Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությանը
Թուրքական «Արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» որպես Հայաստանին և հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թևակոխել են ավարտական փուլ, այն է` փաստաթղթերի վավերացում և գործնական կիրառում:
Այսօր որևէ հայ մարդու անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ թուրքական «Արձանագրությունների» կյանքի կոչելը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն` Թուրքիան ներկայիս սահմաններով:
Առավել ողբերգական հետևանք կարող է ունենալ, եթե «Մադրիդյան սկզբունքների» հենքի վրա լուծվի Արցախի խնդիրը, որը մեզ համար գոյություն չունի: Հայության համար կա մեկ գերխդիր: Դա Արցախի և ազատագրված տարածքների վերաբնակեցումն է:
Այլևս իրողություն է, որ սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը ի լուր բոլորին հայտարարեց, որ եթե ճանաչվի Արցախը ԼՂԻՄ վարչատարածքային սահմաններում, ապա Հայաստանի Հանրապետությունը ի դեմս իրեն պատրաստ է «անվտանգության գոտու» տարածքները, իմա` ազատագրված բոլոր յոթ շրջանները զիջել Ադրբեջանին:
Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող հայությունը դեմ է «Մադրիդյան սկզբունքներին» և թուրքական «Արձանագրություններին», որքան էլ որ ՀՀ իշխանությունները փորձեն շեփորահարել հակառակը:
Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական և ռազմական ղեկավարությունը իրապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը և կդրսևորեն համապատասխան կամք կանխելու հայակործան այն քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունների անմիջական պարտադրմամբ ՀՀ իշխանությունները:
Դժբախտաբար Հայաստանի Անկախացումից մինչ այսօր չկարողացանք օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը և բավականին մեծ ժամանակահատվածը ազգային և պետական հաստատությունները կայացնելու համար: Եթե այդ հաստատությունները կայացած լինեին և ծառայեին իրենց նպատակին, ապա այսօր չէին ծնվի նման փաստաթղթեր:
Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, և անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է:
Ձեզ այսօր կրկին անգամ վերապահված է պատմական առաքելություն. լինել առաջամարտիկը հայության կենսական շահերի պաշտպանության գործում:
«Միացում» ազգային նախաձեռնություն, 02.10.09թ. Երևան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել