HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ցեխից չոր դուրս գալու րաֆֆիհովհաննիսյանական տարբերակը

Մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է իր վարքագծով հանրությանն անակնկալ մատուցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Սեպտեմբերի 30-ին նա հայտարարեց, թե հետ է վերցնում ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին մոտ 15 օր առաջ ներկայացրած դիմումը:  

Իբրև հիմնավորում՝ Հովհաննիսյանը նշում է, թե հրաժարական ներկայացնելու որոշման պատճառը «իրեն դավաճանված զգալն էր Արցախի հանրապետության ճանաչման և առանց նախապայմանների հարևան երկրների հետ հարաբերությունների բնականոնացման տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողություններից»: Իսկ հրաժարականի դիմումը ետ վերցնելու որոշումը Հովհաննիսյանը պայմանավորում է սփյուռքից և հայրենիքից իրեն ուղղված բազմաթիվ հորդորներով՝ «ստանձնել մարտակոչը և  ի հեճուկս ուժերի անհավասարության` օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը»: Եթե որոշումը փոխելու այս հիմնավորումը իսկապես լուրջ է Հովհաննիսյանի համար, ապա կարելի է փաստել, որ նա ևս զերծ չէ տիպիկ հայաստանյան սինդրոմ-համախտանիշից:  Ստացվում է, որ նաև նրան պետք է «ազգովի խնդրեին» ետ վերադառնալ, որպեսզի նախ ինքը համոզվեր իր մեծարժեքության և պահանջարկվածության մեջ, և ապա, որպես բարեգութ հայր, մեծահոգություն դրսևորեր իրեն բոլոր խնդրողների նկատմամբ: Սակայն նման հիմնավորումը ակնհայտորեն լուրջ չէ: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ էր պատճառաբանություն գտնել ետքայլ կատարելու համար և, թերևս, հապճեպության պատճառով, նա ընտրեց ամենաթույլ, նույնիսկ անհեթեթ հիմնավորումը: Որովհետև ստացվում է, թե մինչև հորդորներին տեղիք տալը և դրանով իսկ իրեն գլխի գցելը, ինքը չի ըմբռնել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ազպարեզն օգտագործելու կարևորությունը և այն դերակատարությունը, որն անցած երկու տարիների ընթացքում ունեցել է «Ժառանգություն» խմբակցությունը: Իսկ եթե ընդհանրապես վերանանք «մեղայական» հայտարարության վերամբարձ ոճից ու եթերականությունից, ապա Հովհաննիսյանի այս քայլի ետևում կարելի է մի կողմից պարզ քաղաքական հաշվարկներ, մյուս կողմից հենց Հովհաննիսյանի բնավորության որոշ առանձնահատկություռններ տեսնել: Հովհաննիսյանը հրաժարականի դիմում գրեց «Ժառանգություն» կուսակցությունում ծագած մեծ սկանդալից անմիջապես առաջ: Իր այդ քայլով նա ոչ միայն կանխորոշեց ներքին պառակտումների հրապրակայնացումը, այլև լռությամբ նպաստեց ճգնաժամի խորացմանը: Իսկ ահա հրաժարականի դիմումը ետ վերցնելու մասին հայտարարությունը նա հրապարակում է ներկուսակցական թնջուկը կամ գոնե դրա երևացող մասը որոշակիորեն հաղթահարվելուց հետո: Արդյո՞ք սա կարող էր պատահականություն լինել: Օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մի քանի օր ժամանակ է տալիս «Ժառանգության» ակտիվին՝ լուծելու ներքին խնդիրները, հակառակ դեպքում խոստանալով անձնամբ զբաղվել դրանցով: Հետաքրքրականն այն է, որ դրա համար Հովհաննիսյանի սահմանած ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին, իսկ դրա նախօրյակին նա հրաժարականի դիմումը ետ է վերցնում: Գուցե սա իսկապես պատահական զուգադիպություն լիներ, եթե չլիներ մի հետաքրքիր նյուանս:  Սեպտեմբերի 30-ի իր հայտարարության մեջ հրաժարականի դիմումը ետ վերցնելու որոշումը նա պամանավորում է նաև նրանով, որ «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես և Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»: Փաստորեն պարզվում է, որ Հովհաննիսյանը շարունակում է հավատալ «Ժառանգություն» խմբակցության առաքելությանն ու հեռանակարին այնպես, ինչպես նախկինում: Ակնհայտ է, որ նման մեկնաբանությունը քարտ բլանշ է «Ժառանգության» ներկայիս ղեկավարությանը և դրանով Հովհաննիսյանը փաստացի լեգիտմացնում է կուսակցության վարչության ընդունած վերջին որոշումները: Եթե նա իսկապես կուսկացությունում որոշակի փոփոխություններ կամ դաստիարակչական աշխատանքներ տանելու խնդիր դրած լիներ իր առջև և վերադառնալը պայմանավորված լիներ դրանով, ապա նա չէր ակնարկի, որ «Ժառանգությունը» հավատարիմ է, այն էլ անշեղ, իր առաջադրած նախնական և հիմնական գերակայություններին: Չի կարելի բացառել, որ եթե անգամ հոկտեմբերի 1-ին Հովհաննիսյանը հանդես գա ներկուսակցական խնդիրներին վերաբերող դիրքորոշմամբ, ապա դա բխելու է հենց «Ժառանգության» ներկա ղեկավարության շահերից: Դրա մասին է վկայում ևս երկու փաստ: Նախ՝ օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ միացավ հայ-թուրքական զույգ արձանագրությունների դեմ ՀՅԴ կազմակեպած ստորագրահավաքին: Իսկ դրանից մի քանի օր անց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե առաջիկայում ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կսկսեն հանդես գալ միասնական նախաձեռնություններով: Ավելին. նա նաև հայտարարեց, որ մտացածին են տարածվող լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել կուսակցությունից: Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ակնհայտ էր, որ եթե ետ չվերցներ հրաժրականի դիմումը, իր փոխարեն խորհրդարան էր գալու կուսակցությունից վտարված Մովսես Արիստակեսյանը, և «Ժառանգությանը» ամբողջականությունը ԱԺ-ում խաթարվելու էր: Իր այս որոշմամբ, Հովհաննիսյանը կանխեց նման զարգացումը, ինչը ևս բխում էր կուսակցության ներկայիս ղեկավարության շահերից: Մնում է ենթադրել, որ  կամ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը վայր դնելու որոշումը կայացերել է՝ առանց հետևանքները հաշվի առնելու, ինչը խիստ կասկածելի է, որովհետև նա չէր կարող տեղյակ չլինել կուսկացությունում տիրող պայթյունավտանգ իրադրությանը, կամ այդ քայլը հստակ հաշվարկների արդյունք է եղել: Իսկ հաշվարկը շատ պարզ է. փաստացի ղեկավարին զերծ պահել ներկուսակցական խնդիրներից՝ փրկելու համար նրա հեղինակությունն ու անունը: Եվ հիմա, երբ վտանգը քիչ թե շատ անցել է, Հովհաննիսյանը կրկին վերադառնում է՝ առանց ձեռքերը կեխտոտած լինելու: Սակայն անգամ այս դեպքում Հովհաննիսյանը հաստատ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս չեկավ: Որովհետև նրա իմիջը, որպես սկզբունքային քաղաքական գործիչ, արդեն իսկ խիստ տուժել է: Հիմա արդեն ոչ ոք չի կարող ասել, թե հերթական անգամ ինչ կարելի է սպասել «Ժառանգության» դե ֆակտո նախագահից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter