Տիգրան Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը պատասխանել է վերջիններիս հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, պետական կառավարման մարմինների քաղաքականությանը, երիտասարդ ընտանիքներին ուղղվող սոցիալական ծրագրերի իրականացմանը և այլն:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ոչ պաշտոնական խորհրդակցություն է անցկացրել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամների հետ՝ քննարկել խորհրդի աշխատանքներին և ծրագրերին վերաբերող հարցեր:
Ստորև ներկայացվում են հանդիպման ժամանակ հնչած հարցերն ու պատասխանները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Այսօր մենք հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սա նախաձեռնություն է, որը բխել է մի շարք հասարակական կազմակերպությունների առաջարկով և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամների միջնորդությամբ: Բազմաթիվ կազմակերպությունների մոտ` թե հասարակական, թե ուսանողական, առաջացել են մի շարք հարցեր, որոնք ցանկություն ունենք քննարկել հարց ու պատասխանի տեսքով Ձեզ հետ:
Տիգրան Սարգսյան – Եթե դեմ չեք, ես մեր հանդիպման համար նախաբան ասեմ` դրանով իսկ փորձելով փոքր-ինչ տրամադրել ձեզ, այսինքն` ուղղորդել ձեր հարցերը: Առաջին հերթին ցանկանում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մտածենք ապագայի մասին: Երբ գալիս էի ձեզ հետ հանդիպման, մտածում էի, թե ինչ ասելիք ունեմ: Իհարկե, հասկանալի է, որ դուք էլ շատ ասելիք ունեք:
Ես մտածում էի, թե ինչպիսի՞ն են ձեր պատկերացումներն ապագայի մասին, հայ ժողովրդի մասին, Հայաստանի Հանրապետության մասին, ինչպե՞ս եք դուք ընկալում ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, հայրենասիրական դաստիարակությունը: Հայրենասիրություն ասվածն ինչպե՞ս եք ընկալում, որովհետև ձեր պատկերացումներով է, ըստ էության, ձևավորվելու մեր երկրի ապագան, և սրանք են այն հարցերը, որոնք ինձ հետաքրքրում և մտահոգում են: Այս հարցերն են, որ կցանկանայի ձեզ հետ քննարկել, որպեսզի, մի կողմից, ձեզնից ստանայի այս հարցերի պատասխանը, մյուս կողմից` կարողանայի ներկայացնել, թե կառավարությունն այդ տեսակետից ինչ գործելաոճ է ընտրել:
Մեր քննարկման համար ես կառաջարկեի հետևյալ մեթոդաբանությունը. Առաջին` եթե մենք ձեզ հետ միասին ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և այդ փոփոխություններն ակնհայտ են, ակնառու են (և՛ շրջապատում, և՛ մեզանում), այդ փոփոխություններն ի՞նչ մարտահրավերներ են մեզ համար առաջ բերում: Կարո՞ղ ենք արդյոք մենք ձեզ հետ միասին բացահայտել այդ արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերները:
Երկրորդ` ելնելով այդ մարտահրավերներից` ձեզ հետ միասին կարողանայինք ձևակերպել հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների օրակարգը: Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում: Այս հարցերն են, որոնց վերաբերյալ ես ունեմ իմ պատկերացումները, բայց կցանկանայի, որպեսզի դուք նույնպես ներկայացնեիք ձերը:
Հարց – Բարև ձեզ: Գոռ Ավագյան` Երիտասարդ քաղաքագետների միություն: Մեծարգո պարոն վարչապետ, Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն այն էր, որ երիտասարդ ընտանիքներին հնարավորություն ընձեռնվեր բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել: Բնակարանների հարցը կարծես թե ընթացքի մեջ է, իսկ ավտոմեքենաներինը ե՞րբ կսկսվի: Եվ մի հարց էլ ավտոմեքենաների հետ կապված. ի՞նչ եք կարծում ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգի ոչ թափանցիկության և ոչ հստակ լինելու մասին:
Տիգրան Սարգսյան – Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր կողմից բարձրացված հարցին, բնակարանով երիտասարդ ընտանիքին ապահովելը չափազանց կարևոր խնդիր է, որովհետև պետությունը պարտավոր է ընտանիքների համար ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով ձեռք բերել բնակարան, մեքենա, ապահովել իրենց բոլոր կենցաղային անհրաժեշտ պայմանները, և դա հնարավորություն կտա իրենց, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն նախընտրած, սիրած աշխատանքին:
Պետության կարևորագույն պարտավորությունն է հենց այդպիսի միջավայրի ձևավորումը, որ ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետությունում գիտակցի, որ եթե նա ունի աշխատանք, եթե նա կարողանում է իր ինտելեկտուալ կարողություններն իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ապա նա չպետք է ունենա կենցաղային խնդիրներ և պրոբլեմներ:
Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերում է բնակարանին, ավտոմեքենային, բնակարանը կահավորելուն, պատշաճ ձևով վերանորոգելուն և այլն: Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում այս խնդիրները մատնանշված են: Այսօր արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գործում է հիփոթեքային հիմնադրամը երիտասարդ ընտանիքների համար, և պետությունը, սուբսիդավորելով հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդ ընտանիքներն էժան վարկերի միջոցով ձեռք բերեն բնակարան: Սա վերաբերելու է նաև այլ կենցաղային ապրանքների, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերմանը: Այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Կենտրոնական բանկի կողմից, և վստահ եմ, որ շուտով այդ հայեցակարգը կներկայացվի ձեր դատին:
Մաքսազերծման մասով մենք ունենք լուրջ խնդիրներ, և դա վերաբերում է ոչ միայն մեքենաների, այլև բազմաթիվ ապրանքատեսակների մաքսազերծմանը և այն գործառույթներին, որոնք իրականացվում են մաքսային ծառայության կողմից: Մենք ներդնում ենք մաքսազերծման որակապես նոր համակարգ, որը հիմնված է լինելու ռիսկերի վրա կառավարման հայեցակարգի վրա, որի նպատակն է ստեղծել հնարավորինս պարզ գործընթաց մաքսազերծման համար, բայց միևնույն այն ժամանակ հնարավորություն է տալու պետությանը՝ բացահայտելու այն սուբյեկտներին, որոնք շատ հաճախ չարաշահում են մաքսազերծման գործառույթները` նպատակ ունենալով քիչ փող վճարել բյուջե:
Հասկանալի է, որ կոպիտ մեթոդները, որ մենք այսօր կիրառում ենք, առաջին հերթին հարվածում են նրանց, ովքեր ազնիվ, արդար ձևով իրականացնում են մաքսազերծումը, և դրա պատճառը կայանում է նրանում, որ, ցավոք սրտի, դեռևս բավական մեծ է անօրինականության և ռիսկերի տեսակարար կշիռը, որոնք դրսևորվում են այդ ոլորտում: Մենք միջազգային կազմակերպությունների հետ միասին մշակել ենք մի հայեցակարգ, որը բավական արագ տեմպերով ներդնում ենք, և մեզանից դեռևս որոշակի ժամանակ է պահանջվելու, մինչ մեր մաքսազերծման գործընթացները համապատասխանեն եվրոպական լավագույն ստանդարտներին:
Մենք Եվրամիության հետ ունենք Ազատ առևտրի համակարգին անդամակցելու ծրագիր, և մաքսային գործառույթներն այդ համաձայնագրի կարևորագույն տարրն են: Դա նշանակում է, որ մենք 3 տարվա ընթացքում մաքսազերծման բոլոր գործընթացները պետք է համապատասխանեցնենք եվրոպական լավագույն չափանիշներին: Միանգամից դա չենք կարողանում իրականացնել, որովհետև անմիջապես ունենում ենք բյուջետային եկամուտների կորուստ:
Այդ պատճառով այս համակարգը մենք փուլ առ փուլ ենք ներդնում: Ահռելի մեծ ծավալի աշխատանքներ արդեն կատարված են, և ես վստահ եմ, որ փուլ առ փուլ դուք կտեսնեք, որ այդ բնագավառում մենք ունենք բարելավումներ: Ընդունում եմ ձեր բարձրացրած խնդիրը, այն է` այդ գործընթացները դեռևս ամբողջությամբ չեն համապատասխանում լավագույն ստանդարտներին:
Հարց – Ցոլակ Ակոպյան` Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ: Պարոն վարչապետ, Ձեր առաջ քաշած փիլիսոփայությունից բխեցնեմ իմ հաջորդ հարցը. հայ երիտասարդի հայրենասիրության պատկերացումը: Իմ համար հայրենասիրության կարևորագույն չափանիշներից մեկն այն է, որ երիտասարդը, ստանալով որակյալ կրթություն, այնուհետև կարողանա իր ստացած կրթությունը ներդնել իր պետության, պետական համակարգի զարգացման, կայացման գործում:
Սակայն, ցավոք սրտի, այսօր շատ երիտասարդներ, ստանալով որակյալ կրթություն, պետական համակարգում չեն կարողանում նորմալ աշխատանք գտնել աշխատավարձի ցածր լինելու պատճառով, քան մասնավոր սեկտորում, և շատ ափսոս, շատ լավ մասնագետներ ստիպված մասնավոր սեկտորում են աշխատում, որովհետև պետական համակարգում աշխատելու համար ստիպված պետք է կաշառք վերցնեն: Ինձ նման շատ երիտասարդներ փորձում են հեռու մնալ այդ երևույթից, ու, բնականաբար, տուժում է պետական ապարատը: Կառավարությունն ի՞նչ ծրագրեր ունի, որպեսզի կարողանա լավ, որակյալ մասնագետներին պետական ապարատում աշխատանքի տեղավորել:
Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ հայրենասերները անհրաժեշտ են ոչ միայն պետական համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Դրա համար պետք է նշենք, որ եթե մեր բուհական համակարգը տալիս է ինտելեկտուալների, մենք պետք է ուրախ լինենք, որ այդ ինտելեկտուալներն աշխատում են թե պետական, թե մասնավոր համակարգում: Պետք է նշեմ նաև, որ դա հայկական ֆենոմեն չէ, որ մասնավոր հատվածում աշխատավարձն ավելի բարձր է, քան պետական համակարգում: Աշխարհի բոլոր պետություններում իրավիճակն այդպիսին է, և լավագույն մասնագետներն ամբողջ աշխարհում հիմնականում նախապատվությունը տալիս են մասնավոր հատվածին:
Իհարկե, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա կառավարման արդյունավետ համակարգ ձևավորել և այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել, որ մրցունակ լինի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման տեսակետից: Այդ առումով մեր կառավարման համակարգի բարեփոխումները հետապնդում են հենց ձեր կողմից բարձրացված նպատակը: Կարևորագույն մարտահրավերը, որ ծառացած է աշխարհի առջև արդյունավետ կառավարման համակարգի ներդրումն է:
Այս խնդիրն արդիական է նաև զարգացած երկրներում, որովհետև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց, որ նույնիսկ զարգացած երկրների կառավարման համակարգն այսօր ունի բազմաթիվ թերություններ և չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Գրագետ, բանիմաց մարդկանց ներգրավումը պետական կառավարման համակարգ զարգացած երկրներում նույնպես խիստ արդիական է: Ինչպե՞ս ենք մենք ծրագրում լուծել այս խնդիրը:
Առաջին հերթին կառավարման համակարգը պետք է լինի արդյունավետ: Մենք պետք է կարողանանք ձերբազատվել բազմաթիվ բյուրոկրատական գործառույթներից, որոնք մի կողմից, կառավարման համակարգը դարձնում են ոչ արդյունավետ, մյուս կողմից ընդհանրապես խոչընդոտում են մեր պետության զարգացումը, որովհետև եթե մարդն ստանում է քիչ եկամուտ, բայց ձեռք է բերում վարչարարական լծակներ, հասկանալի է, որ դրանք այլ նպատակի են ծառայելու (ոչ թե պետության, այլ առաջին հերթին իր անձնական կարիքների բավարարմանը):
Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը պետք է արդիականացվի: Արդիականացումը ենթադրում է նաև բազմաթիվ ֆունկցիաների կրճատում, ինչն իր հերթին նշանակում է աշխատատեղերի կրճատում, և ձևավորված ֆինանսական միջոցները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը:
Առաջին քայլը՝ մենք քաղաքական որոշում կայացրեցինք, որ եթե մեր պետական կառավարման ինստիտուտներն արդյունավետությունը բարձրացնում են ավելորդ գործառույթների և աշխատատեղերի կրճատման միջոցով, ապա այդ առաջացած ֆինանսական խնայողությունները մնում են իրենց տնօրինության տակ և նրանք կարող են խրախուսել լավ աշխատողներին:
Երկրորդը` մենք ձևավորում ենք ֆինանսական ֆոնդեր, որոնց նպատակն է խրախուսել լավ աշխատողներին: Դա նույնպես չափազանց կարևոր գործառույթ է: Անհրաժեշտ է, որ տաղանադաշատ, արդյունավետ աշխատող մարդիկ գնահատվեն և առաջին հերթին ֆինանսական խրախուսման միջոցով:
Երրորդը` մենք ներդնելու ենք մի նոր մեխանիզմ, որը պայմանականորեն անվանում ենք «Գիլյոտին»: Կառավարությունում ստեղծվելու է մի գրասենյակ, որն ինվենտարիզացիայի է ենթարկելու կառավարման բոլոր գործառույթները, օրենսդրությունը և ավելորդները գցելու է գիլյոտինի տակ: Արդյունքում պետք է տեղի ունենա բյուրոկրատական քաշքշուկների, ընթացակարգերի և աշխատատեղերի կրճատում, պետական ապարատի փոքրացում, ինչը նույնպես նպաստելու է թե կառավարման համակարգի բարելավմանը, թե աշխատավարձի ֆոնդի ավելացմանը, որպեսզի մենք մրցունակ լինենք մասնավոր հատվածի հետ:
Հարց – Տիգրան Գրիգորյան` ներկայացնում եմ Երիտասարդական ակումբների դաշնությունը: Ցանկանում էի անդրադառնալ մարզերի համաչափ զարգացման խնդրին: Իսկապես, ժամանակակից աշխարհում ամենակարևոր ռեսուրսներից մեկը մարդկային ռեսուրսն է, և մենք նկատում ենք, որ մարդկային ռեսուրսը մարզերից ձգտում է դեպի մայրաքաղաք, մայրաքաղաքից էլ շատ դեպքերում՝ արտերկիր: Դուք որքանո՞վ եք գոհ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի իրականացումից, և արդյոք առաջիկայում կարո՞ղ ենք ինչ-որ միջոցառումներ սպասել ձեզնից` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այս խնդրի ուղղությամբ դրությունն ավելի լավ տեսնելու համար: Շնորհակալություն:
Տիգրան Սարգսյան – Կառավարության հինգ գերակայություններից մեկը տարածքային համաչափ զարգացումն է, քանի որ այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում (բոլոր ֆունկցիաների գերկենտրոնացվածությունը Երևան քաղաքում), խոչընդոտում է ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացմանը: Սա լրջագույն խնդիր է, որ մեր առջև ծառացել է: Մենք պետք է մեր քաղաքացիների համար ստեղծենք ապրելու, աշխատելու, ստեղծագործելու բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Մարդիկ առաջին հերթին գալիս են Երևան, որովհետև այստեղ աշխատանք գտնելու հավանականությունն ավելի մեծ է, կենցաղային պայմաններն ավելի բարվոք են, հանգստի, ժամանցի համար ավելի բարենպաստ պայմաններ կան, քան այլ քաղաքներում, և դա նշանակում է, որ մենք առաջին հերթին պարտավոր ենք մնացած բոլոր քաղաքներում նույնպես իրականացնել այնպիսի ծրագրեր, որ մարդկանց ապրելու համար լինեն հարմարավետ պայմաններ: Առաջին խնդիրը ճանապարհաշինարարությունն է, և մենք մոտակա տարիներին էլ մտադիր ենք մեծածավալ ֆինանսական ներդրումներ ուղղել ճանապարհների վիճակի բարելավմանը: Բացի ճանապարհներից` ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայով ապահովելը և, ինչն այսօր չափազանց կարևոր է՝ ինտերնետի հասանելիությունը:
Այս բոլոր ուղություններով ունենք ծրագրեր, որոնք իրավիճակն արմատականորեն փոխելու են: Ճանապարհների որակը կտրուկ բարձրացնելու ենք՝ առաջին հերթին Ասիական զարգացման բանկի հետ մեկնարկած ծրագրի շնորհիվ: Հայաաստանի Հանրապետությունում այս տարվանից սկսած առաջին անգամ կառուցվելու են ժամանակակից ճանապարհներ: Այս ծրագրի իրականացման համար ծախսվելու է շուրջ 1,5 միլիարդ դոլար, որպեսզի հանրապետության ճանապարհները կարգի բերվեն: Առաջին անգամ մշակել ենք նաև մեթոդաբանություն և ներկայացրել հանրությանը. մենք պետք է կարողանանք օբյեկտիվ չափանիշներով համադրել մեր մարզերն ու քաղաքները, բացահայտել այն համայնքները, որոնք սոցիալ-տնտեսական զարգացման առումով զիջում են:
Պետության ֆինանսական օժանդակությունն առաջին հերթին պետք է ուղղվի հենց այդ մարզերին և համայնքներին: Այս մեթոդաբանությունը հնարավորություն է տալու նաև ձեզ՝ վերահսկել կառավարության ֆինանսական քաղաքականությունը և տեսնել՝ արդյոք մենք արդյունավետ ենք տեղաբաշխում մեր ֆինանսական միջոցները, և արդյոք տարածքային համաչափ զարգացման ռազմավարության տեսակետից սուբսիդավորումը, որն իրականացնում ենք աղքատ համայնքներին, արդարացված է:
Այդ մեթոդաբանության ներքո մենք բացահայտել ենք 120 առավել աղքատ համայնքները և այդ համայնքների համար լրացուցիչ ծրագրային փաթեթներ ենք առաջարկում՝ արտոնությունների, սոցիալական նպաստների, սուբսիդիաների տեսքով: Առաջին հերթին պետական օժանդակությունն ուղղում ենք հենց այդ համայնքներին՝ փորձելով հարթել սոցիալական անհավասար իրավիճակը:
Մեթոդաբանության մյուս ուղղությունը վարչական ֆունկցիաների դուրսբերումն է մայրաքաղաքից: Հայաստանը նույնպես պետք է ունենա մասնագիտացված քաղաքներ, ինչպես զարգացած երկրներում է:
Օրինակ՝ պետք է ունենանք մշակութային, արդյունաբերական, ֆինանսական, իրավական հարցերով մասնագիտացված մայրաքաղաքներ: Այս հայեցակարգի ներդրումը հնարավորություն կտա այդ ֆունկցիաները հավասարաչափ բաշխել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, և երիտասարդների համար պարտադիր չի լինի իրենց կարիերան արդյունավետ իրականացնելու նպատակով անպայման գալ Երևան:
Շարունակությունը կարդացեք այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել