HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզանում վտանգի գիտակցումը չի գործում»

«Այսօր եթե ես հնարավորություն ունենայի, այս գործընթացը կկասեցնեի: Ես զարմանում եմ, որ մեր գործիչները չեն կարողանում կռահել առկա վտանգները»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին` այսօր «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նրա կարծիքով` սա ժողովրդի ճակատագրի հետ կապված հարց է, մի խումբ մարդկանց խնդիր չէ: «Մի խումբ առևտրական, ապրանք ներկրող մարդկանց շահերի համար ամբողջ ազգի շահերը դրվում են վտանգի տակ: Չի կարելի թուրքի հետ վարել անզգույշ քաղաքականություն: Դա նշանակում է գնալ կործանման: Մենք պետք է հնարավորինս թուրքերից ու թուրքալեզու ազգերից մեկուսացված լինենք»,- ասաց նա: Հոգեբանը հետաքրքրական է գտնում այն, որ մեզանում վտանգի գիտակցումը չի գործում, ազգը, որ հազարամյակներ շարունակ եղել է վատ վիճակում, ճնշվել է, նվաճվել և այլն, նրա կարծիքով, պետք է որ գերզգույշ լիներ նման հարցերում: Մինչդեռ, Ա. Նալչաջյանի գնահատմամբ, պարադոքսալ կերպով թեթևամտություն է դրսևորվում ամենակարևոր հարցերում: «Այս փաստաթղթում այնպիսի դրույթներ կան, որոնք թելադրված են դրսի ուժերի կողմից: Խոսվում է փոխադարձ վստահության մասին: Ե՞րբ է թուրքի և հայի միջև վստահություն եղել: Ե՞րբ է հայ մարդը իրեն հավասար զգացել թուրքին: Սուտ դրույթի վրա հիմնված մտքեր են առաջ քաշված: Չի եղել նման բան»,- ասաց նա: Ասուլիսի մյուս բանախոսի` քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով էլ` եթե չկա փոխհատուցում, վստահության մասին չի կարելի խոսել: «Այդ փոխհատուցումը պետք է լինի տարածքային, նյութական: 20 միլիարդ ֆրանկի ունեցվածք են վերցրել: Ես այստեղ վտանգավոր եմ տեսնում երկու հարց, որոնք չի կարելի ամրագրել այս փաստաթղթում` նույնիսկ կյանքի գնով: Նախ` չի կարելի հայկական հարցը հանգեցնել միայն Ցեղասպանության ճանաչման հարցին: Երկրորդ` չի կարելի ամրագրել սահմանները` որևէ ձևով»,- ասաց նա` նշելով, որ թուրքը չի գալիս մեզ հետ հարաբերության սեփական ցանկութամբ: Նա դա անում է ամերիկյան, ռուսական պարտադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter