«Հոգեբանական տեսանկյունից սա հակառակորդի սիմվոլիկ ոչնչացում է»
Վերջերս Թուրքիայի դպրոցներում մի քարտեզ տարածվեց, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ադրբեջանի, իսկ Նախիջևանը` Թուրքիայի կազմում: Արդբեջանը բողոք է բարձրացրել Նախիջևանի համար` լռելով այն մասին, որ Հայաստանը ներկայացված է Ադրբեջանի կազմում: Շուտով Ստամբուլի կրթության վարչությունը հայտարարեց, թե սխալ է տեղի ունեցել, սակայն նշված քարտեզն արդեն լայն տարածում է գտել:
Թեմայի շուրջ «Արմատ» ակումբում այսօր իրենց տեսակետները հայտնեցին հոգեբան Ալբերտ Նալչաջյանը և քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
Ա. Նալչաջյանը նշեց, որ թուրքերի այդ մտայնությունը, որ Հայաստան չկա, որ ամբողջը Թուրքիայի մեջ պետք է մտնի, նորություն չէ, և ըստ էության, սա ցույց է տալիս նրանց հեռահար նպատակները` միանալ Ադրբեջանի և մյուս թուրքալեզու տերությունների հետ:
«Սա թուրքական լկտիության հստակ դրսևորումներից մեկն է: Այստեղ երկու ենթադրություն կա, նախ` Թուրքիայի կրթության վարչությունն ինքնուրույն է արել դա` Էրդողանին վնաս պատճառելու համար, քանի որ նա էլ իր հակառակորդներն ունի: Բայց ես ավելի շուտ հավանական եմ համարում այն, որ սա կազմակերպված է հենց ղեկավարության կողմից` կրկին փորձարկելու համար հայերի ռեակցիան և գուցե մղելու այնպիսի գործողությունների, որ հետագայում Հայաստանին հնարավոր լինի մեղադրել ոչ կառուցողական մոտեցման մեջ: Հոգեբանական տեսանկյունից այս արարքը ես որակում եմ իբրև հակառակորդի սիմվոլիկ ոչնչացում»,- ասաց նա:
Լ. Շիրինյանն էլ կարծում է, որ թուրքական ազգային ինքնագիտակցությունն ու աշխարհահայացքը հստակ կողմնորոշում ունեն, դրանք կապ չունեն քաղաքական վայրիվերումների հետ:
«Այդ տեսանկյունից հստակ է, որ նրանք շարունակում են քեմալիզմի քաղաքականությունը: Սա մեզ հուշում է, որ նրանք ուղղակի ուզում են ասել` ինչ էլ լինի, մեր վերաբերմունքը ձեր հանդեպ նույնն է: Նրանց հեռանկարն է` հայ ժողովուրդը չպիտի լինի»,- ասաց նա:
Այս դեպքում Հայաստանի պատասխանն ինչպիսի՞ն պետք է լինի: Ճի՞շտ է պատասխան չտալը, թե՞ ոչ: Ի պատասխան` Ա. Նալչաջյանը նշեց, որ այս հրատարակիչների մակարդակը քաղաքական իշխանության մակարդակում այն բարձրությունը չունի, որ հանրապետության նախագահը կամ նույնիսկ արտգործնախարարը սրան պատասխանեն:
«Սրան կարող են պատասխանել, օրինակ, Մշակույթի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը: Բայց պետք է տարածել, որ ռեակցիա կա, և դրա հետ միասին պետք է դրսևորվի մեր արհամարհանքը այդ ազգի սրիկայական հատկությունների նկատմամբ: Արդարության սկզբունքը թուրքերի մոտ արտաքին հարաբերություններում չկա: Ներքին կռիվներ նրանց մոտ շատ են եղել, բայց երբ նրանք գործ ունեն արտաքին ուժերի հետ, համազգային մակարդակի դավաճանությունը նրանց մոտ հազվադեպ երևույթ է: Հայերի մոտ արտաքին ազգային դավաճանական հակումները կան: Հաճախ հայը չի զգում, թե իր գործողություններով, մտքերով երբ անցավ այն սահմանը, որից սկսվում է դավաճանությունը»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել