HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կովսականում նոր եկեղեցի կկառուցեն

Քաշաթաղի շրջանի հարավային թեւի Կովսական քաղաքում նախատեսվում է նոր եկեղեցի կառուցել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` ի պատասխան ազատագրված տարածքներում եկեղեցիների վերականգնման մասին հարցին: Նա հիշեցրեց, որ Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում ներկա դրությամբ կան 8 նոր կառուցված եւ վերանորոգված եկեղեցիներ: Անդրադառնալով նույն հարցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հերթին կարեւորել է սահմանամերձ շրջաններում եկեղեցիների գործունեությունը եւ շեշտել, որ իրենց կողմից մեծ ջանքեր են գործադրվում այդ շրջաններում եկեղեցիների նորոգման եւ վերակառուցման ուղղությամբ: «Իսկ այն քաղաքներում եւ կարեւոր կենտրոններում, որտեղ չունենք եկեղեցիներ, փորձում ենք կառուցել»,-ընդգծել է Կաթողիկոսը` ավելացնելով, որ այդ առումով իրենց արձանագրած հաջողությունները գոհացուցիչ չեն, ու աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Կաթողիկոսը խոստովանեց, որ բավարար չէ նաեւ եկեղեցականների պատրաստմանն ուղղված աշխատանքների արդյունքը, չնայած իր գահակալության ընթացքում 250 եկեղեցականներ են ձեռնադրվել, բայց դա, ըստ նրա, շատ քիչ է, քանի որ եկեղեցականների կարիքը շատ կա`ոչ միայն Հայաստանում, այլեւ` արտասահմանում: Այս տարի 35 եկեղեցականներ են ձեռնադրվել, եւ եւս 10-ինը նախատեսվում է մինչեւ տարեվերջ: Եկեղեցականների պատրաստման հարցում կարեւոր է նաեւ հոգեւոր կրթական հաստատությունների ստեղծումը: Կաթողիկոսը մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ նման հաստատություններ ապագայում նախատեսում են ստեղծել Սյունիքի մարզում եւ Արցախում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter