
Այսօր «Հայ էկոնոմբանկի» տնօրեն Դավիթ Սուքիասյանը լրագրողներին հայտարարեց, որ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Տնտեսության կայունացմանն ուղղված վարկավորման նոր ծրագիր:
«Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում, թե բանկերը չեն ձեռնարկում համապատասխան գործողություններ վարկային տոկոսադրույքների իջեցման ուղղությամբ: Դրա պատճառով մեր գործարարները, ներմուծողներն ու արտահանողները չեն կարողանում ստանալ ձեռնտու վարկեր:
Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը` «Հայէկոնոմբանկը» որոշել է ընդառաջել արտադրողներին եւ առևտրով զբաղվող սուբյեկտներին` ավելի ցածր գնով վարկեր ձեռք բերել»,- ասաց Դավիթ Սուքիասյանը:
Առաջին ծրագիրը ենթադրում է 10-12 տոկոս տոկոսադրույքով առեւտրային վարկեր, որոնք «Հայէկոնոմբանկը» տրամադրելու է առեւտրով զբաղվող ընկերություններին 1-2 տարի ժամկետով: Իսկ տոկոսադրույքը կախված է լինելու, թե տվյալ սուբյեկտը բանկի հիմնական հաճախորդն է, թե նոր է միայն դիմել:
«Հայէկոնոմբանկը» Տնտեսության զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացնելու է մի քանի միջազգային կառույցների աջակցությամբ:
Դ. Սուքիասյանի խոսքերով` այդ ամենի հետ մեկտեղ, բանկը շարունակում է վարկավորումն արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Եվրաբանկի օգնությամբ այս եռամսյակում «Հայէկոնոմբանկը» 10-12 տոկոս տոկոսադրույքով արդեն խոշոր գումարներ է տրամադրել մի քանի արտադրողների:
Բացի նոր վարկավորումներից, «Հայէկոնոմբանկը» իջեցնում է հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները բնակարաններ ձեռք բերելու համար` 16 տոկոսից հասցնելով 14 տոկոսի, իսկ բնակարանների վերանորոգման համար` 18 տոկոսի փոխարեն 16 տոկոս: Մնացած պայմանները մնում են անփոփոխ, այդ թվում եւ 30 տոկոս կանխավճարը, որը, բանկի տնօրենի խոսքերով, իրենք դեռ հնարավորություն չունեն իջեցնելու:
«Մենք մասնակցում ենք նաև Կենտրոնական բանկի հայտարարած, այսպես կոչված «ռուսական վարկի» ծրագրին, որի արդյունքում «Հայէկոնոմբանկը» կունենա դրամային վարկեր` սկսած տարեկան 15 տոկոս տոկոսադրույքներով»,- ասաց Դավիթ Սուքիասյանը:
Ամփոփելով եռամսյակը` «Հայէկոնոմբանկի» տնօրենը այն համարեց հաջող: Բանկն ակտիվներն ավելացրել է 15.5 տոկոսով, որը կազմում է մոտ վեց միլիարդ դրամ: Զուտ շահույթը կազմում է երեք հարյուր միլիոն դրամ:
Մինչ այսօր «Հայէկոնոմբանկը» արտադրական երեք վարկ է տրամադրել՝ 3.5 միլիոն, 1.2 միլիոն եւ 800 հազար դրամ, իսկ հիպոթեքային վարկերը կազմում են 2.5 միլիարդ դրամ, սակայն Դ. Սուքիասյանի խոսքերով, նախատեսվում է մինչև տարեվերջ այն հասցնել երեք միլիարդի, բայց ոչ ավելի:
Ինչ վերաբերում է վարկավորման ժամանակ տարադրամի ընտրությանը, ապա պրն Սուքիասյանը հավաստիացնում է, որ հնարավորության դեպքում նախապատվությունը կտային դրամին: Եվ չնայած դրամը նվազեցնում է վարկային ռիսկը, այնուամենայնիվ, «Հայէկոնոմբանկը» չունի համապատասխան քանակով դրամային ռեսուրսներ: Ելնելով այդ հանգամանքից` բանկը հիմնականում վարկավորումն իրականացնում է ԱՄՆ դոլարով:
«Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի ծրագիրը հնարավորություն է մեզ ընձեռում Համաշխարհային բանկի ծրագիրը, «ռուսական վարկը» և մի շարք այլ ծրագրերրի շրջանակներում վարկավորումը իրականացնենք դրամով»,-ասաց Դ.Սուքիասյանը:
Անդրադառնալով հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների իջեցմանը` բանախոսը այն անհնար համարեց գների նման անկայուն իրավիճակում` հավելելով, որ միայն շուկայի կայունացման դեպքում հնարավոր կլինի իրականացնել այդ գործընթացը:
Վերջում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ վնասներ է կրել կոնկրետ «Հայէկոնոմբանկը»` կապված ֆինանսատնտեսական ժգնաժամի հետ, պրն Սուքիասյանը պատասխանեց. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենամեծ հարվածը «Հայէկոնոմբանկի» համար եղավ արտարժույթի փոխարժեքից մեր կրած վնասները: Մարտ ամսին բավականին մեծ քանակով արտարժույթ վաճառեցինք հաճախորդներին, որն, իհարկե, կարող էինք մեզ պահել եւ մեծ շահույթ ստանալ: Սակայն «Հայէկոնոմբանկի» բաժնետերերը որոշեցին, որ հաճախորդի հաշվին մենք չպետք է շահույթ քաղենք»:
Դ. Սուքիասյանը համոզված է, որ տվյալ պարագայում սխալ է անտեսել ժամկետանց վարկերի հանգամանքը: «Հայէկոնոմբանկում» դրանք կազմում են պորտֆելի մոտ չորս տոկոսը: Չնայած կանխատեսումներին, որ հնարավոր է ժամկետանց վարկերի տոկոսը հասնի յոթի, բանկին հաջողվեց այն կայուն պահել` նկատելի նվազող տենդենցի պարագայում:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել