HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նախագահի այցելությունն ուշացած է»

spyurk-press_30.09.09«Հայացք» ակումբի հյուրերն այսօր սփյուռքի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին` Ուրուգվայում հայկական  «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը, Լոնդոնի «Նոր սենդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը, Միացյալ Նահանգների «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական  բաժնի պատասխանատու Գրգոր Խոդանյանը և Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրդումյանը: «Մասիս» շաբաթաթերթը, որը տարածվում է Հարավային Կալիֆորնիայի տարածքում ապրող հայության շրջանում, հիմնականում անդրադառնում է հայաստանյան լրատվությանն ու ներքաղաքական կյանքին: Շուրջ 2 տարի գործող «Արաքս» ռադիոկայանը հեռարձակվում է շաբաթ-կիրակի օրերին: Ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանի խոսքով` իրենք հիմնականում հեռարձակում են հայկական երաժշտություն, հայաստանյան լուրեր` փորձելով օբյեկտիվ ներկայացնել Հայաստանի քաղաքական-տնտեսական պատկերը: Հաճախ նաև ունկնդիրներն են մասնակցում հաղորդմանը: 1500 տպաքանակով լույս տեսնող Լոնդոնի «Նոր սենդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը նշեց, որ ամսագիրն արդեն 15 տարեկան է, այն երկլեզու է, 65 էջանոց` գունավոր տպագրութամբ: «Մեր թերթի հովանավորությամբ հաճախ ենք միջոցառումներ ունենում բրիտանական խորհրդարանում»,- ասաց նա: Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ «Արարատն» էլ լույս է տեսնում 1937-ից: Թերթի բովանդակությունը  ազգային, քաղաքական ու հայրենական է, անդրադառնում է Լիբանանի ու հայաստանյան քաղաքական կյանքին: Նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնելու է համահայկական ուղևորություն և հանդիպելու է սփյուռքահայության հետ: Անդրադառնալով այդ ուղևորությանը` «Նոր սենդի ձայն»-ի խմբագիր Մանուել Ադամյանն ասաց, որ այդ այցելությունն ուշացած է: «Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 մայրաքաղաքներ, որոնցում, ըստ երևույթին, ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պիտի բավարարվի, կամ պիտի կարծի, թե դրանով սփյուռքը կբավարարվի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի անելիք քայլերով: Նախ այս հարցն ամբողջ հայ ժողովրդին է վերաբերում, այն չի կարող լինել միայն Հայաստանի իշխանությունների խնդիրը: Հետևաբար չի կարելի  սփյուռքին անտեսել այս հարցում, այն մեծ դեր պետք է ունենա այստեղ: Մենք պահանջում ենք, որ մեր դարավոր թշնամին ճանաչի Ցեղասպանությունը: Նախագահի այցելությունը համոզիչ չէ, և մենք մերժում ենք նմանօրինակ ճաշկերույթային այցելությունները: Այդպես չեն բանակցում սփյուռքի հետ»,- ասաց նա: Գրգոր Խոդանյանն էլ անդրադարձավ ԱՄՆ-ի տարածքում տեղի ունեցող քննարկումներին` նշելով, որ տեղի ԶԼՄ-ներով  բուռն քննարկումներ են տեղի ունենում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որին մասնակցում է նաև ժողովուրդը` ուղիղ եթերով: «Ընդվզում կա այդ արձանագրությունների կապակցությամբ, ու իբրև այդ ընդվզումների արտահայտում` կիրակի օրը Լոս Անջելեսում հսկա ցույց տեղի ունեցավ, որը հավանաբար սփյուռքում ամենից մեծ ժողովրդական համախմբումն էր, ստորագրահավաք տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի այցելությանը, այն ուշացած է, իսկ այցելության ձևը նաև խոցելի է այն իմաստով, որ տարբեր քաղաքների մեջ կազմակերպված են ճաշկերույթներ: Մտահոգությունը բոլորի մոտ է և' ցեղասպանության հարցով, և' դրա հետևանքով հայապահպանման  ապագայի ուղղությամբ»,- ասաց նա: «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրդումյանի կարծիքով էլ` սփյուռքահայության մերժման հիմնական պատճառն  առաջին հերթին հոգեբանական է: Հոգեբանական խնդիր կա, որը սփյուռքահայերը չեն կարող հաղթահարել: «Ես նաև կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, նախագահը ճնշումների տակ են` Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կապակցությամբ: Ճնշումների տակ են ոչ միայն արևմուտքի` Եվրոպա, ԱՄՆ, այլև Ռուսաստանի կողմից: Ես նաև հասկանում եմ  նախագահի վիճակը, որ դժվար կացության մեջ է, ուզում է ելք գտնել, և քննադատելով հանդերձ` ես կողմնակից եմ նաև, որպեսզի մենք աջակցենք նախագահին, ու նա բոլորովին մենակ չմնա Արևմուտքի ու Ռուսաստանի դիմաց»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter