքային բաժինները ենթակայության առումով ունեն համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ, կարելի է ենթադրել, որ վերջիններս իրենց ունեցած տեղեկությունները կարող են տեղադրել քաղաքապետարանների ցուցատախտակներին: Սակայն նման մոտեցում 5 քաղաքապետարաններից որեւէ մեկում չի կիրառվում: Այդ իսկ պատճառով տեղեկությունները փակցվում են բաժինների ներսի կամ դրսի պատերին: Ճամբարակի ու Մարտունու ՔԿԱԳ բաժիններում առկա տեղեկությունները փակցված են ներսում: Ճամբարակում, ինչպես պարզ է դառնում, քաղաքացիները հակված են պոկելու փակցված տեղեկությունները: Սեւանի ՔԿԱԳ բաժնում առհասարակ տեղեկություններ փակցված չեն: Բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանը դա բացատրում է վերջերս կատարված վերանորոգմամբ եւ հավաստիացնում է, որ շուտով պահանջվող տեղեկությունները կփակցնեն: Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի ՔԿԱԳ բաժինները գտնվում են շենքերի առաջին հարկում, իսկ Սեւանի ու Մարտունու ՔԿԱԳ բաժինները` երրորդ հարկում: Թեեւ ՔԿԱԳ բաժինները հասարակական կառույցներ են, սակայն ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար դրանք մատչելի չեն, քանի որ քաղաքապետարաններն անգամ շքամուտքում թեքահարթակներ չունեն: Սեւանի ՔԿԱԳ բաժնի պետը հավաստում է, որ երբեմն, երբ այցելուն ծեր կամ հաշմանդամ է լինում, բաժնի աշխատակիցներն իրենք են փաստաթուղթը պատճենահանելու համար երկրորդ հարկ իջնում: Գավառի ՔԿԱԳ բաժնի պետ Լաուրա Մուրադյանը նշում է, որ նման խնդիրներ դեռ չեն ծագել: Լինում են դեպքեր, երբ նոր ծննդաբերած մայրերի համար է դժվար լինում բարձրանալ քաղաքապետարանի մուտքի աստճանները, այդ դեպքում բաժնի աշխատակիցներն իրենք են իջնում, որպեսզի այցելուն ավտոմեքենայի մեջ ստորագրի համապատասխան փաստաթղթերը: Աշխատանքային ժամերի մասին փայտյա ցուցատախտակ է տեղադրված միայն Վարդենիսի ՔԿԱԳ բաժնի պետի աշխատասենյակի դրսի պատին, իսկ Գավառի, Ճամբարակի եւ Մարտունու բաժիններում այդ տեղեկությունը գրված է A4 չափի թղթի վրա: Ճամբարակի ՔԿԱԳ բաժնի պետ Լուսինե Մխիթարյանի տեղեկացմամբ` փակցնելու կարիք չկա, քանի որ հերթեր չեն առաջանում, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատում են նաեւ ընդմիջման ժամին: Նույնն են հավաստում նաեւ մյուս 4 ՔԿԱԳ բաժինների պատասխանատուները: Մարտունու ՔԿԱԳ բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը նշում է, որ աշխատանքային յուրաքանչյուր օրն էլ մարդաշատ է, ծնունդները, բարեբախտաբար, Մարտունու տարածքում շատացել են, սակայն ավելի հաճախ դիմում են փաստաթղթերում ուղղումներ կատարելու հարցերով, որի արդյունքում օրական 20-ից ավելի այցելուներ են ունենում, աշխատում են ծանրաբեռնված եւ հաճախ հնարավոր չի լինում օգտվել ընդմիջումներից: Հետաքրքիրն այն է, որ դիտարկված ՔԿԱԳ բաժիններից 2-ում (Մարտունի, Վարդենիս) աշխատաժամեր են սահմանված 10:00-17:00-ը, որը ներառում է նաեւ 1 ժամ ընդմիջում: Թեեւ 2 բաժինների պատասխանատուներն էլ հավաստիացնում են, որ անհրաժեշտության դեպքում աշխատում են ավելի երկար եւ անգամ հանգստյան օրերին, այդուհանդերձ, նկատենք, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբն ու ավարտը սահմանելու մասին Կառավարությունը 2005 թ. դեկտեմբերի 21-ին ընդունել է N 2138-Ն որոշումը, համաձայն որի` նշված մարմիններում աշխատաժամանակի սկիզբ է սահմանվում ժամը 9:00-ը, ավարտը` ժամը 18:00-ը, աշխատողների հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջման ժամը` 13:00-14:00-ը: Վարդենիսի ՔԿԱԳ բաժնի համար եւս լինում են ծանրաբեռնված օրեր: Դրանք հինգշաբթիներն են, երբ քաղաքում բացօթյա տոնավաճառ է կազմակերպվում: Այդ օրերին դիմում են մինչեւ 20-25 քաղաքացիներ: Բաժինը սպասարկում է 36 գյուղական համայնքների, եւ այդ համայնքներից եկող բնակիչները հասարակական տրանսպորտի վերջին ուղերթով, ժամը 14:00-ին արդեն համայնքներ վերադառնալու խնդիր են ունենում: Չնայած սպասարկելիք համայնքների քանակին` ՔԿԱԳ բաժինն ունի 2 աշխատակից` բաժնի պետ ու գործավար: 2 աշխատակից ունի նաեւ Ճամբարակի ՔԿԱԳ բաժինը, սակայն սպասարկում է 16 համայնքի եւ առնվազն 2 անգամ պակաս թվով քաղաքացիների: Ճամբարակի ՔԿԱԳ բաժինն ունի 1 աշխատասենյակ, Գավառի ու Վարդենիսի ՔԿԱԳ բաժիններն ունեն 2, Սեւանի ՔԿԱԳ բաժինը` 3, Մարտունու ՔԿԱԳ բաժինը` 4 աշխատասենյակներ: Սեւանի, Ճամբարակի, Վարդենիսի ՔԿԱԳ բաժինների պետերի աշխատասենյակներն ունեն պաշտոններն ու ազգանունները նշող ցուցանակներ: Միայն Գավառի ՔԿԱԳ բաժինն ունի բոլոր աշխատակիցների պաշտոններն ու ազգանունները նշող ցուցանակ: Մարզի ՔԿԱԳ բաժիններից ոչ մեկում փակցված չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկեր: Այս կապակցությամբ Մարտունու ՔԿԱԳ բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը բացատրում է, որ յուրաքանչուր քաղաքացիական կացության ակտի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հիմնականում կարող է յուրաքանչյուր ակտի գրանցման ժամանակ փոփոխվել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր դիմումատուի բանավոր ասվում է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում տվյալ ակտի գրանցման համար: Գավառի ՔԿԱԳ բաժնի պետ Լաուրա Մուրադյանը նշում է, որ ծնունդների գրանցման ժամանակ քաղաքացին արդեն գալիս է տեղեկացված, քանի որ պահանջվող փաստաթղթերի ցանկն իրենք տրամադրել են քաղաքի ծննդատանը: Մարզի ՔԿԱԳ բոլոր բաժիններում կան դիմումների օրինակելի ձեւանմուշներ, որոնք սահմանված են օրենսդրությամբ: Դրանք տրամադրվում են քաղաքացիներին եւ հիմնականում լրացվում են աշխատակիցների օգնությամբ: Առանց աջակցության գրեթե բոլոր դիմումատուներն էլ դժվարանում են լրացնել ձեւաթերթերը: Մարտունու ՔԿԱԳ բաժնի պետի պաշտոնակատար Հ. Հարությունյանը մանրամասնում է իրենց աշխատանքի նրբությունները: Նա նշում է, որ այս ոլորտի աշխատանքը իրավաբանական ծառայության մատուցում է եւ ավելի ծանրաբեռնված, քան, ասենք, նոտարական գրասենյակների եւ անձնագրային բաժանմունքների աշխատանքն է: Յուրաքանչյուր քաղաքացու հետ իրականացվում է անհատական աշխատանք, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է խորհրդատվություն: Լինում են դեպքեր, երբ դիմող քաղաքացուն տեղեկացնում են ներկայացրած փաստաթղթերում առկա անճշտությունների մասին, քաղաքացիները խնդրում են անտեսել, չնկատել դրանք, իսկ բացասական պատասխանի դեպքում վիրավորված են հեռանում: Ամենակարեւոր` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերի մասին տեղեկությունը փակցված չէ միայն Սեւանում: Մարտունու եւ Ճամբարակի ՔԿԱԳ բաժիններում այս տեղեկությունը փակցված է աշխատասենյակներում: Վարդենիսի եւ Գավառի ՔԿԱԳ բաժիններում պետական տուրքի դրույքաչափերի մասին տեղեկությունը փակցված է աշխատասենյակի դրսի պատին, տեսանելի տառաչափով ու ընթերցելու համար մատչելի բարձրության վրա: Սակայն բոլոր բաժիններում էլ այս տեղեկությունն ունի իրավաբանական բնույթ, ներկայացված չէ հանրամատչելի ձեւով, այսինքն` այն ներկայացված է օրենքից կատարված քաղվածքի տեսքով: Նշվում է, օրինակ, որեւէ ակտի գրանցման համար պահանջվող գումարը` «բազային տուրքի չափով» ձեւակերպմամբ, ինչպես պահանջում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, սակայն լրացուցիչ չի նշվում, որ նույն օրենքով բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը: Պետական տուրքի չափի ու հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիները ստանում են բանկերում` տեղեկանալով, թե ՔԿԱԳ-ին ինչ գործողության համար են վճարում: 28_09-Vardenis2Արխիվային ֆոնդի պահպանման համար առանձնացված սենյակ ունեն Սեւանի, Մարտունու ու Վարդենիսի ՔԿԱԳ բաժինները, իսկ Գավառի ու Ճամբարակի ՔԿԱԳ բաժինների արխիվները պահվում են պետերի աշխատասենյակներում: Հատկապես Վարդենիսում արխիվի սենյակն իր դասավորվածությամբ աչք է շոյում: Վարդենիսի ՔԿԱԳ բաժնում նաեւ ստեղծված են պայմաններ հարսանեկան հանդիսավոր արարողությունների համար, եւ 2009 թ. արդեն իրականացվել է 8 ամուսնությունների հանդիսավոր գրանցում: ՔԿԱԳ բոլոր բաժիններն ունեն համակարգիչներ, տպիչ, երկաթյա պահարաններ: 2010 թ.-ից այս ոլորտում այլեւս չեն լինելու ձեռագիր գրանցումներ: Գրագրությունն ամբողջությամբ կատարվելու է համակարգչային եղանակով: Վարդենիսի ՔԿԱԳ բաժնի պետ Աննա Սաղաթելյանը նկատում է, որ թեեւ չեն փորձարկել նոր աշխատակարգը, սակայն իրեն ավելի հոգեհարազատ են ձեռագրով կատարվող գրանցումները: Մարտունու ՔԿԱԳ բաժնում քաղաքացիները հիմնականում սպասում են մասնագետների աշխատասենյակում, թեեւ միջանցքում եւս այդ նպատակով տեղադրված են աթոռներ: Սպասողների համար աթոռներ կան նաեւ Ճամբարակի, Վարդենիսի ՔԿԱԳ բաժինների միջանցքներում: Սեւանում ուԳավառում աթոռներ չկան: Դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում ՔԿԱԳ բաժինների մասնագետների աշխատավարձի չափի առնչությամբ: Բաժինների պետերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է` հասնելով 95 հազար դրամի, սակայն բաժինների առաջատար մասնագետների աշխատավարձը շարունակում է մնալ 45 հազար դրամ: Ըստ դիտորդական խմբի` նշված աշխատավարձի չափն ուղղակիորեն պարունակում ու թելադրում է կոռուպցիոն գործելաոճ, 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատող պետական կամ համայնքային ծառայողը չի կարող ունենալ բավարար կենսամակարդակ` 45 հազար դրամ աշխատավարձ ստանալով: Կատարված ուսումնասիրության արդյունքում դիտորդական խումբն առաջիկայում պատրաստելու է զեկույց, որը կներկայացվի ՔԿԱԳ բաժինների, ՀՀ արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների ուշադրությանը: Գեղարքունիքի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյանը նշում է, որ դիտորդական խմբում ընդգրկված հ/կ-ների ներկայացուցիչներն առաջնորդվում են փոփոխություն կատարելու ցանկությամբ եւ ոլորտը բարեփոխելու պատրաստակամությամբ: Սակայն դիտորդական խմբի ներկայացուցիչներն առավել կարեւորում են քաղաքացիական վերահսկողության շարունակելիության եւ առհասարակ բնակչության իրազեկության բարձրացման նշանակությունը, առանց որի ցանկացած դիտարկում կարող է կարճաժամկետ ազդեցություն ունենալ:

Մեկնաբանություններ (2)

Ծովիկ Հարիկյան
Բարև ձեզ ե՞ս մի հարց ունեմ կարող եմ ծննդյան վկայականի կրկնօրինակի դիմում ներկայացնեմ օնլայն տարբերակով ես ՌԴ տարածքում եմ
Հայարփի
Բարև ձեզ կներեք ես մի հարց ունեմ կարողեմ ամուսնալուծության դիմում ներկայացնեմ օնլայն տարբերակաով քանի որ երկրից դուրսեմ ապրում նախապես շնորհակալեմ պատասխանելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter