HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանի բացման տնտեսական հետևանքները

minasyan-azvazyan_1.10.09Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքների շուրջ «Հայելի» ակումբում այսօր բանավիճում էին ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը: Ա. Մինասյանը նշեց, որ Դաշնակցությունը, վերլուծելով Հայաստանի և Թուրքիայի տնտեսական ներուժը` սահմանների վերաբացման արդյունքում հնարավոր զարգացումների դեպքում, վերլուծական փաստաթուղթ է մշակել, որում արձանագրված են մի շարք հիմնախնդիրներ: Առանց դրանք լուծելու Հայաստանի տնտեսության վրա սահմանի բացումը չի կարող դրական հետևանք ունենալ: «Թուրք հասարակությունը երեք անգամ ավելի հարուստ է, և խոսել հավասարակշիռ հարաբերությունների մասին` վտանգավոր է: Եվս մեկ խնդիր է, որ մենք չունենք ներքին արտադրողների մրցունակության պաշտպանութան համակարգ, որն, օրինակ, կա Թուրքիայում: Հետո, թուրքական տնտեսության մեջ կան հստակ սահմանափակումներ օտարերկրյա սեփականության ձեռքբերման մասով, ինչը, ցավոք, մեր երկրում բացակայում է»,- ասաց նա: Վարդան Այվազյանն էլ գտնում է, որ միայն սահմանի վերաբացման արդյունքում մենք կունենանք համախառն ներքին եկամտի աճ` մոտ 3 տոկոս, արտահանման` մոտ 30 տոկոս: «Իսկ այսօր փա՞կ է տնտեսական առումով Թուրքիայի հետ սահմանը: Արդյոք այսօր թուրքական ապրանքներ չկա՞ն այստեղ կամ այստեղից չեն արտահանվու՞մ: Իսկ հիմա մենք ունենում ենք շանս` տնտեսապես ավելի նպաստավոր պայմաններով դա իրագործելու: Այսօրվա դրությամբ շրջանառությունը 130 միլիոն դոլարի սահմաններում է: Իսկ սահմանի վերաբացման դեպքում, երբ մենք, շրջանցելով վրացական կողմի լրացուցիչ վճարներն ու անհարկի քաշքշուկը, այն կարող ենք ավելացնել մինչև մեկ միլիոն»,- ասաց նա: Խոսելով անվտանգության խնդիրներից` Ա. Մինասյանը նշեց, որ երբ հանրապետության վարչապետը էներգետիկ անվտանգության շրջանակներում հայտարարում է, թե ատոմակայանում կարող են մասնակցել թուրքերը, դա առնվազն վկայում է, որ անվտանգության ընկալում չկա: Ի պատասխան` Վ. Այվազյանը նշեց, որ անվտանգության չափանիշների նկատմամբ պետությունը հաստատում է առանձին նորմ, և դա չի ենթարկվում ներդրումների հետ կապված խնդրին: «Ես կարող եմ այստեղից գումար ներդնել ամերիկյան ինչ-որ շուկայում, գնել ակցիաներ, այնտեղ սեփականատեր լինել, բայց կառավարման և դրա անվտանգության երաշխիքների ապահովման գործընթացների հետ կապ չունենալ: Իսկ ատոմակայանի ապահովումը կարգավորվում է միայն ազգային անվտանգության միջոցով: Ներսի աշխատողներն, օրինակ, միայն պետք է ապրեն ատոմակայանի տարածքում: Այսինքն` տնօրենն իրավունք չունի ուրիշ տեղ ապրել: Ես նորմ եմ ասում: Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ունեցվածքի տեր, վերջիվերջո, պետությունն է»,- ասաց նա: Վ. Այվազյանի խոսքով` ստեղծված է Ատոմային անվտանգության խորհուրդ, որն աշխատում է նախագահի վերահսկողության ներքո: «Ատոմակայանի պարագայում կա ռուսական կապիտալի առկայությունը: Որպես կարգավորող մարմին` ես չեմ տեսել, որ ռուսական կողմը երբեւէ անվտանգության հետ կապված գործառույթների մեջ փորձի միջամտել: Կապիտալի առկայությունն ու կառավարման խնդիրը տվյալ պարագայում բացարձակապես առոմակայանի վրա չեն աշխատում»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանն էլ, նրան հակադարձելով, նշեց, որ բաժնետերը ձայնի և կառավարմանը մասնակցելու իրավունք ունի: «Ցավոք, այսօր, երբ խոսում ենք այս վտանգների մասին, ասում են, թե` սահմանները կբացենք, կմտածենք, ի՞նչ է եղել որ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter