
Կարեն Կարապետյան. «Դպրոցներում դրամահավաքը պետք է լինի կամավոր բարեգործություն»
«Դրամահավաքը պետք է լինի ոչ թե դրամահավաք, այլ կամավոր բարեգործություն: Մենք դպրոցում պետք է փորձենք այս միջավայրը ստեղծել»,- այսօր Երևանի քաղաքապետարանում հանրակրթական դպրոցներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նրա հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:
«Մենք պատրաստ ենք քաղաքապետարանի բյուջեից տրամադրել լրացուցիչ միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով երեխան կրթություն ստանալու որևէ խոչընդոտ չունենա»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ կրթական համակարգի այսօրվա առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող խնդիրներն են դպրոցների հաշվետվության համակարգը, թափանցելիությունը, ինտերնետային կապը, ծնողի առավելագույն մասնակցությունը, դպրոցների բարեկարգումը և այլն:
Քննարկմանը ներկա են եղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Մեկնաբանել