Անահիտ Բախշյանը իրազեկում է գյուղական ուսուցիչների վարձատրության կարգի մասին
Դեռեւս ս/թ. հուլիս-օգոստոս ամիսներին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի` մարզային այցելությունների ու մանկավարժների հետ հանդիպումների ժամանակ որոշ գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչներ բարձրացրել են երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններում դասավանդող ուսուցիչների վարձատրության հետ կապված խնդիրը. այն է` ներկայումս երկկոմպլեկտ դասարանում պարապող ուսուցիչը 45 րոպեի փոխարեն վարձատրվում է 22 րոպեի, իսկ եռակոմպլեկտի դեպքում` 15 րոպեի համար: Նման դասարաններում ուսուցիչների վարձատրության կարգի մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով պատգամավոր Անահիտ Բախշյանը օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հղել է պատգամավորական մի նամակ:
Նախարարից ստացված պարզաբանումներում մասնավորապես ասված է. «Ի պատասխան Ձեր 2009 թվականի օգոստոսի 26-ի ԺԽ-Ե-0611/09 գրության` հայտնում եմ, որ հանրապետության այն գյուղական վայրերում, որտեղ անհրաժեշտությունից ելնելով ձեւավորվում են երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններ, ուսումնական պրոցեսը կազմակերպվում է համաձայն նախարարի կողմից հաստատված օրինակելի պլանների եւ դրանցով սահմանված ժամաքանակների (յուրաքանչյուր դասաժամի տեւողությունը 45 րոպե), իսկ այդ դասարաններում դասավանդող ուսուցիչների վարձատրությունը կատարվում է փաստացի պարապած դրույքաչափի համաձայն»:
Անահիտ Բախշյանը նախարարի սույն պատասխանը ուղարկել է ՀՀ բոլոր մարզպետներին, որպեսզի վերջիններս նման դասարաններում դասավանդող ուսուցիչների վարձատրության կարգի մասին տեղյակ պահեն մարզի բոլոր այն դպրոցների տնօրեններին, որտեղ կան երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններ:
«Հուսով եմ, որ նման դասարաններում դասավանդող ուսուցիչները թե ԶԼՄ-ներին տրամադրվող այս հաղորդագրությունից, թե դպրոցների տնօրեններից կտեղեկացվեն գործող կարգի մասին, որը շարադրված է նախարարի պարզաբանման մեջ: Կարծում եմ` իրազեկվածության դեպքում այդպիսի մանկավարժները զոհ չեն դառնա հնարավոր խաբեությունների, իսկ նման փորձերի դեպքում տեղյակ կպահեն թե նախարարությանը, թե Ազգային ժողովին, այդ թվում`«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը»,- ասել է Անահիտ Բախշյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել