Փարիզում ոստիկանները փորձում են ցրել հայ ցուցարարներին
«Հետքի» թղթակիցը Փարիզից հաղորդում է, որ այսօր Փարիզի Երեւանի պուրակում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ ժամը 14-ից հավաքված հայ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է գործադրել: Ֆրանսիայի ժամանակով ժամը 15:00-ին նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ծաղկեպսակ դներ Կոմիտասի հուշարձանին: Սակայն այս պահի դրությամբ նախագահը դեռ չի այցելել:
Կոմիտասի արձանի մոտ հավաքվել են տարբեր հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ` դաշնակցականներ, հնչակյաններ, ռամկավարներ և մասնակիցներ հայկական հասարակական կազմակերպություններից:
«Ցուցարարները «Ոչ» գրված պաստառներ ունեին, բոլորը որոշել էին մինչև նախագահի ժամանելը նստել Կոմիտասի արձանի դիմացը և «ոչ» վանկարկել: Այնուհետև եկան ոստիկանները, շրջապատեցին ցուցարարներին, զգուշացրին, որ ոչինչ չվանկարկեն, պաստառներն իջեցնեն: Ոստիկանները պատառոտեցին մարդկանց շորերը, քաշքշում էին մի տարիքավոր կնոջ, քարշ տալով մեկին հեռացրեցին արձանի մոտից»,-հաղորդում է «Հետքի» թղթակիցը:
Ոստիկաններին բռնություն գործադրելով հաջողվել է մարդկանց մեծ մասին հեռացնել Կոմիտասի արձանի մոտից: Այս պահին ցուցարարները սպասում են նախագահի ժամանելուն:
Քիչ անց այսօրվա միջադեպի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք: Իսկ ավելի ուշ կներկայացնենք նաեւ ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով ցրում ցուցարարներին:
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը երեկ մեկնել է «համահայկական ուղեւորության» սփյուռքի հայաշատ գաղթօջխաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել