HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայ-թուրքական արձանագրությունները կլինեն Սահմանադրական դատարանում»

a-sargsyan_30.09.09Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քիչ առաջ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն իրենց համար անընդունելի են, եթե դրանք չխմբագրվեն: Վաղը Արամ Սարգսյանն իրենց առաջարկները կներկայացնի Ազգային ժողովին, դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ պարտավորություններին: «Հայաստանը երբեւէ որեւէ պարտավորություն չի ունեցել Թուրքիայի նկատմամբ: Սրանով թուրքերը փորձում են հաստատել Ղարսի պայմանագիրը, բայց այն 5 երկիր է ստորագրել, ուստի դա եւս երկկողմ չի կարող համարվել»,- ասաց Արամ Սարգսյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նաեւ պահանջելու է, որ արձանագրությունները միջազգային իրավական փորձաքննություն անցնեն: Արամ Սարգսյանի խոսքով` պատմական հարցերի անաչառ քննության կարիք չկա, դա կնշանակի կորցնել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարած աշխատանքի շնորհիվ միջազգային արդյունքները: ՀԴԿ նախագահը կարծում է, որ Թուրքիան ցանկանում է միավորվել եղբայր ժողովուրդների հետ, եւ այդ ճանապարհին միակ խոչընդոտը Հայաստանն է: «Եթե Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն այստեղ լիներ, նա գրեթե նույնը կասեր, մեր դիրքորոշումները համաձայնեցված են»,- վստահեցրեց Արամ Սարգսյանը: Արա Աբրահամյանը հայտարարությամբ հանդես կգա Սերժ Սարգսյանի` ԱՊՀ երկրներում բնակվող սփյուռքահայերի հետ Ռուսաստանում կայանալիք հանդիպումից հետո: Արամ Սարգսյանի խոսքով` անկախացումից հետո սփյուռքն առաջին անգամն է այսպես սուր եւ ակտիվ արձագանքում այն խնդիրներին, որով հանդես է եկել Հայաստանը: «Սրանք համազգային, համահայկական խնդիրներ են: Եթե սփյուռքն ու Հայաստանը պառակտվեն, դրանից մեծ հարված Հայաստանին չի կարող լինել»,- հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահը: Արամ Սարգսյանը կարծում է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները կարելի է վիճարկել Սահմանադրական դատարանում: «Ես համոզված եմ, որ արձանագրությունները կլինեն Սահմանադրական դատարանում, որպեսզի քննվի դրանց համապատասխանությունը մեր Սահմանադրությանը»,- ասաց ՀԴԿ նախագահը: Մարզերում ընթացող քննարկումների վերաբերյալ Արամ Սարգսյանն ասաց, թե եթերով ցույց են տալիս մարզպետարանների աշխատակիցներին, որոնք կախում ունեն իշխանությունից եւ ստիպված են իրենց դրական վերաբերմունքն արտահայտել արձանագրությունների վերաբերյալ: «Հայաստանում այնքան քաղաքական ուժեր կան, եւ ժողովուրդը բավարար ուժեր ունի, որ նաեւ սփյուռքի հետ միասին թույլ չտա վավերացնել այս արձանագրությունները»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter