HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կկարողանա՞ սփյուռքին համոզել հանրապետության նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնեց «համահայկական ուղեւորության» սփյուռքի հայահոծ գաղթօջախներ: Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ նա հանդիպումներ կունենա Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում եւ Դոնի Ռոստովում: «Նախագահի «համահայկական ուղեւորության» նպատակն է հանդիպել եւ լսել հայկական սփյուռքի մոտեցումներն ու կարծիքներն այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:  Առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է վերպետական, համազգային մի ուղեւորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը»,- մեկնաբանելով նախագահի այցի նպատակները՝ օրերս ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Հանրապետության նախագահի այս վերպետական այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանում լսումներ են ընթանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ: Դա ցույց է տալիս, որ սփյուռքահայության հետ շփումները ստեղծված իրավիճակում շատ ավելի կարեւոր են նախագահի համար, քան երկրի օրենսդիր մարմնում ընթացող պրոցեսները: Այս իրողությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ խորհրդարանը, բոլոր դեպքերում, գտնվում է նախագահի գրպանում եւ դակիչի իր գործառույթներից, հավանաբար, դուրս չի գա նաեւ այս անգամ: Կա շատ ավելի լուրջ պատճառ. սփյուռքի արդեն իսկ շոշափելի դարձող դիմակայությունը, որը երկարատեւ հեռանկարում շատ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, քան խորհրդարանական, ըստ էության, ոչինչ չավելացնող լսումները: Պատահական չէ, որ նման մասշտաբային այցի մասին հայտարարվեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած հայտարարությունից գրեթե անմիջապես հետո, չի բացառվում` հենց այդ հայտարարության ուղղակի ներգործությամբ: Իր այդ հայտարարությամբ Կիլիկիո կաթողիկոսը պարզորոշ հասկացրեց Հայաստանի իշխանություններին, որ Սփյուռքը երբեք չի ներելու Ցեղասպանության ճանաչման գործընթացի թիկունիքն հասցված որեւէ հարված: «Հայաստանի պետության ներկայացուցիչները պետք է հստակորեն եւ ամբողջ հայության անունով ասեն, թե Ցեղասպանությունը պատմական իրողություն է, դրա շուրջ մերժում ենք բանակցել եւ պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի իր գործած Ցեղասպանությունը»,- ասում է Արամ Ա կաթողիկոսն իր հայտարարության մեջ: Այլ կերպ ասած` ՀՀ նախագահն իր այս այցի ընթացքում մեկ հստակ խնդիր է փորձելու լուծել. ապացուցել սփյուռքի քաղաքական-հասարակական շրջանակներին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունների ստորագրման արդյունքում չի կասեցվելու, եւ այդ պահանջը Թուրքիայից մնալու է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Հասկանալի է, որ նախագահի համար չափազանց բարդ է լինելու լուծել այս խնդիրը երեք հիմնական պատճառով: Առաջին՝ սփյուռքը բավականին խայտաբղետ, տարաբեւեռ, հաճախ իրարամերժ սուբյեկտների մի ամբողջություն է եւ ցանկացած հարց արագ քաղաքականացվում է գրեթե նույն մեթոդոլոգիայով, ինչպես Հայաստանում: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես է նախագահը միաժամանակ համոզիչ լինելու թե ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի կամ ՌԱԿ-ի, թե հայրենակցական, երիտասարդական-հայրենասիրական շրջանակների, մշակութային-հասարակական միությունների, կրոնական հարանունությունների համար: Գործնականում անհնար է ստեղծել ընկալման ընդհանուր դաշտ այդ բոլոր սուբյեկտների համար: Երկրորդ՝ ցանկացած պարագայում նախագահը չի կարողանալու շրջանցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության մեջ ամրագրված՝ միջկառավարական երկկողմ հանձնաժողովի շրջանակներում «պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողով» ստեղծելու եզրույթը: Հենց այս դրույթը, ամենայն հավանականությամբ, կդառնա սփյուռքյան քննարկումների հիմնական թիրախը: Սփյուռքը սպասելու է ՀՀ նախագահից հստակ երաշխիքներ ու խոստումներ, որ այդ հանձնաժողովը, անգամ ստեղծվելու դեպքում, երբեք ուսումնասիրության առարկա չի դարձնելու Ցեղասպանության փաստը: Կտա՞, արդյոք, նախագահը նման երաշխիք՝ առայժմ խիստ կասկածելի է թվում: Երրորդ՝ տարօրինակ զուգադիպությամբ այն ժամանակ, երբ հայտարարվեց Սերժ Սարգսյանի համահայկական շրագայության մտադրության մասին, պաշտոնական Անկարան, ի դեմս վարչապետ Էրդողանի, հայտարարեց, որ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին ստորագրել արձանագրությունները: Ավելին, թուրքական աղբյուրները նշում են, որ արձանագրությունները ստորագրվելու են Ցյուրիխում՝ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից: Չնայած նրան, որ թուրքական աղբյուրները ստույգ տվյալներ են հաղորդում թե ստորագրման ժամկետների, թե ստորագրողների վերաբերյալ, պաշտոնական Երեւանը որեւէ կերպ առայժմ չի արձագանքել այդ տեղեկատվությանը: Եթե այն համապատասխանում է իրականությանը եւ տեղեկատվական «ուտկա» չէ, ապա ստացվում է, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել արձանագրությունները Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք այցի նախօրեին: Ի դեպ, դեռ սեպտեմբերի 11-ին Հայաստանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում իր ելույթում ՀՀ նախագահը պարզորոշ հայտարարել էր, որ ինքը գնում է հարաբերություններ կարգավորելու: Ինչն ուղղակի ակնարկ էր առ այն, որ արձանագրությունները ստորագրվելու են Հայաստանի կողմից: Գործնականում նույն բանը հայտարարեց նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում՝ պատասխանելով ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցին:  Այսինքն` թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվությունն այսքանով այնքան էլ հեռու չէ իրատեսությունից: Իսկ դա կատարելապես իմաստազրկում է նախագահի՝  սփյուռքի հայաշատ կենտրոններ այցելելու ամբողջ ծրագիրը:  Արձանագրությունները ստորագրելու հարցում համաձայնություն տալու պարագայում ավելորդ է դառնում սփյուռքահայությանն ինչ-որ բացատրություններ տալը կամ առավելեւս նրա կարծիքը լսելը: Այս գործոնները ցույց են տալիս, որ ՀՀ նախագահի վերպետական շրջագայությունը սփյուռքում իրականում ոչ այնքան սփյուռքահայ շրջանակների դիրքորոշումներին ծանոթանալն է, որքան ցույց տալը, որ ՀՀ իշխանությունները հաշվի են առնում սփյուռքի գործոնը, նրա շահերն ու հետաքրքրությունները: Դա ավելի շատ սփյուռքում կրքեր հանգստացնելու նպատակ է հետապնդում:  Զուգահեռաբար, շրջագայության լուսաբանումները հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նկատմամբ սփյուռքի դրական արձագանքները ներքին սպառման համար մատուցելու խնդիր կարող են լուծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter