HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5ԵԽԽՎ նախագահ կդառնա թուրքը ԵԽԽՎ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը երեկ Ստարսբուրգից հայտնեց «Առավոտին», որ սեպտեմբերի 30-ին «Եվրոպական ժողովրդավարներ» խումբը քննարկել է, թե ինչ թեկնածություն է առաջադրելու ԵԽԽՎ նախագահի 2010 թվականի հունվարին կայանալիք ընտրության ժամանակ: Aravot«Պայմանավորվածության համաձայն` քաղաքական խմբերը հերթականությամբ են առաջարկում Վեհաժողովի նախագահին»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հիշեցնելով, որ նախորդ անգամ, երբ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի հերթն էր թեկնածու առաջադրելու` կանոնները փոխվեցին, քանի որ այդ ժամանակ խմբի ղեկավարը ռուս էր` Միխայիլ Մարկելովը: Սյժմ խմբի ղեկավարը անգլիացի Դեյվիդ Վիլշիրն է, որը ԵԽԽՎ նախագահի թեկնածուներից մեկն էր, սակայն երեկ կայացած գաղտնի քվեարկությամբ ստացավ 21 ձայն: Իսկ մյուս թեկնածուն, որը խմբի երկրորդ փոխնախագահն է` ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար և նաև ԵԽԽՎ փոխնախագահ Մևլութ Չավուշօղլուն ստացավ 29 ձայն և առաջադրվեց ԵԽԽՎ նախագահի թեկնածու: Նշենք, որ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի անդամ են հիմնականում անգլիացի, թուրք և ռուս պատվիրակներ: «Ինձնի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել» «Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ ինձ փորձում են մեղադրել մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ որ պետք էր այնտեղ լինել, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որ հանկարծ զինկոմիսարիատից չգային ասեին` էս փողոցում ի՞նչ ես անում: Բա լավ, սա աբսւորդ չի՞: Ինձնի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Որ ի՞նչ, այսինքն` ես ինչո՞ւ պիտի զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ: Որ Հայաստանում թագավո՞ր դառնամ: Էլ ի՞նչ պիտի լինի, ի՞նչը պիտի ինձ շահագրգռի»,- Հանրային խորհրդի հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: 168-jamԻմաստ չկա «Նախագահի հանդիպումներն ու ծավալված քննարկումները բավարար կլինեին, եթե լսվի նաև ժողովրդի ձայնը և դրա համեմատ որոշում կայացվի: Բայց եթե նախագահը գա, լսի ու վերադառնա և հոկտեմբերի 10-ին ստորագրի արձանագրությունները, հանդիպումների իմաստը չեմ տեսնում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով նախաստորագրված արձանագրությունների հետ կապված հայկական գաղթօջախներում Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումներին ու քննարկումներին: «Ինձ համար միանշանակ է, որ այսօր հատկապես Սփյուռքում և ՀՀ բնակչության ջախջախիչ մեծամասնությունը դեմ է այդ արձանագրություններին: Իսկ երբ հասարակության կողմից նման դեմ դիրքորոշում կա, ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է այդ մասին լուրջ մտածեն»,- ավելացրել է Վ. Օսկանյանը: HraparakՍփյուռքը պատրաստվում է «Հրապարակին» հասած տեղեկություններով` սփյուռքում լրջորեն պատրաստվում են Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությանը. նախատեսվում են բողոքի լուրջ ակցիաներ: Անշուշտ, հանդիպումների մասնակիցների ընտրությունը շատ մանրակրկիտ է կատարվել, և քիչ հավանական է, որ այդ հանդիպումների ժամանակ առանձնապես ընդվզումներ լինեն, սակայն դրսում նախատեսվում են բողոքի ցույցեր: Ընդ որում, դրանց կազմակերպման հարցում հատկապես ակտիվ է ՀՅԴ-ն: Հրանտ Մարգարյանը երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել այն մասին, որ Սերժ Սարգսյանը զրկվել է հենարանից, և մեզ իշխանափոխություն է սպասվում, բայց թե երբ` ինքը չի կարող ասել: Chorrord-ishxanutyunՔիչ էր մնում հավատայինք Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը ետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը` «ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսևորմանը»: «ՉԻ» - Այո, լավ է ձևակերպված: Բայց նկատենք, որ «հրատապության ուժգին դրսևորում» կար նաև այն օրերին, երբ նա մանդատից հրաժարվելու դիմում գրեց: Այնպես որ` ավելի հավանական է, որ նա դիմումը ետ է վերցրել «ի կատարումն կարգադրության և ի ստեղծումն իշխանահաճ ընդդիմության ազգային բևեռի ձևակերպման տեսլականի ուժգին դրսևորման` ի հեճուկս ծայրահեղաբարո և հույժ անհավասարակշիռ ուժերի»: Այսպես թե այնպես, լավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է մնալ պատգամավոր: Թե չէ արդեն սկսել էինք անհանգստանալ, որ պատգամավոր դառնալու` գլխավոր մարքսիստի շանսերն այնքան էլ մեծ չեն, հետևաբար` խորհրդարանը կարող է զվարճանքի և հանպատրաստից անեկդոտների մշտական թեմա չունենալ: Այնպես որ` «ի հարգանս զորակցության» ողջունում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքայնության «ուժգին դրսևորումը»: Hayoc-ashxarh100 տոկոսանոց երաշխիք չկա «Իհարկե, որևէ մեկը չի կարող 100 տոկոսանոց երաշխիք տալ, թե գործընթացը կհասնի տրամաբանական հանգրվանին: Ո՞վ ասաց, թե ամեն ինչ կընթանա նախապես գծված սցենարով: Հնարավոր է, որ Թուրքիան փորձի խուսափել իր պարտավորություններից, և որոշ պայմանավորվածություններ չկատարվեն: Կարծում եմ, որ դրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել: Այո, հանրապետության նախագահը խիզախ քայլ է արել` կոալիցիայի հետ միասին, գնացել է ուղիղ երկխոսության Թուրքիայի հետ` փորձելով նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի իշխող կուսակցությունն էլ, գոնե առերևույթ, պատրաստ է այդ քայլին, և աշխարհը դա տեսնում ու գնահատում է»,- կարծում է Ռազմիկ Զոհրաբյանը: Haykakan-JamanakԹանկ գին կլինի Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վրա գտնվող Մարգարա գյուղում տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ի ֆուտբոլային խաղին Թուրքիա է գնալու հայ-թուրքական բաց սահմանով` հենց Մարգարայով: Համենայնդեպս, պաշտոնական մակարդակով դրան նախապատրաստվում են: Իսկ մինչ այդ, շարունակում են ամենատարբեր հայտարարություններ հնչել: Երեկ, օրինակ, հերթը Սերժ Սարգսյանինն էր, ով որոշակի պարզաբանումներ տվեց հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հարցի մասին: Ասել, որ նրա պարզաբանումները համոզիչ և հավասարակշռված են, շատ դժվար կլինի: Նրա երեկվա ելույթից տպավորություն է ստեղծվում, որ ինքը ամբողջ խորությամբ չի գիտակցում այն քայլերի լրջությունը, որ պատրաստվում է անել օրեր անց: Միակ համոզիչ խոսքն այն էր, որ նա գիտակցում է, որ գին է վճարելու այդ քայլերի դիմաց և պատրաստ է վճարել այդ գինը: Սակայն թե ով է վարձահատույց լինելու` այս մասին Սերժ Սարգսյանը խոհեմաբար լռում է: Նիկոլի գործը մտավ դատարան Մարտի 1-ի քրեական գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնող Կորյուն Փիլոյանը երեկ հաստատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մեղադրական եզրակացությունը, և քրեական գործի նյութերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի տեղեկություններով, քրեկաան գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը` տխրահռչակ Մացոն: Այն բանից հետո, երբ եռօրյա ժամկետում Մացոն պաշտոնապես կհայտարարի գործը վարույթ ընդունելու մասին, քաղբանտրակյալի փաստաբանները տասնհինգօրյա ժամկետ կունենան միջնորդություններ ներկայացնելու համար, ինչը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը կնշանակվի հոկտեմբերի կեսերին: Azg-oratertԹուրք լրագրողները չեն «լսում» Բաքվին և ցանկանում են այցելել ԼՂՀ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հանդես է եկել մեկնաբանություններով, ըստ որոնց, չնայած Բաքվի բարձրացրած «աղմուկին»` կապված թուրքական NTV-ի նկարահանող խմբի ԼՂՀ այցելության հետ, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ իշխանություններին` թույլատրելու իրենց մուտքը Ղարաբաղ` տիրող իրավիճակին ծանոթանալու համար: «Առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով և ըմբռնումով մոտենալով լրագրողի` ամեն ինչ առաջին աղբյուրից իմանալու ձգտմանը, ԼՂՀ իշխանությունները ոչ միայն չեն արգելում, այլև նույնիսկ օժանդակում են լրագրողների աշխատանքներին Ղարաբաղում»,- ասված է մեկնաբանման մեջ: ԼՂՀ-ն բաց է բոլոր լրագրողների առջև, անկախ նրանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: «Ինչպես նաև ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ հանրապետության իրավիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի լուսաբանումից անմիջականորեն կախված են Ադրբեջանի հետ բանակցությունների խաղաղ ընթացքն ու ԼՂՀ միջազգային ճանաչումը»,- շեշտել է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter