HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բերնար Ֆասյե. «Կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ Ղարաբաղն այլեւս չլինի վախի մեջ»

Ղարաբաղում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները  այսօր 2-ժամանոց հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո նրանք պատասխանել են լրագրողների հարցերին:Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը լրագրողներին պատմել է, որ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանին են ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլի մանրամասները, Ղարաբաղ կատարած վերջին այցից մինչեւ հիմա ընկած ժամանակահատվածի զարգացումները, որոնց դինամիկան, ըստ Յու.Մերզլյակովի,  բավականին դրական է: Ռուսաստանցի համանախագահը միաժամանակ հույս է հայտնել, որ Երեւանում եւ Բաքվում կընդունվեն իրենց առաջարկները` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Յու. Մերզլյակովը լրագրողների հայտնել է, որ նախագահի հետ զրույցը պատրաստվում են շարունակել նաեւ այսօր երեկոյան: Վաղը օրվա երկրորդ կեսին նրանք կվերադառնան Երեւան, իսկ հոկտեմբերի 4-ին կգնան Բաքու: Բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության մասին հարցին ի պատասխան ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ եթե այդ պահն ավելի շուտ չլինի, ապա այն կլինի համաձայնագիր մշակելու ժամանակ: Նրա հավաստմամբ` դա կլինի մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համաձայնագիր, որն առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հնարավոր չէ, քանի որ «խոսքը գնում է բնակչության կյանքի, Լեռանային Ղարաբաղի կարգավիճակի մասին»: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն էլ իր հերթին հիշեցրել է, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին կախված չէ համանախագահներից: «Ղարաբաղի ներկայացուցիչները նախկինում մասնակցել են բանակցություններին, այնուհետեւ դա դադարեցվել է` հայկական կողմի որոշման պատճառով: Իսկ հիմա այդ մասնակցությունը կախված է ոչ միայն հայկական, այլ նաեւ ադրբեջանական կողմից»,-ավելացրել է Բ.Ֆասյեն: Բանակցությունների արդյունքում արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների մասին հարցին ի պատասխան Յուրի Մերզլյակովը նախընտրել է չթվարկել դրանք, քանի որ, ըստ նրա, սկզբունքների համաձայնեցման գործընթացն ավարտված չէ: «Քանի դեռ բոլորը չեն համաձայնեցված` չենք կարող ասել: Բայց մնացել է ոչ այնքան շատ»,-հավելել է նա: Ռուսաստանցի համանախագահի խոսքերով, մադրիդյան սկզբունքները անվտանգության բավարար երաշխիքներ են տալիս Ղարաբաղի բնակչությանը, սակայն «ամեն ինչ կախված է լինելու դրանց իրագործումից»: Ֆրանսիացի համանախագահն անդրադառնալով հարցին հավաստիացրել է, որ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ «Ղարաբաղն այլեւս չլինի վախի մեջ, ունենա քիչ վտանգներ, քան այսօրվա ստատուս-քվոյի պայմաններում»: «Մենք կարող ենք ամրապնդել Ղարաբաղի անվտանգությունը` ստատուս-քվոյի համեմատությամբ»,-շարունակել է Բ.Ֆասյեն: «Արդյոք, հայ-թուրքական հարաբերությունները կապված են ղարաբաղյան հիմնախնդրի հետ» հարցին ի պատասխան Յուրի Մերզլյակովը հիշեցնելով երեկ Երեւանում կատարած իրենց հայտարարությունը, կրկնել է, որ դրանք երկու իրարից տարբեր գործընթացներ են: «Բնականաբար նրանք իրար վրա ազդեցություն կարող են ունենալ, բայց արհեստականորեն մեկը մյուսով պայմանավորելը գտնում ենք չի կարելի»,-ընդգծել է նա: Առաջին անգամ Արցախ ժամանած ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն ձեռնպահ է մնացել կարծիք արտահայտելուց, միայն կարեւորելով առաջին այցը, Ղարաբաղի ղեկավարության  կարծիքին եւ ընդհանրապես Ղարաբաղում տիրող իրավիճակին ծանոթանալը, հույս է հայտնել, որ կշարունակի աշխատանքը իր գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter