«Առկա քաղաքական զարգացումները և մարտահրավերները. հայացք Շիրակից»
«Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» եւ «Սպիտակ Նառ» երիտասարդությունը հանուն զարգացման հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին, Գյումրիում ` «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Առկա քաղաքական զարգացումները եւ մարտահրավերները՝ հայացք Շիրակից» թեմայով քննարկումների շարքի առաջին հավաքը: Մասնակիցներին նախօրոք բաժանվեց Հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունները:
Քննարկմանը մասնակցում էին Շիրակի մարզում գործող տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ, բազմաթիվ մտավորականներ եւ տարբեր համայնքներից հրավիրված ակտիվ քաղաքացիներ, այն վարում էին Վ. Թումասյանը և Կ. Պողոսյանը:
Կազմակերպիչները իրենց բացման խոսքում մասնավորապես նշեցին, որ Հայաստանում, և մասնավորապես մարզերում անկողմնակալ, քաղաքական պատվերներից զերծ հասարակական քննարկումները բացակայում են և երկու կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ է հետապնդում լրացնել այդ բացը: Այն չի ֆինանսավորվում և չի ուղղորդվում որևէ միջազգային կազմակերպության, իշխանության կամ քաղաքական ուժի կողմից: Պարզապես մտադիր են Շիրակի մարզում հիմնել հասարակությանը հուզող խնդիրների շուրջ հանրային բաց քննարկումների ավանդույթ:
Եղավ առաջարկություն ստեղծել Շիրակի մարզում գործող ՀԿ-ների «Հանրային քննարկումների. «Հայացք Շիրակից» անվամբ կոալիցիա կամ ակումբ, սակայն ասվեց, որ առայժմ ձեռնպահ են մնում որեւէ ֆորմատ ձևավորելուց, փորձելու են համատեղ միջոցառումներ կազմակերպել որոշ ժամանակ, եւ հետո միայն անդրադառնալ կոալիցիա, ալյանս կամ ցանց ստեղծելու խնդրին:
Նրանք վստահեցրին, որ համատեղ գործունեությունը լինելու է թափանցիկ, անկողմնակալ և հետապնդելու է միմիայն հասարակական մասնակցությունը խթանելու, հասարակությանը հուզող խնդիրները վեր հանելու, դրանք հանրայնացնելու նպատակ:
Իսկ կառույցի ձևավորման դեպքում կփորձեն ընդգրկել մարզում գործող այն բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկություն կունենան մասնակից դառնալ: Ինչպես նաև ասվեց, որ յուրաքանչյուր քննարկումից ծնվելու է որևէ փաստաթուղթ՝ կոչի, ուղերձի կամ հայտարարության տեսքով:
Ստորև ներկայացնում է քննարկման ընթացքում հնչած ելույթներից մեջբերումներ:
Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ. «Անձամբ ես անշուշտ ողջունում եմ հանրությանը միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացներին մասնակից դարձնելու իշխանության ցանկությունը, սակայն չի կարող չմտահոգել այն, որ իշխանությունները հանրային քննարկում ասելով հասկանում է միայն այն շրջանակը, որը բաղկացած է երևանյան, այսպես կոչված, քաղաքական էլիտայով եւ ԶԼՄ-ներով:
Եվ սա այն դեպքում, երբ Շիրակը լինելով Թուրքիայի հետ սահմանակից մարզը, որտեղից եւ բացվելու է միակ երկաթուղային ճանապարհը, իր վրա անմիջականորեն է կրելու հարաբերություններ հաստատելու հետեւանքով ստեղծվելիք դրական կամ բացասական հետեւանքները, ուստի արժե, որ մեր այս քննարկմանը ինչ որ չափով անդրադառնանք նաև այդ հավանական իրավիճակին: Իմ խորին համոզմամբ իշխանությունները քննարկումները պետք սկսեին համայնքներից և առաջին հերթին Շիրակի մարզից:
Ինչպես գիտենք հանրապետության նախագահը այդ նույն նպատակով մեկնելու է արտասահմանյան ուղևորության, միանշանակ ողջունելի քայլ է, սակայն կարևորելով սփյուռքահայության կարծիքը չպետք է անտեսվի մարզերում բնակվող քաղաքացիներինը:
Անկասկած նախագահ Սերժ Սարգսյանը այլ կերպ կվարվեր և առաջին հերթին մարզեր կմեկներ հետո միայն սփյուռք, եթե մեր երկրում իշխանությունը պատկաներ ժողովրդին, ինչպես գրված է մեր սահմանադրությունում:
Ինչևիցէ … հիմա ուզում եմ անդրադառնալ Հայաստանում ներկայումս ընթացող քննարկումների բովանդակությանը: Հնչող կարծիքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարամերժ տեսակետների: Մի կողմից իշխանությունների տեսակետն է, մյուս կողմից ընդդիմության:
Լսելով մի կողմին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ապագան և միակ փրկողակը Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն է, եւ ճիշտ հակառակը` մյուս կողմի կարծիքով արձանագրությունների ստորագրմամբ և այդ կերպ հարաբերությունների հաստատմամբ և սահմանի բացմամբ Հայաստանն ապրելու է առնվազն մի մեծ ողբերգություն: Կարծում եմ երկու կարծիքներն էլ հավասարապես մերժելի են:
Առհասարակ մեր ժողովուրդը Երրորդ Հանրապետությունում ապրում էր կամ դեռևս ապրում է երկու հիմնական երազանքով եւ ձգտումով: Առաջինը դա Հայաստանում ժողովրդավարական, իրավական և սոցիալական կարգերի հաստատումն էր, որի պայմաններում մեր քաղաքացիները կապրեին արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով:
Իսկ երկրորդը` ազգային երազանքներն էին, որը հիմնականում բաղկացած է Ցեղասպանության ճանաչմամբ և Արևմտահայաստանով: Ինչպես գիտենք հայաստանյան անցած բոլոր իշխանությունների եւ քաղաքական ուժերի համառ ջանքերով առաջին երազանքը հավասարեցվեց հողին եւ ներկայումս Հայաստանում քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր դեռևս հույս են փայփայում, որ գոնե առաջիկա տասնամյակում կլինի ժողովրդավարական եւ իրավական երկիր:
Իսկ երկրորդ երազանքը վտանգի տակ է, ներկայումս պետական քարոզչամեքենայի Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալած, այսպես կոչված հանրային քննարկումների ձեւի եւ մեթոդների պատճառով:
Եվ եթե մի իշխանական կողմը հիասթափեցնում եւ ոչնչացնում է հայ ժողովրդի երազանքները, մյուս` ընդիմադիր կողմը առնվազն վախ, ահ ու սարսափ է տարածում, որը ոչ պակաս կործանարար է: Եվ երկու կողմերն էլ հավասարապես կարծես թե մոռանում են, թե ինչ անհեթեթ վիճակում ենք հայտնվելու այն դեպքում, երբ պարզվի որ Թուրքիան կրկին դաժան կատակ է անում եւ ամենևին մտադիր չէ, այսպես ասած, բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեզ հետ…»
Կարապետ Պողոսյան, «Սպիտակ Նառ» ՀԿ նախագահ. «Մեր կողմից նախաձեռնած «Առկա քաղաքական զարգացումները և մարտահրավերները՝ հայացք Շիրակից» քննարկումների նպատակն է ՀՀ-ում կատարվող քաղաքական պրոցեսները, դրանց զարգացումները և մարտահրավերները դիտարկել ՀԿ-ների տեսանկյունից, քանի որ հասարակական կազմակերպությունները ավելի սերտ են կապված հասարակության լայն շերտերի հետ:
ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներից ներկա փուլում առավել մտահոգողը հայ-թուրքական հարաբերություններն են, դրանց հետեւանքները, մարտահրավերները: Այդ իսկ պատճառով, որպես քննարկման առաջին նյութ կարեւորում ենք այս թեման: Առավել եւս հանրապետությունում այս թեմայով անցկացվող քննարկումները հիմնականում տարբեր քաղաքական կազմակերպությունների տեսակետներ են, եւ արտացոլում են իրենց քաղաքական դիրքորոշումները, հաճախ նաեւ չափազանց հակասական:
Մենք հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները ավելի շուտ կարեւորում ենք հետագա վտանգներին (մարտահրավերներին) դիմակայելու ռազմավարություն մշակելու գործընթացով, քանի որ պարզ ասած մենք այսօր կանգնած ենք կատարված փաստի առաջ, այսինքն՝ այսպես կոչված նախաստորագրված փաստաթուղթը արդեն սպասում է միայն վավերացման: Այն պետք էր դնել քննարկման թեկուզեւ իշխանական ֆորմատներով նախքան նախաստորագրելը:
Ուստիեւ պատկերացնելով դրա հետեւանքները՝ օրինակ ցեղասպանության հետ կապված, այս քննարկումների մեջ ակնկալում ենք հետագայում նմանօրինակ խայտառակ «ենթահանձնաժողովների» կողմից նախաստորագրությունների կանխումը»:
Յուրա Հարությունյան, լրագրող. «Ծնողներս միշտ ասում էին, որ «թուրքը միշտ էլ թուրք կմնա» եւ ես անձամբ դեմ եմ սահմանի բացմանը, որը կարող է բերել Հայաստանի բնակավայրերի թուրքացմանը»:
Արտակ Հովհաննսիյան, պատմաբան, արեւելագետ. «Ողջունելով քննարկումը պետք է ասեմ, որ ինստիտուտները և ՀԿ-ները առավել ակտիվ պետք է քննարկումներ կազմակերպեին, անձամբ կողմ եմ արձանագրությունների հաստատմանը: Սահմանի բացումը դեռևս չի նշանակում, թե թուրքերը պետք է գան եւ ողջ երկիրը պետք է գրավեն: Սա կապիտուլացիոն փաստաթուղթ չէ եւ արժե դրականը եւս տեսնել»:
Նորայր Պողոսյան, հնագետ. «Արձանագրությունները միակողմանի` թուրքական շահ հետապնդող փաստաթուղթ է, մենք ոչինչ չենք շահելու դրանց վավերացմամբ»:
Կարեն Մարտիրոսյան, «Ժամանակի հայացքից» ՀԿ, Երիտասարդ հայագետների միություն. «Արժե քննարկում ծավալել, թե ինչպիսի ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Շիրակի մարզի վրա»:
Սահակ Շիրինյան, Ջաջուռ գյուղի բնակիչ. «Մենք պետք է կարողանանք ազդել հայկական դիվանագիտության վրա, արձանագրությունների վավերացումը նշանակում է ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում, անձամբ դեմ եմ սահմանի բացմանը Թուրքիայի հետ»:
Կորյուն Սումբուլյան, Բավրայի գյուղապետ. «Սահմանի բացմանը ես կողմ եմ եւ համարում եմ, որ դա ընդամենը սահմանի բացում է հայերի եւ հայերի միջեւ, քանզի այն կողմը եւս համարում եմ մեր հողերը»:
Քննարկման ընթացքում մասնակիցները կարեւորեցին նման ազատ եւ անկողմնակալ քննարկումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ելույթներից պարզ դարձավ, որ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հասարակության կողմ եւ դեմ կարծիքները բաժանվում են գրեթե հավասարապես:
Վերջում որոշվեց մեկ շաբաթից «Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման» հետևանքները Շիրակի մարզում թեմայով եւս մեկ հավաք կազմակերպել եւ հետո միայն հանդես գալ համապատասխան հայտարարությամբ կամ ուղերձով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել