HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ազգային ժողովում

27_04-nalbandyanԻնձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ նման հարգարժան լսարանի առջեւ: Շնորհակալություն եմ հայտնում ընձեռնված հնարավորության համար Ձեզ ներկայացնելու մեր մոտեցումներն ու ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի, նախաստորագրված փաստաթղթերի եւ հնարավոր զարգացումների ու մտահոգությունների մասին: Ողջունում եմ այս նախաձեռնությունը: Ազգային Ժողովի կողմից նման հարցերի քննարկումներն անհրաժեշտություն են: Այն հնարավորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ լսել տարբեր տեսակետներ, հասկանալ որոշակի հարցերի շուրջ հասարակության մեջ առկա ընկալումների, տրամադրությունների ողջ պատկերը: Չեմ կասկածում, որ ելույթները կլինեն առարկայական հիմքի վրա, առանց քաղաքական շահաբաժիններ ստանալու համար շահարկումների, առողջ բանավեճի եւ տեսակետների բազմազանության ծիրում: Այս քննարկումներն անհրաժեշտություն են: Անհրաժեշտություն են ոչ միայն որպես հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դրույթներից բխող հասարակական քննարկումների շրջածիրում, այլեւ` այն պատճառով, որ, ընդհանրապես, Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական այն խնդիրներից է, որը պահանջում է հնարավորինս համապարփակ դիտարկում: Հարգելի պատգամավորներ,ներկաներ, Անկախացումից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիաի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Այժմ մենք իրականացնում ենք այդ տարիներ շարունակ արտահայտված Հայաստանի ձգտումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դուրս են որպես զուտ քաղաքական երկկողմ հարաբերություններ լինելու շրջանակից եւ ընդգրկում են այնպիսի խնդիրներ, որոնց վրա իրենց ազդեցությունն ունեն պատմական, բարոյահոգեբանական եւ մի շարք այլ գործոններ: Առաջին հերթին կառանձնացնեի Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայի կեցվածքը. փակ սահմաններ եւ չհաստատված դիվանագիտական հարաբերություններ` պայմանավորված նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններով եւ, որպես հետեւանք` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Թուրքիայի միանշանակ ադրբեջանամետ Հայաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Բնական է, որ նախաստորագրված փաստաթղթերի հրապարակայնացումից հետո, հասարակական քննարկումների ընթացքում դրանց վերաբերող տեսակետները բազմազան են ու հաճախ իրարամերժ: Վստահ եմ, որ շատ-շատերը կիսում են եւ ողջունում են Հայաստանի նախագահի նախաձեռնությունները, մոտեցումները, մյուսները` հայտնում մտահոգություններ: Մի մասն էլ մեղադրում: Մեր խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է եւ տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն է` շարժվելու համար առաջ: Հարգելի պատգամավորներ, ներկաներ, Պատրաստ եմ պարզաբանումներ տալ եւ պատասխանել ձեր մոտ առաջացած հարցերի եւ կետերի առնչությամբ: Հետեւաբար, ընդհանրացնելով հասարակության լայն զանգվածներին հուզող առավել հնչեղություն ունեցող հարցադրումները, այս ամբիոնից եւս մեկ անգամ պատասխանում եմ հնչած մտահոգություններին եւ անգամ մեղադրանքներին: Արդյո՞ք առկա են նախապայմաններ: Ո`չ, եւ մեկ անգամ եւս ոչ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց Ցեղասպանության փաստը, խոչընդոտում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմա՞նը: Ո’չ, եւ մեկ անգամ եւս ոչ: Գոյություն ունի՞ կապ նախաստորագրված փաստաթղթերի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջեւ: Ո’չ, եւ մեկ անգամ եւս ոչ: Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում ցեղասպանության լինել-չլինելու հարցը, հարցականի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը եւ ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը: Դրա մասին որպես Հայաստանի արտգործնախարար հայտարարել եմ անգամ Թուրքիայում` 2008 թվականի նոյեմբերին Ստամբուլում հարյուրից ավելի լրագրողների ներկայությամբ: Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ունի մի քանի հարթություն, որոնք առնչվում են միջազգային հանրության եւ բուն Թուրքիայի կողմից ճանաչման խնդիրներին: Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային հանրության կողմից ավելի շատ դիտվում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ համամարդկային արժեքների տեսակետից, եւ այս ուղղությամբ ներգրավված է այնպիսի կենսունակ հարցերի քննարկման ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, ցեղասպանության որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործության վտանգի կանխարգելումը: Դրան ես անդրադարձել եմ 2 օր առաջ ՄԱԿ-ի լխավոր Ասամբլեայի իմ ելույթում: Արհեստական են այն պնդումները, որ եթե Հայաստանը երկխոսություն է ծավալում Թուրքիայի հետ, ապա ցեղասպանության հարցը կսահմանափակվի որպես միայն երկու պետությունների միջեւ քննարկվող հարցի եւ կկորցնի իր համամարդկային նշանակությունը: Մենք վստահ ենք նաեւ, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք չեն տալիս կասկածելու, որ հայ ժողովուրդը զրկվում է պատմական արդարությանը հետամուտ լինելու իրավունքից: Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի եւ նախաստորագրված փաստաթղթերի ենթադրական կապի մասին: Նախաստորագրված փաստաթղթերում որեւէ նշույլ անգամ չկա նախապայմանի, առավել եւս` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող: Եվ դրա մասին բազմիցս հայտարարել է Հայաստանի նախագահը: Դրան անդրադարձել եմ Թուրքիայի վարչապետի հայտարարությանն ի պատասխան պաշտոնական հայտարարությամբ: Մեջբերում եմ. «Թուրքական կողմը տեղեկացված է եւ վստահ ենք` գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով»: Եվ սա ոչ միայն Հայաստանի իշխանությունների սկզբունքային մոտեցումն, այլեւ` միջազգային հանրության, որը բազմիցս արդեն արտահայտվել է դրա վերաբերյալ: Դրա մասին են բազմիցս արտահայտվել Մինսկի խմբի համանախագահող երկրները: 2 օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընի հետ հանդիպումից հետո եւս պետքարտուղարը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը վերոհիշյալի առնչությամբ: Եվ այսօր Երեւանում գտնվող եռանախագահները միանշանակ հայտարարությամբ հանդես եկան այս կապակցությամբ: Հարգելի պատգամավորներ, ներկաներ, Ինչպես արդեն նշեցի հայ-թուրքական հարաբերությունները հոգեբանական, սոցիալական, իրավական, տնտեսական, քաղաքական խնդիրների բարդ հանգույց է, հետեւապես հանգուցալուծումը չի կարող դյուրին լինել: Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւան պետությունների հետ: Հենց դրան ենք մենք գնում: Կարծում եմ տեղին է ավարտել իմ ելութը կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի բացման խոսքից մեջբերումով. Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում... Եկեք հասկանանք, թե ով ինչ է անելու եւ, ընդհանրապես, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու: Կարծում եմ, սա է ամենից կարեւորը: (Ազգային Ժողով, Երեւան, 01 հոկտեմբերի 2009թ.)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter