HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Լոռու մարզի զարգացման ծրագիրը

7598_am_1Ստեղծվում է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոնը Այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դիմելով ներկաներին, նա ասել է. «Արդեն ավանդական են դարձել մեր արտագնա նիստերը, եւ կարող ենք արձանագրել, որ դրանք դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Կառավարությունն ավելի առարկայական պատկերացում է կազմում խնդիրների վերաբերյալ, տեղում լինելով ավելի լավ է զգում, թե ինչ հարցեր են առավելապես մտահոգում մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին։ Նաեւ նախարարությունները ստանում են փոխադարձ կապ եւ հստակեցնում իրենց ծրագրերը` տարածքային զարգացման տեսանկյունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում կարեւորագույն դրույթ է մեր տարածքների համաչափ զարգացումը, մեր արտագնա նիստերը նաեւ այդ նպատակն են հետապնդում»։  Այս մասին նշում է կառավարության կայքէջը: Այնուհետ վարչապետը նշել է, որ տարածքների համաչափ զարգացումը բարենպաստ ազդեցություն է գործում նաեւ մայրաքաղաքի խնդիրների արդյունավետ լուծման վրա։ Նիստն սկսվել է Լոռու մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արամ Քոչարյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունը ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Լուծվում են մարզի հիմնախնդիրները ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Մարզպետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլան, այդ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների եւ անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը։ Լոռու մարզի զարգացման ծրագիրը կազմվել է համապետական ռազմավարական ծրագրերին համահունչ, հաշվի են առնվել տեղի առանձնահատկությունները՝ 1988թ. աղետի հետեւանքների առկայությունը, մարզի արդյունաբերական հզոր անցյալը եւ մեծ ներուժը, քաղաքային բնակչության գերակշռությունը, հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների մեծ թիվը եւ գործունեության ոլորտների բազմազանությունը եւ այլն։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ եւ պահուստային ֆոնդի հաշվին պետբյուջեից գումար հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝ 21.810.0 հազար դրամ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի սողանքային տարածքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Որոշմամբ նախատեսվող հակասողանքային միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է Վանաձորի Խնձորուտ թաղամասի ակտիվ սողանքային տարածքի բնակելի տների, ենթակառուցվածքների անխափան ու անվտանգ շահագործումը, բնակչության պաշտպանությունը եւ բնականոն կենսագործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխելով ընթացիկ տարվա պետբյուջեն եւ փոփոխելով նույն որոշումը, կառավարությունը Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու կամրջին եւ սելավատարին հասցված վնասը վերականգնելու նպատակով Վանաձոր համայնքին սուբվենցիա տրամադրելու համար իր պահուստային ֆոնդից 54500.00 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Նշված կամուրջը եւ սելավատարը վնասվել են երկարատեւ անձրեւի եւ վարարման հետեւանքով։ Բնական աղետը վնաս է հասցրել Հրանտ Մաթեւոսյանի՝ Ահնիձոր համայնքում գտնվող հայրական տանը։ Տունը եւ տանիքը նորոգելու համար կառավարությունը Լոռու մարզպետարանին համապատասխան գումար է հատկացրել իր պահուստային ֆոնդից։ Գրողի հայրական տունը հետագայում դառնալու է տուն-թանգարան։ Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին, որը կազմվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Լոռու մարզպետարանի իրականացրած ուսումնասիրությունների, մշակութային կազմակերպություններից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված դիմումների հիման վրա։ Որոշման իրականացումը հնարավորություն կտա ապահովել «Լոռի բերդ» ամրոց-քաղաքատեղիի, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի, Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնի եւ մշակույթի այլ օջախների բնականոն գործունեությունը։ ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունն իր որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն, հաստատել դրա զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ կառավարություն ներկայացնելը։ Ծրագրի գերակա խնդիրներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության եւ միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը եւ շատ այլ միջոցառումներ։ Գործադիրը որոշել է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 20 եւ Թումանյանի տարածաշրջանի 9 համայնքների երեխաների համար թույլատրել Լոռու մարզպետարանին իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 18.02.20009թ. ստորագրված հուշագրի եւ այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ Լոռու մարզպետի միջեւ 15.05.2009թ. կնքված պայմանագրի շրջանակներում ստացված միջոցներից գոյացած դրամաշնորհի մուտքագրման եւ ելքագրման համար, գործողության ժամկետը սահմանելով մինչեւ 30.12.2011թ.։ Ստորագրված փաստաթղթերի համաձայն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագիրն իրականացնելու համար Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանների գյուղական համայնքներում բացվել է սոցիալական աշխատողի քսաներկու հաստիք, որոնց վարձատրությունը ֆինանսավորելու է բարեգործական կազմակերպությունը։ Այս հանգամանքով է պայմանավորված արտաբյուջետային հաշիվ բացելու անհրաժեշտությունը։ Նիստին մասնակցող ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ողջունել է կառավարության արտագնա նիստեր անցկացնելու պրակտիկան եւ արել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել Լոռու մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter