HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գագիկ Հարությունյանը նշել է, թե որն է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ամենավտանգավոր կետերից մեկը

g-harutyunyan_30.09.09Թուքիայում որպես պաշտոնական դոկտրին ընդունված Գյուլի դեկլարացիան պանօսմանիզմ է ենթադրում «Իրոք, կան թերություններ այդ փաստաթղթում: Կարծում եմ` եթե մեր ԱԳՆ-ն ավելի որակով աշխատեր, գուցե եւ որոշակի թերություններ բացակայեին»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին: Նա միաժամանակ նշեց, որ արձանագրությունները ստորագրելը բխում է մեր ազգային շահերից: Գագիկ Հարությունյանի խոսքերով` արձանագրությունները պետք չէ ֆետիշացնել, քանի որ «դրանք չեն, որ որոշելու են գործի էությունը»: Եվ եթե տարբեր երկրների միջեւ կնքված բոլոր արձանագրությունները առ այսօր պահպանվեին, ապա դարեր շարունակ աշխարհը շատ խաղաղ ու բարվոք կլիներ: Սակայն բոլոր համաձայնագրերը շատ հեշտությամբ խախտվում են, եթե դա է պահանջում իրադրությունը: Օրինակ` Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ստորագրելուց 2 տարի անց կողմերը պատերազմ սկսեցին իրար դեմ: Իսկ 1975 թ. ստորագրված Հելսինկյան համաձայնագրի ողջ գաղափարը զրոյացվեց, և այսօր քչերն են հիշում դրա մասին: Գագիկ Հարությունյանը նշեց, որ ըստ մամուլում հրապարակված սոցիոլոգիական հարցումների` հայ-թուրքական ներկա գործընթացի կողմնակիցների և ընդդիմադիրների հարաբերակցությունը ՀՀ-ում 50-50 է, իսկ սփյուռքում պետք է որ դեմ եղողները շատ ավելի շատ լինեն: «Ես կարծում եմ, որ նախագահի այցը փորձ է լինելու հաշտեցնելու կողմերին և միավորված գործելու»,- ասաց «Նորավանքի» տնօրենը` անդրադառնալով նախագահի` սփյուռք կատարելիք այցին: «Նախագահը գնում է համոզելո՞ւ, թե՞ ինքն իր համար կարծիք ձևավորելու» լրագրողի հարցին Գագիկ Հարությունը պատասխանեց, որ ցանկացած հայի որևէ բան համոզելը շատ դժվար է, և, իր կարծիքով, նախագահը փորձելու է անել այնպես, որ հայ-թուրքական արձանագրությունները չհանգեցնեն հայության մասնատմանը: «Եթե հաջողվի հայության մեջ սեպ խրել այս խնդրում, ապա իրոք համարեք, որ թուրքերը շահել են այս խաղը»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Միաժամանակ նա նշեց, որ ամեն ինչին «ոչ» ասելը ամենահեշտ ճանապարհն է, և Հայաստանը ընտրել է երկրորդ ճանապարհը: «Հայաստանը գնում է ակտիվ հարաբերությունների Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ դա ենթադրում է մեր ռեսուրսների կենտրոնացում, օգտագործում, որպեսզի մենք կարողանանք մրցունակ լինել Թուրքիայի հետ հարաբերություններում: Եթե դա մենք չկարողանանք անել, ուրեմն դա, իրոք, գուցե և շատ տխուր կվերջանա մեզ համար»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նրա համոզմամբ` «մենք պարտավոր ենք խիստ էֆեկտիվ օգտագործել հայության բոլոր ռեսուրսները: Կարծում եմ` հայությունը պետք է գործի երկու ռեժիմով: Պետությունը պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է այդ պետության անվտանգության բարձրացման համար: Իսկ հայությունը պետք է ավելի ակտիվացնի իր ջանքերը Թուրքիայի հետ իր խնդիրները լուծելու առումով»: Գագիկ Հարությունյանը հավելեց, որ իսրայելական փորձագետների գնահատմամբ` ողջ հայության տնտեսական ներուժը գրեթե հավասար է Թուրքիային: Թուրքիայի ՀՆԱ-ն 450 մլրդ է: Գրեթե նույնքան արտադրում են հայերը ողջ աշխարհում: «Միևնույն ժամանակ կազմակերպվածության բացակայությունը երբեմն թույլ չի տալիս մեր այդ ռեսուրսները ավելի նպատակաուղղված օգտագործել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Լրագրողներից մեկը հարցրեց. «Ասացիք, որ Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կողմ և դեմ կարծիքները 50-50 են: Այս դեպքում կարելի՞ է ասել, որ Հանրային խորհուրդը հանրության կարծիքը չի արտահայտում, որովհետև երեկ նրանք հայտարարությամբ են հանդես եկել ու նշել, որ հանրությունը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Վերջում էլ հավելել են, որ ոչ ենթատեքստում, ոչ էլ ենթատեքստից դուրս ԼՂ խնդիրը չի փոխկապակցվում հայ-թուրքական խնդրին»: Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած հայտարարություն, որը անում է Հանրային խորհուրդը, նստած է նրանց խղճի վրա: Ես կարծում եմ` նման հայտարարությունը կոռեկտ չէ, որովհետև միշտ պետք է հաշվի առնել ընդդիմախոսների կարծիքը և ավելի չբևեռացնել այդ կարծիքները և մոտեցումները»: Գագիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀ ազգային ժողովը պետք է հայ-թուրքական արձանագրութունները վավերացնի միմիայն այն բանից հետո, երբ Թուրքիան կվավերացնի դրանք: «Որպես Հայաստանի քաղաքացի` ես չէի ուզենա լինել այն վիճակում, երբ մենք ստորագրում ենք ինչ-որ բան, մեր Ազգային ժողովը հաստատում է, իսկ թուրքերը` ոչ: Այսինքն` այստեղ մենք պետք է փորձենք շատ նուրբ գործել, և որոշակի նախաձեռնություն ցուցաբերելով` այդքան էլ առաջ չընկնել»,- ասաց նա: Գագիկ Հարությունյանի խոսքերով` այսօր Թուքիայում որպես պաշտոնական դոկտրին ընդունված է Գյուլի դեկլարացիան, որը ենթադրում է պանօսմանիզմ: Ըստ այդ դեկլարացիայի` պետք է վերակառուցել Օսմանյան կայսրությունը, քանի որ, ըստ թուրք գաղափարախոսների, Օսմանյան Թուրքիան ավելի բարերար կլինի տարածաշրջանի համար, քան արդի վիճակը, և Թուրքիան պետք է խոշորագույն էքսպանսիա կատարի դեպի արևելք` Իրանի, Պակիստանի, Եգիպտոսի ուղղություններով: Էքսպանսիան, սակայն, պետք է տեղի ունենա ոչ թե ռազմական, այլ փափուկ ուժ կիրառելով, այսինքն` տեղեկատվական-ցանցային, տնտեսական, ֆինանսական միջոցներով, թուրքական մշակութային կոդը հարևան երկրներին ներարկելով: «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ամենավտանգավոր կետերից մեկն այն է, որ մենք անմիջական քաղաքակրթական շփման մեջ ենք մտնում ևս մեկ ազգի հետ, որը այնքան էլ քաղաքակրթական չէ»,- ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: Նրա խոսքերով` Թուրքիան կարծես որոնման մեջ գտնվող հանցագործի կարգավիճակ ունի միջազգային հանրության աչքերում, քանի որ գենոցիդոգեն երկիր է (իրագործել է հայերի, հույների, ասորիների և այլ ցեղասպանությունները) և Հայասատանի հետ հարաբերություններ հաստատելը հնարավորություն կտա Թուրքիային փոխել հանցագործի կարգավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter