Լոռու մարզպետը հաշվետվություն տվեց Կառավարության արտագնա նիստում
Հոկտեմբերի 1-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը: Նիստում քննարկվեց ՀՀ Լոռու մարզի 2009 թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ Լոռու մարզպետի հաշվետվությունը, Լոռու մարզի 2010-2012 թթ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:
Որքան էլ տարօրինակ էր, մարզի համար կենսական հարցերի քննարկմանը կառավարության նիստին չէին հրավիրվել մարզի արդյունաբերական դիմագիծը ներկայացնող Ալվերդու «Էյ-Սի-Փի», «Թեղուտ ԲԲԸ»-ի, Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությունների և Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի ղեկավարները: Մինչդեռ կառավարության նիստում մարզպետի հաշվետվության ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանկարծ նկատեց Վանաձորի «Քիմգործարանի» տնօրեն Սնեգիրյովի բացակայությունը և ընդհատեց մարզպետին. «Սնեգիրյովն եկե՞լ է, ու՞ր է «Խիմզավոդի» Սնեգիրյովը»: «Ո՞վ, Սնեգիրյո՞վը, Սնեգիրյովին չենք հրավիրել, եթե պետք է, կկանչենք»,- խառնվեց մարզպետը: «Բա իհարկե, կանչեք, գալ Վանաձոր և չխոսել «Քիմպրոմի» մասին` հնարավոր չէ, ինչպիսի՞ն են վերջին զարգացումներն այստեղ»,- հետաքրքրվեց վարչապետը:
Նույնքան անհնար պետք է լիներ հանրապետության ամենամեծ ու ամենաաղքատ մարզի մարզպետի հաշվետվությունն ու մարզի զարգացման հեռանկարային խնդիրները կառավարության արտագնա նիստում քննարկելիս շրջանցել մարզի բնակչության համար կենսական`գործազրկության խնդիրը, անթույլատրելի էր մարզպետի և կառավարության անդամների կողմից մարզի բնապահպանական հիմնախնդիրներին չանդրադառնալը, որոնք լուրջ վտանգներ են առաջացրել Ալավերդիում` պղնձաձուլական գործարանը, Շամլուղում, Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից շահագործման նախապատրաստվող Շամլուղի բաց հանքավայրը, Թեղուտի բաց հանքավայրի ակնկալվող զարգացումները: Դրանք անմիջականորեն առընչվում էին չհրավիրված հանքահումքային արտադրությամբ զբաղվող ընկերություններին:
Իսկ Սնեգիրյովի բացակայությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի տեղեկատվությունը վարչապետին ու կառավարության անդամներին այնքան էլ իրատեսական չէր հնչում: Մարզպետը վարչապետին հայտնեց, որ նրա հանձնարարությամբ «Քիմպրոմի» ղեկավարությունը կազմել է գործարանի զարգացման ծրագիրը: Այս պահի դրությամբ պատրաստ է կալիումական պարարտանյութի արտադրության արտադրամասը, պարարտանյութի որակի վերաբերյալ լաբորատոր ստուգումների դրական եզրակացություն է ստացվել: Գործարանի սեփականատիրոջ որոշումներից է կախված կարբամիդի արտադրության վերսկսումը: Ըստ մարզպետի` սեփականատիրոջ մտավախությունն այդ հարցում կապված է շուկայի հետ: Բացի այդ, 5-6 մլն դոլարի ներդրումային անհրաժեշտություն կա «Քիմպրոմում»: «Մտավախություններ կան կալիումական պարարտանյութի որակի հետ կապված»,- հավելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գյուղնախարար Գ. Ալավերդյանը վարչապետին տեղեկացրեց, որ իր որակական հատկանիշներով «Քիմպրոմի» կարբամիդն առավելություններ ունի ներկրվողի համեմատությամբ, բայց «այստեղ ներդրումային պահով 1 մլրդ 850 մլն դրամի սուբսիդավորման խնդիր է առաջ գալիս»: Մարզպետն էլ տեղեկացրեց, որ գործարանը 5 ամսվա աշխատավարձի պարտք ունի: Պարզվեց նաև, որ «Քիմպրոմն» արտադրում է 600 հատ շինարարական պանել, իտալական մի կազմակերպության հետ ունի 10 հազար տոննա կարբամիդի պայմանագիր, պայմանավորվածություն ունի գնորդի հետ 8000 պանելի պայմանագիր ստորագրելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով` հանքահումքային արտադրության վիճակը մարզում վատ չէ, որքան սպասում էին միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով: Նրա տեղեկացմամբ` Ալավերդիում վիճակը կարգավորվում է: Մարզպետի հաշվետվությունից պարզվեց, որ հանքարդյունաբերության ծավալները մարզում 3-րդ եռամսյակում հասել են 93 տոկոսի` առաջին եռամսյակի 73 տոկոսի փոխարեն, 9 ամսվա դրությամբ էլ արտադրվել է 21 մլրդ 386 մլն դրամի արդյունաբերական արտադրանք` 2008 թ. 22 մլրդ 945 մլն դրամի փոխարեն:
Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում պետբյուջեից մարզի ֆինանսավորումը կազմել է 5մլրդ 387 մլն.դրամ: Աղետալի ներկայացվեց մարզի սոցիալական ապահովության ոլորտը, որտեղ սոցիալապես անապահով նպաստառուներից 2009 թ.-ի ընթացքում 368 մլն դրամի խնայողություն է կատարվել: Մարզում ծանրակշիռ ու գրեթե անլուծելի խնդիրներ կան համայնքների բյուջեների հարկային եկամուտների հավաքագրման գործում: Այստեղ նախատեսված 1մլրդ 362մլն եկամուտների փոխարեն 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 885մլն դրամ: Հողի հարկի նախատեսված 440մլն դրամ եկամուտների փոխարեն հավաքագրվել է 250,9մլն դրամ:
Սեպտեմբերի 15-ի դրությամբ` համայնքների աշխատավարձի կուտակված պարտքը կազմել է 45մլն 430 հազար դրամ: Կան համայնքներ, որոնք 90-ական թվականներից ունեն աշխատավարձի կուտակված պարտք և անգամ առաջիկա 15-20 տարիների ընթացքում, մարզպետի հավաստմամբ, դժվար թե իրենց սեփական ուժերով աշխատավարձի այդ պարտքերը կարողանան մարել: Արամ Քոչարյանը կարծում է, որ այս գործում որոշակի քաղաքականություն պետք է իրականացնի կառավարությունը: Այդուհանդերձ, Արամ Քոչարյանը վարչապետին հավաստիացրեց, որ ամեն ինչ կանի այս տարվա վերջին նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների հավաքագրման գործում գոնե 20-25 տոկոս աճ ապահովելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության անդամներին հիշեցրեց, որ հիմա կառավարությունը բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում որդեգրել է նոր սկզբունք`առաջին հերթին օժանդակելու է այն մարզերին, այն համայնքներին, որոնք կատարում են իրենց ցուցանիշները. «Եվ եթե դուք այդպիսի ամբիցիաներ ունենաք, մարզերի մեջ լինեք լավագույնը, դա նաև խրախուսվելու է»: Այս խոսքից ոգևորված` Արամ Քոչարյանն ասաց. «Փորձում ենք, պրն վարչապետ, մենք համայնքապետերին մշտապես ասում ենք` որտեղ որ հավաքագրումը լավ եղավ, այնտեղ էլ ծրագրեր են իրականացվելու: Հիմա համայնքների մեծ մասում մեծ թափով բնակարանային շինարարություն է ընթանում, համայնքների ղեկավարներին ասել ենք`այն բնակիչները, ում համար պետության հաշվին տված 10-15մլն դրամ գումարներով սարքվում է բնակարան, պետք է այնպես անեն, որ այդ բնակիչները կատարեն իրենց պարտավորությունները հողի և գույքահարկի մասով»:
Թե ինչ կապ ունի բնակարանի կառուցումը հողի կամ գույքահարկի հետ, նիստում չարձագանքվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չմեկնաբանեց իր նախաձեռնությունը, թե որքանով է տրամաբանական ու իրատեսական կառավարության կողմից գյուղացիներին վճարունակ հարկատուներ դառնալու գործում աջակցելու փոխարեն հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշներ չապահոհովող համայնքներին զրկել զարգացման ծրագրերից:
Մարզպետը խոսեց նաև մարզի քաղաքաշինության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության և այլ ոլորտների հիմնախնդիրների մասին: Մարզում կարտոֆիլի 30 հազար տոննա բերք է հավաքվել` նախորդ տարվա 43 հազարի համեմատ: Մարզը ետ է մնացել աշնանացանի նախորդ տարվա մակարդակներից, այս տարի կատարվել է 517 հա աշնանացան` անցած տարվա 821 հա-ի փոխարեն: Կարկտահարության և հեղեղների պատճառով մարզի գյուղատնտեսությունը կրել է 1մլրդ 144 մլն դրամի վնաս: Մոտկորի 7` Աթան, Շամուտ և հարակից գյուղերը կարկտահարության պատճառով սարսափելի վնասներ են կրել, ակնհայտ է, որ նրանք ձմռանը պրոբլեմներ կունենան:
Քաղաքաշինության բնագավառում 9 ամիսների ընթացքում 4մլրդ 550մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ են կատարվել, այդ թվում` պետբյուջեով իրականացվել է 2մլրդ 27մլն դրամի, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` 337մլն դրամի, այլ միջոցներով` 2մլրդ 184մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ, 9 ամիսների ընթացքում հիմնանորոգվել են 3 դպրոց` 242մլն դրամ գումարով: «8 դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ դեռևս ընթացքի մեջ են, այստեղ 551 մլն դրամ արդեն ներդրվել է: Վանաձորում 3-րդ կարգի վթարայնության 85 շենքեր կան: Նույն վիճակն է Ալավերդիում, Ախթալայում: Տարվա սկզբից ծրագրված էր Լոռու մարզում 520 բնակարաններ կառուցել 8 գյուղական բնակավայրերում` Շիրակամուտ, Պարնի, Գեղասար, Լուսաղբյուր, Հարթասար, Սարահարթ գյուղերում, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում: Այս պահի դրությամբ 316 շահառուների գործեր հանձնված են կառուցողին, շինարարությունը 263 տներում ընթացքի մեջ է, որից 100-ը առաջիկա օրերին կշահագործվի: Մարզպետը խնդրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին Կառավարության 2010 թ.-ի ճանապարհաշինարարության ծրագրում նախատեսել Դսեղ- Աթան ճանապարհահատվածի վերակառուցման խնդիրը, որը սպասարկում է 7 համայնքների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել