HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն

Մահացած պայմանագրային զինծառայողի հարազատները հակված են հավատալ սպանությանը

 2 տարեկան Էրիկը արդեն մի քանի օր է չի քնում հոր կարոտից: Տղային հանգստացնելու համար ստիպված հոր` Կարո Սեւանյանի լուսանկարն են տալիս, որ Էրիկը նայի ու հանդարտվի:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Կարո Սեւանյանը կասկածելի հանգամանքներում ինքնասպան է եղել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում էր Ճամբարակի N զորամասի հրետանային գնդում: Կարոյի մոր` Լենա Ասլանյանի պատմելով, տղայի կյանքը հիմնովին փոխվել է, երբ այս տարվա մարտին նրան շնորհեցին լեյտենանտի կոչում: «Թե ինչու այդպես պատահեց` պատճառը չգիտենք, բայց ինչ լեյտենանտի կոչումը ստացավ` երեխուս հաջողությունները շրջվեցին: Ինքը 3 տարի է պայմանագրային հիմունքներով ծառայում է բանակում, բայց ոչ մի խնդիր չի ունեցել: Բայց մարտից ամեն ինչ փոխվեց»,-«Հետքին» պատմեց տիկին Լենան: Կարոյի քույրն էլ հիշեց, որ եղբոր կյանքում ամեն ինչ շրջվեց, երբ ամիսներ առաջ գնացել էր Արմավիր` զորավարժությունների: «Թե ինչ են արել, ինչ չեն արել` չգիտենք: Դրանից հետո անընդհատ զանգում էին, ռազբիրատների մեջ էր Կարոն: Այդ ինչ ռազբորկաներ են եղել, որ վերջին օրը կնոջն ասել է` զզվել եմ էս ռազբորկաներից: Ամսվա 1-15-ը Կարոն պետք է գործի գնար, իսկ 16-30-ը` մնար տանը, բայց իրան տուն չեն թողել մնա` անընդհատ ռազբորկաների մեջ է եղել»,-պատմեց Երանուհին: Կարոն ունի 2 անչափահաս որդի` 2-ամյա Էրիկն ու 8 տարեկան Գագիկը: Կարոյի հանկարծակի ինքնասպանությունը իրարանցում է առաջացրել Ճամբարակում: Քաղաքում ոչ ոք չի հավատում, որ Կարոն կարող էր ինքնասպան լինել: Ինչպես ընտանիքում, այնպես էլ Ճամբարակում քննարկում են միայն մեկ վարկած` «Կարոյին սպանել են»: Տիկին Լենայի պատմելով, օգոստոսի 29-ի առավոտյան Կարոն դուրս է եկել տանից եւ 3 օրով գնացել է Արդանիշ` սպայական հավաքի: «Օգոստոսի 31-ին ժամը 9.30-ին տղայիս կամանդիրը` Միշա Շառյանը եկավ մեր տուն, թե Կարոյին ասեք մեքենայով գա, որ պոստերը փոխենք: Ասեցի, որ Կարոն տուն չի եկել: Ինքն էլ ասաց, թե երեւի մնացել է ընդեղ, որ անասուններին սրսկի (Կարոն մասնագիտությամբ անասնաբույժ է,-հեղ.): Կես ժամ հետո Շառյանը նորից զանգեց ու ասաց, որ Արդանիշից Կարոն եկել է: Քիչ անց նորից վարորդի հետ Շառյանը եկավ մեր տուն: Ես հիմա եմ հասկանում, որ նրանք այլայլված էին: Երեւի իրենք դեպքի համար արդեն կասկածում էին, որովհետեւ մեկ ժամվա մեջ 3 անգամ Կարոյի հարցով ինձ դիմեցին: Հետո նկատեցինք, որ Կարոյի աֆիցերսկի պայուսակը մեր աստիճանների վրա դրված էր, բայց տղաս տուն չեր մտել: Շառյան Միշիկը իր ձեռքով բացեց պայուսակը ինչ-որ թղթեր վերցրեց, ասելով, որ այդ թղթերն Արդանիշից իրեն են ուղարկել: Դրանից հետո Ռազմական ոստիկանությունից մարդիկ եկան ու սկսեցին փնտրել Կարոյին: Հետո սկսեցին սահմաններում փնտրել` մտածելով, որ տղաս սահմանն անցել է: Նաեւ մտածեցին, որ Հայաստանից է  դուրս եկել, բայց տեսանք, որ անձնագիրը տանն էր: Երբ երկրորդ անգամ ռազմական ոստիկանությունից մարդիկ եկան մեր տուն` արդեն մտածեցի, որ իմ երեխան չկա: Ճամբարակով մեկ սկսեցինք փնտրել»,-ավելացրեց որդեկորույս մայրը: Տիկին Լենայի ասելով, աղջկա` Երանուհու ամուսինը սեպտեմբերի 3-ին Երեւանից եկել է Ճամբարակ, քանի որ ուշ է եղել չի թողել, որ փեսան գնա Ճամբարակում գտնվող իրենց տուն: «Առավոտը գնաց տուն ու Կարոյիս գտել էր իրենց մարագում կախված:  Տղայիս գտել են ծնկաչոք, գլխարկն էլ գլխին` զիվորական շորերով: Կարոյիս պարանոցը կոտրած է եղել: Հիմա ինձ հետաքրքրում է, եթե Կարոն է իրան կախել` վիզը ինչպե՞ս կոտրեց»,-ավելացրեց տիկին Լենան: Մայրը վերհիշեց, որ օգոստոսի 24-ին նորից զանգել են Կարոյին եւ նա զինվորական շորերով տանից դուրս է եկել: Երբ տիկին Լենան հարցրել է, թե ուր է գնում, Կարոն ասել է` գնում եմ ու ամսի 28-29-ը կպարզվի` կաշխատեմ, թե չեմ աշխատի: Երբ հարցրել է պատճառը` Կարոն խոստացել է ասել ամսի 29-ից հետո: Սակայն այդպես էլ Կարոն ամսի 29-ից հետո տուն չեկավ ու ընտանիքի անդամները չիմացան, թե ինչ էր կատարվում նրա հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում: «Օգոստոսի 31-ի գիշերն էլ է հալածված եղել եղբայրս: Մարդիկ Կարոյին տարբեր փողոցներում են տեսել: Իրան հալածել են ու եղբայրս տուն չի մտել, անընդհատ այս ու այն կողմ է գնացել: Եթե ինքնասպանություն է եղել, ինչու՞ Կարոն մի 2 տող գրություն չի թողել, թեկուզ ասեր` մամ ջան կներես»,-հուզված ասաց Երանուհին: Նա ավելացրեց, որ Կարոյի զինվորական ընկերները վերջին օրերին կեղծ լուրեր են տարածում, թե իբր Կարոյի կինը պահանջներ է դրել ամուսնու առջեւ, որ ատամները վերանորոգի, ինչպես նաեւ ստիպել է լվացքի մեքենա գնեն ու Կարոն չդիմանալով ճնշումներին` ինքնասպան է եղել: «Լվացքի մեքենան շուտ են առել` Էրիկի ծնվելու փողով են առել: Նաեւ լսում ենք, որ ասում են, թե իբր աղբերս մեծ պարտքեր է ունեցել ու դրա համար է այդ քայլին գնացել: Նման պարտքեր չի ունեցել: Անցյալ տարի 1000 դոլար մի բանկից էր վարկ վերցրել, 150 հազար դրամ էլ` մեկ այլ բանկից: Վարկի մարման ժամանակը դեռ չի եկել, բայց աղբերս արդեն մի մասը մարել էր»,-ավելացրեց Երանուհին: Կարոյի քույրը պատմեց, որ ոստիկանների կողմից առաջ քաշած ինքնասպանության վարկածը սուտ է, քանի որ եղբայրը լուրջ ծրագրեր ուներ եւ ամենեւին էլ մահվան մասին չէր մտածում: Դեպքից նույնիսկ մի քանի օր առաջ Կարոն ճարտարապետ է հրավիրել, որպեսզի տունը վերանորոգի: Ընտանիքի անդամների ասելով, վերջին 3-4 ամիսների ընթացքում Կարոն աշխատավարձ տուն չի բերել: Ուրիշներից են իմացել, որ աշխատավարձ քարտը գտնվել է Կարոյի ծառայողներից մեկի մոտ, իսկ աշխատավարձը Կարոյի փոխարեն ստացել է բանկոմատի աշխատողը: Տիկին Լենային նաեւ դա էր հետաքրքրում, թե ո՞վ է այդ ամիսներին Կարոյի փոխարեն աշխատավարձ ստացել եւ ինչու՞ պետք է աշխատավարձի քարտը մի քանի ամիս հայտնվեր այլ մարդու ձեռքին: «Մենք գիտենք, որ վարկ է վերցրել, բայց դա քիչ գումար է եղել ու դրա համար ինքնասպանության չէր գնա: Իրանց  փրկելու համար են ասում, որ վարկի պատճառով է Կարոն իրան կախել: Նախ գումարը շատ չէր, հետո էլ` հիմա ով վարկ չի վերցնում: Տղաս ոչ խաղամոլ է եղել, ոչ էլ խմող է եղել ու ինքն այլ պարտքեր չուներ»,-ասաց Կարոյի մայրը: Տիկին Լենան վիրավորված էր, որ պաշտպանության նախարարությունից ոչ ոք իրենց տուն չի եկել ու չի հարցրել, թե ինչպես է կատարվել դեպքը: «Նույնիսկ առ այսօր Շառյան Միշիկը Կարոյի մահից հետո մեր տուն չի եկել, գոնե ասի` Լենա տոտա լավ ա եղել, որ երեխադ այդպես է եղել: Իսկ երեխաս այն երեխան էր, որ ուսանող էր եւ միեւնույն ժամանակ կռիվների ժամանակ պուշկի գլխին կանգնած էր»: gifts_30.09.09Տիկին Լենան ցույց տվեց բոլոր այն պատվոգրերը, որ վերջին տարիներին արիության համար ստացել էր Կարոն: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, Կարո Սեւանյանի ինքնասպանության համար քրեական գործ հարուցվել է, թե ոչ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը փոխանցեց, որ Ոստիկանությունում քրեական գործ չի հարուցել: «Քանի որ մահացածը պայմանագրային ծառայող է, այդ գործով պետք է զբաղվի զինվորական դատախազությունը»,-ասաց Մ. Կրոյանը: ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ «Հետքին»  փոխանցեց, որ դատախազությունը նախաքննություն չի իրականացնում: «Դիմեք պաշտպանության նախարարության քննչական վարչություն»,-խորհուրդ տվեց Ս. Տռուզյանը: Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչություն ենք ուղարկել մի քանի հարցեր, որոնց պատասխանները խոստացել են տալ առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter