HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քնած» գրադարանի տնօրե՞ն, թե՞ անտարբեր քաղաքապետարան

Արդյունքում ոչնչանում է 55 000 գիրք champarak-library_2.10.09 Այս մամռակալած եւ ցեխոտ հատակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կենտրոնական գրադարանի երկրորդ հարկի մի հատվածն է: 25 տարուց ավելի է, ինչ անձրեւաջրերն ու ձյան հալոցքը լցվում է գրադարանի շենք:  Պատճառն այն է, որ տանիքը ժամանակին կառուցվել է լուջ թերություններով, ինչն ուշադրություն չեն դարձրել տեղական մարմինները: Գրադարան մտնելիս խոնավություն ու տհաճ հոտը անմիջապես բուրում է: Այդ պայմաններում ոչ մի ընթերցող գրադարանում ընթերցանությամբ չի զբաղվում եւ գիրքը վերցնելուց հետո րոպե անգամ չի ցանկանում մնալ գրադարանի շենքում: Խոնավության ու ցրտի պատճառով գրքերի զգալի մասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: G-Melqumyan_2.10.09«Հետքի» հետ զրույցում գրադարանի տնօրեն Գյուլնարա Մելքումյանն ասաց, որ Ճամբարակի քաղաքապետարանը Սոցներդրումների հետ ունի պայմանավորվածություն եւ խոստացել են 20 միլիոն դրամի ներդրում անեն, որպեսզի գրադարանը հիմնովին վերանորոգվի: Թե երբ կլինի այդ ներդրումը եւ արդյոք կլինի` տնօրենը տեղյակ չէր: Նշենք, որ գրադարանի գրքերի ֆոնդը նույնպես վտանգված է: Գրապահոցի տանիքը տարիներ շարունակ կաթել է: Գրքերը տեղափոխել են այլ սենյակ, սակայն, այնտեղ նույնպես անվտանգ չէ եւ տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս: Գրապահոցի գրքերի համար վերջին անգամ ակտ է կազմվել 5 տարի առաջ եւ դուրս է գրվել շուրջ 1600 կտոր գրականություն, որոնք օգտագործման համար պիտանի չեն եղել: Դրանից առաջ դարձյալ նույն գրապահոցից բազմաթիվ գրքեր են դուրս գրվել: Պատճառը դարձյալ խոնավությունն է: «Որպես քաղաքացի, կարծում եմ, որ հատկապես շրջաններում պետք է մշակութային օջախները զարգանան: Որպեսզի երիտասարդությունը մնա նույն հողի վրա, պետք է զբաղմունք ունենան: Բոլորիս էլ հայտնի է, որ այսօր քիչ են ընթերցում, սա թաքցնելու բան չի: Բայց կարող են ստեղծվել ինչ-որ պայմաններ, որ ընթերցողը գնա գրադարան: Դա կարելի է անել նույնիսկ գրադարանում համակարգչային սրահ բացելու միջոցով, որովհետեւ այսօր բոլորին էլ ձգում է համակարգիչը: Դրանով ընթերցողը կձգվի դեպի գրադարան»,- ասաց Գյուլնարա Մելքումյանը: library_2.10.09 Տնօրենի խոսքերով իր ղեկավարած գրադարանը բավականին քիչ գրքեր է ստանում եւ չեն կարողանում բավարարել ընթերցողների պահանջները: «Լինում է տարի, որ գիրք ընդհանրապես չենք ստանում: Գրքերը ստանում ենք հիմնականում Գավառի կենտրոնական գրադարանից: Անցյալ տարի 68 կտոր գրականություն ենք ստացել: Այս տարի` ընդհանրապես չենք ստացել: Մեր ընթերցողները հիմնականում դպրոցահասակ երեխաներն ու ուսանողներն են եւ ծրագրային գրականությունից են օգտվում: Այդ գրքերի պահանջարկը շատ ունենք: Կա նոր գրականության պահանջարկ, սակայն, վերջին 10 տարիների հրատարակված ոչ մի մասնագիտական գրականություն չենք ստացել»,- ասաց Գ. Մելքումյանը; Նրա խոսքերով, երեխաներին ձգում է լուսավորը, նորը, գեղեցիկը, իսկ գրադարանը վերջին տարիների ընթացքում շատ քիչ թվով մանկական գրականություն է ստացել: «Հիմա ինչով որ հրապուրվում է երեխան` չունենք: Հին գրականություն է եւ  բավականին մաշված»,-ավելացրեց Գ. Մելքումյանը;: Այս պահին գրադարանն ունի շուրջ 55 000 գիրք, որոնցից օգտվում է 160 մեծահասակ եւ 180 մանկական ընթերցողներ: Գրադարանի տնօրենն այդ ցուցանիշը բավարար չի համարում, քանի որ Ճամբարակն ունի մոտ 5000 բնակիչ: «Գոնե պետք է ունենայինք 2000 ընթերցող»,-հավելեց Գյուլնարա Մելքումյանը: Նշենք, որ գրադարանը նույնիսկ հեռախոսակապ չունի եւ աշխատակիցները ընթերցողների հետ կապ հաստատելու համար, գրադարանից դուրս գտնվող գրքերի քարտերը տանում են իրենց տուն եւ այնտեղից կապ հաստատում ընթերցողների հետ: Հավանաբար դա է պատճառը, որ բազմաթիվ գրքեր այդպես էլ ետ չեն գալիս գրադարան եւ դրանց ետեւից գնացող չկա: Քանի որ գրադարանը համայնքային ենթակայության է, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկում գրքերը անձրեւաջրերից փրկելու համար: Y-Avalyan_2.10.09«Խնդիրը մեզ հայտնի է եւ մեր ուշադրության կենտրոնում է գտնվում: Գրքերը փրկելու համար տարեսկզբին գումար էինք նախատեսել, սակայն, չնախատեսված ներդրում արեցինք քաղաքի գազաֆիկացման ուղղությամբ: Մինչեւ տարվա ավարտը դեռ ժամանակ ունենք, հնարավոր է այս տարի հասցնենք ինչ-որ բան անենք, որ գրքերը չթրջվեն»,-ասաց Յ. Ավալյանը: «Գրադարանը նույնիսկ հեռախոսակապ չունի: Քաղաքապետարանի համար դժվա՞ր է մեկ հեռախոսի սպասարկման ծախսերը հոգալ»,-հարցրի Ճամբարակի քաղաքապետին: «Բոլոր խնդիրները առաջին հերթին պետք է ներկայացնի տնօրենը: Բայց այդ տնօրենը կարծես թե քնած վիճակում է գտնվում: Կարելի է ասել, ինջ ոչ մի հարցով չի դիմել, որ այս կամ այն խնդիրն ունեն: Օրինակ մանկապարտեզների տնօրեններն իրենց խնդիրներով գալիս դիմում են, բայց ինքը` ոչ»,-պատասխանեց քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter