HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրենի հարսներին հավաքարարի «պաշտոնն» է բաժին հասել

Վերջերս խմբագրություն դիմեց ծնողներից մեկը եւ սկսեց պատմել, թե ինչ չարաշահումներ է թույլ տալիս  Էջմիածնի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը: Քանի որ դժգոհությունների մի մասն անձնական բնույթի էին, դրանց չենք անդրադառնում: Ծնողը ներկայացրեց մի շարք մարդկանց անուններ, ովքեր ձեւակերպվելով դպրոցի աշխատակազմում` ոչինչ չանելով աշխատավարձ են ստացել ու այժմ էլ շարունակում են ստանալ: Այդ ցանկի մեջ զգալի տեղ են զբաղեցնում տնօրեն Հունան Մարտիրոսյանի ընտանիքի անդամները:

Համոզվելու համար այցելեցինք դպրոց: Մինչ հաշվապահը կտար աշխատակազմի ցուցակը, տնօրեն Հ. Մարտիրոսյանը մի քանի «քաղցր» խոսք ասաց մեզ տեղեկություն տվողի հասցեին, ապա «որպես տղամարդ» ասաց, թե իր մոտ որեւէ խախտում չենք գտնի: Սակայն, հաստիքացուցակում գտանք այն բոլոր մարդկանց անունները, որ մեզ տրամադրել էր ծնողը:

Թիվ 3 դպրոցում դասվար է աշխատում Հունան Մարտիրոսյանի կինը` Սիլվա Փալիկյանը: Նա նախադպրոցականի կրթություն ունի, սակայն, որպես դասվար է աշխատում: Պարոն Մարտիրոսյանը ցույց տվեց մի վկայական, որը վկայում էր, թե  Սիլվա Փալիկյանը մասնակցել է դասընթացների: Մինչդեռ, վկայականը վերաբերում էր «Կյանքի հմտություններ» առարկային, այլ ոչ թե դասվարի հաստիքին:

Տնօրենը փորձում էր ապացուցել, որ իր կինը դասվար չէ, այլ ընդամենը մի քանի ժամ ունի «Կյանքի հմտություններ» առարկայից: Սակայն, տիկին Փալիկյանի աշխատանքային գրքույկում, ինչպես նաեւ վերջին տարիների հաստիքացուցակներում նա ձեւակերպված է որպես դասվար: Էջմիածնի թիվ 3 դպրոցում, որպես հավաքարար ձեւակերպված են նաեւ Հունան Մարտիրոսյանի 2 հարսները` Հեղինեն եւ Լիանան: Աշակերտներից փորձեցինք պարզել, թե արդյոք դպրոցում որեւէ մեկը տեսե՞լ է տնօրենի հարսներին աշխատելիս: Ոչ ոք նրանց չէր ճանաչում: Պարզվեց, որ Լիանայի փոխարեն դպրոցում աշխատում է մի տարեց կին` Ամալյա անունով: Հաստիքացուցակից երեւում է, որ դպրոցում աշխատում են 4 հավաքարարներ, սակայն երեխաները միշտ տեսնում են Ամալյա տատիկին, իսկ մնացածներին չեն էլ ճանաչում: Հեղինեին նույնպես դպրոցում չտեսանք, Հ. Մարտիրոսյանի փոխանցմամբ, նա «ֆիզարձակուրդի մեջ է»:

Պարզվում է,  հավաքարարի «պաշտոնը» բավականին գրավիչ է թիվ 3 դպրոցում: Նախորդ տարի, որպես հավաքարար է «աշխատել» նաեւ դպրոցի ուսմասվարի աղջիկը` 27-ամյա Նաիրա Գրիգորյանը: Նա այս տարի «աշխատանքից» ազատվել է իր դիմումի համաձայն: Տնտեսվարի հաստիքով է աշխատում Հունան Մարտիրոսյանի որդին` Սարգիս Մարտիրոսյանը:

Մյուս որդին` Արտակը, մինչեւ սեպտեմբերի 1-ը աշխատել է, որպես պահակ, բայց դարձյալ ոչ ոք նրան չի տեսել պահակություն անելիս: Հունան Մարտիրոսյանը չժխտեց, որ թվարկվածներն իր ընտանիքի անդամներն են եւ նրանց դպրոցում ոչ ոք աշխատելիս չի տեսել: Տնօրենն այս ամենը պատճառաբանեց նրանով, որ 3 սենյականոց բնակարանում ապրում են 9 հոգով եւ ստիպված է այդ քայլին դիմել:

«Լավ օրից չեմ արել: Ընտանիքը ծանրաբեռնված էր, դրա համար եմ այդ քայլին գնացել»,- արդարացավ տնօրենը: Ինչ վերաբերում է Արտակ Մարտիրոսյանին, ապա Հունան Մարտիրոսյանի ասելով, նա ավարտել է Ֆիզկուլտ ինստիտուտը եւ աշխատանք չունենալու պատճառով ստիպված տեղավորել է դպրոցում:

«Իսկ ինչու՞ այս տարի ազատեցիք Արտակին»,-հարցրի Հ. Մարտիրոսյանին:

«Էջմիածնի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ժամեր ունեցավ, դրա համար ազատեցի»,-պատասխանեց տնօրենը: Նշենք, որ հաստիկացուցակները կազմվում են 3 օրինակից. մեկը մնում է դպրոցում, մյուս 2-ը` Կրթության եւ գիտության նախարարություն եւ մարզպետարան է ուղարկվում: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի իմացել, որ Էջմիածնի թիվ 3 դպրոցում աշխատում են տնօրենի ընտանիքի բոլոր անդամները:

g-sayadyan_30.09.09

«Դպրոցի սպասարկման անձնակազմի անունները մեզ մոտ չեն գրվում: Պարզապես իմանում ենք, որ այդքան հավաքարար, պահակ կամ այլ աշխատողներ ունեն: Բայց, եթե նույնիսկ գրվեր` միեւնույն է, ես չէի իմանա, որ դրանք տնօրենի ընտանիքի անդամներն են»,-հավաստիացրեց Գ. Սայադյանը:

Գայանե Սայադյանը հավելեց, որ այս հարցն անպայման կպարզի եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի: Նշենք, որ Հունան Մարտիրոսյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Էջմիածնից մեծամասնականով ընտրված ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ: Տնօրենն այդ մասին հաճախ է «հիշեցնում» կոլեկտիվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter