HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետը նշեց պաշտոնավարման 100 օրը

s-sahakyan_30.09.09Երեկ լրացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ առթով մարզպետը հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Սարգիս Սահակյանը նախ ներկայացրեց վերջին տարիներին մարզում կատարված աշխատանքները, ապա ավելացրեց, որ գոհ է  վերջին 8-9 տարիների կառավարության վարած քաղաքականությունից: «100 օրվա ընթացքում չէինք կարող մեծ աշխատանքներ կատարել` հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամն ու այսօրվա իրավիճակը: Բայց կարող ենք ասել, որ մեր մարզում բյուջեի ու Համաշխարհային բանկի միջոցներով աշխատանքներ կատարվել են ու հիմա էլ դրանք շարունակվում են»,-ասաց մարզպետը: «Հետքի» այն հարցին, թե «ինչի՞ համար եք գոհ կառավարության վարած քաղաքականությունից, երբ գյուղացիները դժգոհում են, որ բնական աղետներից եւ այլ վնասներ կրելուց կառավարությունից հատուցում չեն ստանում» մարզպետը պատասխանեց. «Այդպես չի: Կառավարությունը միշտ էլ օգնել է գյուղացուն: Անվճար պարարտանյութ, սերմացուներ են հատկացրել: Հիմա էլ 1 հեկտարի համար 35 հազար դրամ օգնություն են տալիս: Ինչ է դա օգնություն չի՞»: Սակայն մարզպետը խոստովանեց, որ վերջին 2 տարում գյուղացիներին սերմացուի հարցում չեն կարողացել օգնել: Սարգիս Սահակյանի խոսքերով, ինքը հիմնականում նպատակաուղղված աշխատում է բարերարներ եւ հովանավորներ գտնել մարզի համար, որպեսզի ներդրումներ անեն: «Արդեն հանդիպել եմ մոտ 10 բարերարների ու կազմակերպությունների հետ: Նախնական պայմանավորվածություններ ունենք, որոնք պետք է իրագործվեն գալիք տարում: Վստահ եմ, որ 2010-ին մարզում ներդրումները կավելանան»,-հույս հայտնեց մարզպետը: Նա թվարկեց բոլոր այն համայնքները, որտեղ այս տարի գազաֆիկացման, դպրոցաշինության ու ճանապարհաշինության աշխատանքներ են ընթացել: Ս. Սահակյանի ասելով, խորհրդային տարիներին գազաֆիկացված էր մարզի 13 համայնքը, իսկ այսօր արդեն` 63-ը: «Երբ հանդիպումներ եմ ունենում ներդրողների հետ, նրանց անկեղծ խոստանում եմ, որ ամեն հարցում օգտակար եմ լինելու իրենց աշխատանքներում: Նրանց խոստանում եմ նաեւ, որ մարզում ոչ մի խոչընդոտ չեն ունենալու: Տեսնում եմ, որ դա ոգեւորում է ներդրողներին եւ նրանք ուրախ են հեռանում»,-նշեց մարզպետը: Այս եւ եկող տարում բնակարանով կապահովեն մարզի 9 ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր տնակներում: Ծրագիրն իրականացնում են «Առաջ Հայաստան» հիմնադրամն ու Պաշտպանության նախարարությունը: Թեեւ այս տարին բարենպաստ չէր մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողների համար եւ բնական աղետներն անպակաս էին, սակայն մարզպետը նշեց, որ  10 հազար տոննայից ավել պտուղ եւ նույնքան էլ հացահատիկ են ունեցել: «Հանրապետությունում մեր մարզն ամենաբարվոք վիճակում է գտնվում: Սա ես չեմ ասում, վիճակագրական տվյալներն եմ ձեզ փոխանցում»,-նշեց մարզպետը: Ի՞նչ են ասում գյուղապետերը Մարզի մի քանի համայնքապետերից նույնպես հետաքրքրվեցինք, թե գյուղատնտեսական տարին ինչպիսին էր իրենց համայնքների համար: Իրինդի գյուղապետ Ալեքսան Քոթանյանն ասաց, որ այս տարին բարենպաստ էր իրենց համար, քանի որ տարին անձրեւային էր եւ ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել: «Այս տարի բերքը լավ էր եւ բարեբախտաբար կարկուտի տակ չընկանք»,-ասաց Ա. Քոթանյանը: Ծաղկաշենի համայնքապետ Խալաթ Ոսկանյանը լսելով հարցը անմիջապես անջատեց հեռախոսը ու դարձավ անհասանելի: Այս տարին անբարենպաստ էր Սիփան գյուղի համար: Համայնքապետ Թենգիզ Մամոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարին «ծանր ու անտանելի» է եղել գյուղատնտեսության համար: «Միշտ անձրեւ է եղել ու գյուղացիները չեն կարողացել իրենց բերքը տուն հասցնել: Այս պահին էլ 50 հեկտար գարի մնացել է ձյան տակ: Մարդիկ խոտ չեն կարողացել կուտակել եւ անասունների համար ձմռան կեր չունեն»,-նշեց գյուղապետը: Թ. Մամոյանից հետաքրքրվեցինք, կառավարությունից որեւէ օգնություն ստացե՞լ են: «Ոչ մի բան էլ չենք ստացել, բացի ցանված մեկ հեկտարի համար տրվող սուբսիդիայից»,-ասաց Սիփանի գյուղապետը: Գրիշա Բալասանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter