HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանրային քննարկումներ Գյումրիում

gyumri_2.10.09«Սերժն ընպես է գործի կպել, որ ըսպես գնաց հաստատ 2 շաբաթից սահմանը կբացի: Ես չեմ կարծում որ մենք դրանից կշահենք: Բայց կարողա չհասցնի ստորագրել, մեկ էլ տեսար խփեցին»: Սա Գյումրիում ընթացող հայ-թուրքական հարաբերությունների հանրային քննարկման ընթացքում հնչած ամենածայրահեղ կարծիքն էր: Կարծիք հայտնողն էլ Գյումրիի ՀՅԴ կառույցի ղեկավար Արտակ Ավետիսյանն էր: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու համար հավաքված 100-ից ավելի գյումրեցիների մոտ 86 տոկոսը քվեարկեց սահմանի բացման օգտին: Մեծամասնության կարծիքով դրական միտումներն ավելի շատ են, քան բացասականը եւ բնականաբար Գյումրին առավել մոտ լինելով Թուրքիային` տնտեսապես շահելու է: Պատմաբան Գրիգոր Աղանյանի կարծիքով սահմանի բացումը միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: « Չկան հավերժական թշնամիներ եւ չկան հավերժական բարեկամներ, ինչպես գիտեք, կան միայն շահեր,-կարծիք հայտնեց պ. Աղանյանը,- Հարեւանին չեն ընտրում: Մենք 4 հարեւան ունեենք, որից 3-ի հետ խռով ենք, մենակ մեկի հետ ենք բարիշ: Էնպես, որ ՀՅԴ-ան թող մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելով չփորձի դիվիդենտներ շահել: Այդ կուսակցությունը զբաղված է քաղաքական սպեկուլյացիայով եւ իզուր տեղը վնասում է գործընթացին»: Գյումրեցի Հարություն Ասատրյանը դեմ չէ նմանատիպ քննարկումներին, ուղղակի մտահոգություն ունի, որ վերջում հայերը չեն համախմբվելու եւ մեկ տեսակետ սահմանների բացման վերաբերյալ չեն արտահայտելու: Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ այս ամենը ֆարս է, քանի որ ինքը հետեւում է տարբեր սայթերում տպագրվող նյութերին ու համոզված է, որ հայ-թուրքական սահմանների բացումը գերտերություններ կողմից թելադրված քայլ է ու եթե ճնշումները վերանան, ապա խնդիրն էլ ինքնին կդադարի գոյություն ունենալուց: Հանրային քննարկման նախաձեռնող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանի կարծիքով նմանատիպ քննարկումները ուղղորդիչ նշանակություն ունեն: Բնակչության կարծիքը վերեւներ հասցնելու համար ամենահարմար տարբերակը համայանքային քննարկումների ձեւաչափն էր, որ բազմիցս է կիրառվել իրենց կողմից ու բավական արդյունավետ է: «Գոնե տոկոսային հարաբերությամբ կունենաք բնակչության տրամադրվածությունը խնդրի վերաբերյալ եւ ասեմ, որ հիմնականում մարդիկ դրական են տրամադրված»,-ասաց Թ.Պողոսյանը: Վաղը հանրային քննարկումները կշարունակվեն Արմավիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter