HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղը ներկայացվեց նաեւ Փարիզում

arcakh_30.09.09ԼՂՀ զբոսաշրջային ոլորտի պատվիրակությունը մասնակցել է Փարիզում սեպտեմբերի 22-25-ը կայացած TOP RESA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որին դարձյալ փորձել են խոչընդոտել ադրբեջանցիները: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ցուցահանդեսի մանրամասներին ծանոթացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքերով, մինչեւ ցուցահանդեսի բացումը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանն առ այն, որ Ղարաբաղը ճանաչված չէ, եւ նա իրավունք չունի մասնակցել միջազգային ցուցահանդեսին: Ադրբեջանցիները փորձել են նաեւ ընդհանրապես հանել ցուցահանդեսից Ղարաբաղի տաղավարը, սակայն դա նրանց չի հաջողվել: Սերգեյ Շահվերդյանը պատմել է, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդիպել է իրենց հետ, եւ միասին քննարկել են Ղարաբաղի` միջազգային ցուցահանդեսներում հետագա մասնակցության վերաբերյալ հարցեր: Ղարաբաղյան պատվիրակության անդամները ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այսուհետ էլ կմասնակցեն նման միջոցառումներին եւ Ադրբեջանին մնում է միայն հաշտվել այդ մտքի հետ: Ցուցահանդեսում, որը միայն բաց էր զբոսաշրջության ոլորտի մասնագետների ու ներկայացուցիչների համար, Ղարաբաղը, Ս.Շահվերդյանի խոսքերով, մասնակցում էր բավականին գրավիչ տաղավարով, որտեղ ներկայացված էին ինչպես երկիրը նկարագրող տարբեր լուսանկարներ ու գրքեր, այնպես էլ հուշանվերներ ու հանրահայտ ղարաբաղյան գինի եւ օղի: Ցուցահանդեսի ժամանակ ձեռք բերված պայմանավործաությունների մասին հարցին ի պատասխան Սերգեյ Շահվերդյանը շեշտել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան եւ չեն էլ ակնկալում այդքան շուտ, քանի որ Ղարաբաղը միջազգային զբոսաշրջային շուկայում դեռ նոր է, եւ արդյունքներ կարելի է ակնկալել մի քանի տարի հետո: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ շատ լուրջ աշխատանք է հաջողվել կատարել տեղեկատվության տրամադրման առումով: Ղարաբաղյան պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել պետական եւ մասնավոր սեկտորի ֆինանսական աջակցությամբ. վարչության պետի խոսքերով, պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 6 մլն դրամ, որը ծասվել է տաղավար վարձելու եւ տաղավարի պատրաստման համար, իսկ մյուս կարիքները հոգացել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը: Արցախի պատվիրակությունը երկու շաբաթ հետո պատրաստվում է մասնակցել նաեւ Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք միջազգային ցուցահանդեսին: «Մենք փորձելու ենք այս անգամ մասնավոր սեկտորի մասնակցության շրջանակներն ընդլայնել»,-ավելացրել է Ս.Շահվերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter