HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը եւ Թուրքիան այսօր պատրաստ չեն հարաբերությունների»

a-enigomshyan_1.10.09«Հետքի» հարցերին պատասխանում է «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ իմ գնահատականը բացասական է` շատ պարզ պատճառներով: Շատ է շեշտվել, որ արձանագրություններում, որոնք պայմանագրի բովանդակություն ունեն իրականում, կան բոլոր այն նախապայմանները, որոնք Թուրքիան այս տարիների  ընթացքում դնում էր` Հայաստանի հետ հարաբերությունները «բնականոնեցնելու» կամ սահմանները բացելու համար: Երեք նախապայմաններն էլ կան` Ցեղասպանության հարցը, ներկա սահմանների ճանաչումը եւ Արցախի հարցի նախապայմանը, որտեղ Հայաստանը պետք է էական զիջումների գնա: Արձանագրության կոնկրետ ո՞ր կետերում եք տեսնում այդ նախապայմանները: Սահմանի բացման վերաբերյալ այնտեղ շատ հստակ ասված է, որ երկու երկրները ճանաչում են միմյանց ներկա սահմանները` հիմնված երկկողմ եւ միջազգային համաձայնագրերի վրա: Այստեղ ամեն ինչ հստակ է, անորոշ բան չկա: Ցեղասպանության կապակցությամբ. իհարկե, «ցեղասպանություն» բառն այնտեղ նշված չէ: Բայց ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովի գլխավոր խնդիրը, բնականաբար, Ցեղասպանությունն է: Կարեւոր չէ, որ «ցեղասպանություն» բառն այնտեղ նշված լինի: Պարզապես այդ կետի գոյությունն արդեն ինքնին նշանակում է, որ երկու կողմներն էլ կամա թե ակամա ընդունում են, որ Ցեղասպանության խնդիրը քննարկման խնդիր է, ինչը սկզբունքորեն մերժելի է հայերի համար: Եվ երբ հայկական կողմը դա ընդունում է, դա իր ժողվրդի նկատմամբ նախատինք է: Եվ սա կասեցնում է բոլոր այն գործընթացները, որոնք տասնամյակներ շարունակ ընթացել են` արտասահմանում Ցեղասպանությունը ճանաչելու համար: Դրսում Ցեղասպանության ճանաչումն էական է նրանով, որ, ի վերջո, կարող է դա Թուրքիայի վրա ճնշում հանդիսանալ, որ Թուրքիան ընդունի այն: Ամենակարեւորը Արցախի խնդիրն է: Էական չէ` Արցախյան հարցը չակերտյալ արձանագրություններում արծարծվո՞ւմ է, թե՞ ոչ: Այն կետը, որտեղ ասվում է, որ երկու երկրները պայմանավորվում են հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունը, ակնհայտ է, որ դա վերաբերում է Ադրբեջանին եւ Արցախին: Բացի այդ, եթե Հայաստանը ներկայացնող կողմը կարծում է, որ Թուրքիայի հետ կարող է համաձայնության գալ` առանց Արցախի հարցն արծարծելու, չարաչար սխալվում է: Թուրքիայի (որը մտնում է այսպիսի գործարքի մեջ) եւ միջազգային մեծ տերությունների (որոնք ոչ միայն հովանավորում, այլեւ ուղղորդում են այս գործընթացը) ռազմավարական ծրագրերի համար ոչ մի էական նշանակություն չի ունենա ընդամենը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը, եթե դա չի առնչվելու Հայաստան-Ադրբեջան փակուղու հետ: Հետեւաբար, դա արձանագրություններում գրած լինի, թե ոչ, ըստ էության` այն գոյություն ունի: Մի պահ ենթադրենք, թե սահմանները բացվեցին, Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ուժի մեջ մտան, եւ  դեռեւս Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններն արդյունքի չեն հասել, ու Արցախի հարցը լուծված չի: Այս դեպքում հանգելու ենք մի իրականության, որտեղ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «բնականոնեցման» արդյունքում ահավոր մեծանալու է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես` Հայաստանում: Եվ մենք կլինենք մի գործընթացում, որտեղ Ադրբեջանի հետ  բանակցությունները շարունակվում են, իսկ Հայաստանը գտնվում է նոր իրավիճակում: Այսինքն` մենք մինչեւ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը ունեինք բանակցություններ Ադրբեջանի հետ մի իրավիճակում, իսկ հետո լինելու ենք մի ուրիշ իրավիճակում, որտեղ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի դերը անհամեմատ մեծացել է` իր անխուսափելի արդյունքներով: Այսինքն, լրիվ խաբկանք է ասել, թե Արցախի հարցն ու Թուրքիայի հետ հարաբերություններն իրար հետ փոխկապակցված չեն: Ընդհանրապես, այս պայմաններում, երբ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության, կորցրել է իր հայրենիքը, չի կարելի նորմալ հարաբերություններ մշակել այն պետության ժողովրդի ներկայացուցչի հետ, որը կատարել է այդ բանը, եւ դեռ այդ ժողովուրդը բացարձակապես չի ընդունում իր կատարած ոճիրը: Այդ երկու ժողովուրդների հարաբերություններում հայ ժողովուրդը լինելու է անընդհատ հոգեբանորեն նվաստացած վիճակում: Իսկ նվաստացած ազգը չի կարող հաղթող լինել իր հետագա հարաբերություններում: Եվ հետո, որքան Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը, նշանակում է, որ միշտ ունակ է կրկնելու իր արածը: Եվ նման պայմաններում հարաբերությունների մշակումը Հայաստանի համար անվտանգ չէ: Արձանագրությունների հրապարակումից հետո շատ քաղաքական գործիչներ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին, որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարբեր միջոցառումներ կազակերպել` ընդդեմ արձանագրությունների ստորագրման: Նախագահի հետ հանդիպում էլ տեղի ունեցավ: Ի՞նչ եք կարծում, այդ ամենն, ի վերջո, կազդի՞ արձանագրությունները ստորագրելու մեր իշխանությունների որոշման վրա: Ամեն ինչ ցույց է տալիս, որ դրանք չեն ազդում եւ չեն ազդելու մեր իշխանությունների որոշման վրա: Չնայած` դա չի նշանակում, որ նման քայլերի չպետք է դիմել: Ընդհակառակը, այդ քայլերը պետք է անընդհատ լինեն: Արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-11-ին: Բայց ինչպես գիտենք, այնտեղ կա խորհրդարանների վավերացման խնդիրը: Ներկա դրությամբ չի կարելի որեւէ պատրանք ունենալ, թե Հայաստանի խորհրդարանը չի ստորագրի. անպայման կստորագրի: Նորից այստեղ հանգում ենք Արցախի խնդրին, որովհետեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի համար Արցախի խնդիրն ուղղակիորեն կապվում է այդ խնդրին: Իրենք բացահայտ ասում են, որ իրենց խորհրդարանը չի ստորագրի, ընդհանրապես` այդ արձանագրություններն ուժի մեջ չեն մտնի, մինչեւ հայկական ուժերը ետ չքաշվեն ազատագրված տարածքներից: Այստեղ է բուն խնդիրը: Եթե մենք կարողանանք այս հարցում կասեցնել խնդիրը, այսինքն` Արցախի հարցի կապակցությամբ կասեցնել պարտվողական լուծումը ամեն տեսակի ճնշումներով` մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության դեմ, կարծում եմ` այն ժամանակ երկու ծրագրերը միասին կարող են ձախողվել. Արցախի իրենց պահանջած լուծման չկայացումով ուժի մեջ չի մտնի նաեւ այդ համաձայնագիրը: Այդ դեպքում, բնականաբար, Թուրքիան չի բացի սահմանը: Մինչդեռ շատերի կարծիքով` սահմանի բացումը մեզ բավականին ձեռնտու է: Իմ համոզմամբ` Հայաստանը եւ Թուրքիան այսօր պատրաստ չեն հարաբերությունների` ոչ միայն այդ նախապայմանների գոյության պատճառով: Նույնիսկ այդ նախապայմանները եթե գոյություն չունենան, Հայաստանի համար այսօր ձեռնտու չէ հարաբերություններ մշակել Թուրքիայի հետ: Անկախ այդ նախապայմաններից` այսօր Հայաստանը, ցավոք, գտնվում է ոչ մխիթարական իրավիճակում բոլոր բնագավառներում` տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական եւ այլն: Բոլոր առումներով Հայաստանն այսօր թույլ իրավիճակում է գտնվում, բնակչության թվի առումով էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հսկայական տարբերություն կա: Մեկը հսկա պետություն է, մյուսը` փոքր: Եվ եթե մենք այսօր հարաբերությունների մեջ ենք մտնում Թուրքիայի հետ, մենք պարտված իրավիճակում ենք: Եթե երկիրը, ժողովուրդը ամեն ինչով բավականաչափ առողջ  վիճակում հարաբերությունների մեջ մտներ Թուրքիայի հետ, այլ հարց կլիներ: Այսօրվա իրավիճակում մենք դատապարտված ենք զիջելու եւ տանուլ տալու` նույնիսկ առանց նախապայմանների: Այդ պատճառով ես գտնում եմ, որ երբ ակնկալում են սահմանների բացման հետեւանքով տնտեսական աճ, դա ոչ թե խաբկանք է, այլ կեղծիք: Ասում էին, թե վեց տարի շարունակ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ: Ու դա` փակ սահմանների դեպքում: Իսկ հիմա էլ ի՞նչ տնտեսական աղետի մասին է խոսքը, թե իբր մենք առանց Թուրքիայի հետ սահմանները բացելու` չենք կարողանա աճ գրանցել: Եթե կարողացել ենք, էլի կկարողանանք: Իհարկե, գիտենք, որ տնտեսական երկնիշ աճն իրականում չի վերաբերել երկրի ու ժողովրդի բարօրությանը, այլ մի փոքր խավի ձեռք բերած հարստությունն է: Ու հիմա օլիգարխների ցանկությունն է, որպեսզի սահմանը բացելով` իրենց հնարավորություններն ավելանան: Այնպես որ, ցանկացած սահմանի բացում երկրի եւ ժողովրդի համար որեւէ բան չի փոխելու: Փոխելու է հենց այդ խավի համար, ու սահմանների բացումով այդ խավը վստահաբար առավելություններ է ունենալու: Նրանք իրենց ներմուծումներն ավելի են էժանացնելու, իսկ ժողովրդի համար գները մնալու են նույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter