Մոսկվայում 19-ամյա հայ է սպանվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում լույս հոկտեմբերի 2-ի գիշերը սպանվել է Հայաստանի մի քաղաքացի: ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուր վկայակոչելով` «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ 19-ամյա հայի մարմինը գտել են հոկտեմբերի 1-ին, ժամը 23-ին, Վվեդենսկու փողոցի թիվ 15 շենքի բակում:

«Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ մահը վրա է հասել դանակից բազմաթիվ վերքեր ստանալու հետևանքով»,- պատմել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Թե կոնկրետ որ ժամին է կատարվել ոճրագործությունը, չի հաղորդվում: Ականատեսների վկայությունների համաձայն` ՀՀ քաղաքացու վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ:
Իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ սպանված հայը Մոսկվայում բնակվել է անօրինական կարգով, որպեսզի Հայաստանում խուսափի զինվորական ծառայությունից: Այդ կապակցությամբ ՀՀ-ում նա հետախուզման մեջ էր:
«Խարակիրին» հայհոյա՞նք է
Երեկ «Միացում» նախաձեռնության անդամները ցույց էին անում ԼՂՀ ներկայացուցչության մոտ: Նրանք նամակ հանձնեցին ԼՂՀ ղեկավարությանը, որում վերջինիս հորդորում են կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների «դավաճանական ընթացքը»:
Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մեկ ելք էլ է տեսնում` Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Կամ խարակիրին»,- Սեֆիլյանի և լրագրողների հետ այս երկխոսությանը միջամտեց նախաձեռնության անդամներից մեկը:
Այս առաջարկը ափից հանեց զրույցին համակ ուշադրությամբ հետևող ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանին, որն իր վրդովմունքը պարպեց հավաքվածներին սպառնալով. «Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք: Ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել նախագահին վիրավորել: Ընենց չանեք, որ ես ձեզ կարգի հրավիրեմ համապատասխան վայրում»:
Այն բանից հետո, երբ նախաձեռնության անդամ կանայք սկսեցին ոստիկանին բացատրել, որ «խարակիրին» վրավորանք չէ, ընդհակառակը` շատ պատվավոր և իսկական զինվորին հարիր մի գործողություն է, պարոն Օսիպյանը էլ ավելի բորբոքվեց. «Կին եք, գնացեք ձեր տներում ճաշ եփեք, լվացք արեք, ի՞նչ եք ստեղ դեմագոգություն անում»:
«Ես տագնապով լցված եմ»
«Ես տագնապով լցված եմ, ճիշտն ասած, այնպես չի, որ ես շատ հանգիստ եմ տեսնում ապագան: Ես գիտեմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապահովենք խաղաղ ապագա` մեր և մեր սերունդների համար, ամեն ինչ պետք է անենք, որ մեր պահանջատիրական հարցերից մի թիզ ետ չկանգնենք. դա է Ղարաբաղը, դա է Ցեղասպանության հարցը: Սրանք երկու խոշոր հարցեր են»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:
Ամենամեծը
2009 թվականին ԱՊՀ երկրներից ամենամեծ տնտեսական անկումը տեղի է ունենալու Հայաստանում: Այն կազմելու է 15,6 տոկոս` ավելի վաղ կանխատեսված 10 տոկոսի դիմաց: Իսկ տնտեսության համեստ վերականգնում սպասվում է միայն 2010-ին:
Այսպիսի տվյալներ կան Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից երեկ հրապարակված զեկույցում, որում նաև նշվում է, որ 2009-ին ՀՀ-ին խորը ռեցեսիա է սպասվում:
Աննախադեպ
Բանակցային գործընթացի վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ օրվա ընթացքում երկու անգամ հանդիպել են ԼՂՀ նախագահի հետ: Երկու հանդիպումներն էլ տևել են մի քանի ժամ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այս երկու հանդիպումները տեղի են ունեցել երեկ` Ստեփանակերտում, երբ գրեթե կես տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ են մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, եթե առավոտյան տեղի ունեցած առաջին հանդիպման բովանդակության մասին ԼՂՀ նախագահականից տարածվել է հայտարարություն, ապա երկրորդ հանդիպումը, որը կայացել է երեկոյան, չի լուսաբանվել:
ԼՂՀ նախագահականից մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ է քննարկվել երկրորդ հանդիպման ընթացքում: Հիշեցնենք սակայն, որ այս աննախադեպ հանդիպումները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին Քիշնևում կայանալիք` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման շեմին: Ըստ շրջանառվող լուրերի` չի բացառվում, որ այս հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեն շրջանակային փաստաթուղթ:
Ինչու է վտանգավոր թուրքական ապրանքների ներհոսքը
«Տարածված կարծիք կա, որին երբևէ համաձայն չեմ եղել, թե Թուրքիայից ներմուծվող սնունդը կարող է վտանգավոր լինել, մանրէներ ու բակտերիաներ պարունակել: Թուրքական ապրանքը չպիտի գնենք ոչ թե այն պատճառով, որ վատն է, այլ, որ այն թուրքական է:
Իսկ թուրքական ապրանքների ներհոսքը վտանգավոր է այլ առումով: Կա տնտեսական էքսպանսիայի վտանգ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք սահմանի բացումից ու ինքներս մեզ անկյուն կանգնեցնենք: Պարզապես մենք էլ մեր հնարավորությունները պետք է գործի դնենք»,- համոզված է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Օրենքի սահմաններում
Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարել է, թե Տիգրան Առաքելյանի ձերբակալման հետ կապված իրենց գործողություններն օրենքի սահմաններում են, իսկ սրանից հետո «բոլոր նրանք, ովքեր կփորձեն ձեռք բարձրացնել ոստիկանների վրա, անմիջապես բերման կենթարկվեն»:
«ՉԻ» - Փաստորեն, ոստիկաններն «օրենքի սահմաններում» այնպիսի գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում Տիգրան Առաքելյանը հայտնվել է վերակենդանացման բաժնում: Ըստ երևույթին օրենքով նախատեսված է, որ ոստիկանները պարտավոր են դուբինկաներով հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ու հետո ներկայանալ որպես տուժածներ:
Ինչ վերաբերում է «անմիջապես բերման ենթարկելուն», ապա խնդիրն էլ հենց այն է, որ ոստիկանները ոչ թե «անմիջապես» են բերման ենթարկում, այլ նախապես վայրենիների նման հարձակվում են երիտասարդների վրա, «մշակում» և միայն դրանից հետո «բերման ենթարկում»:
Բացի այդ էլ, որքան հասկանում ենք, բերման ենթարկել կարելի է միայն օրինախախտներին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ որ առաջին հերթին ոստիկաններն իրենք պիտի անընդհատ ինքնակամ բերման ենթարկվեն, իսկ Ներսես Նազարյանն ընդհանրապես չպետք է դուրս գա ոստիկանության շենքից:
«Ընդդիմադիր աշխարհ»
Լավատեղյակ աղբյուրների համաձայն` իշխանությունները կրկին ինտենսիվ աշխատանքներ են տանում «միասնական ընդդիմություն» կամ «երրորդ ուժ ստեղծելու» վաղեմի ցանկությունն իրագործելու համար: Արդեն նոր սցենարի համաձայն` փորձում են միավորել ավանդական երեք կուսակցություններին` ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին, ՍԴՀԿ-ին և «Ժառանգությանը»:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների` այս սցենարի իրագործման միակ խոչընդոտը մնացել է ՍԴՀԿ-ն, և իշխանություններն այս օրերին ակտիվորեն աշխատում են հենց վերջինիս վրա ազդելու ուղղությամբ: Իսկ այդ գործն իր ուսերի վրա է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, անցնող շաբաթվա ընթացքում վերջինս հանդիպել է այս օրերին Հայաստանում գտնվող ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սարգիս Աճեմյանին:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Տ.Սարգսյանին հաջողվել էր տրոհել նաև ՀՌԱԿ-ը և ստեղծել «Արմենական-ՌԱԿ» նոր կուսակցությունը: Իսկ ՀՅԴ-ի ու «Ժառանգության»` այս ձևաչափի մեջ ընդգրկվելու հարցն արդեն լուծված է, և մնում է միայն համոզել ՍԴՀԿ-ին:
Մեր տեղեկություններով` Ս.Աճեմյանը վարչապետի հետ եկել է համաձայնության և խոստացել է ապահովել ՍԴՀԿ-ի միավորումը նշված ուժերի հետ, սակայն այդ գաղափարին կտրականապես դեմ է արտահայտվել ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը, որն, ինչպես հայտնի է, անդամակցում է Հայ ազգային կոնգրեսին:
Երեկ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է իշխանությունների հետ համագործակցելու, հետևաբար` նաև որևէ նման ձևաչափում ընդգրկվելու հնարավորությունը` միաժամանակ չհերքելով, որ համագործակցության առաջարկ են ստացել ավանդական կուսակցություններից մեկից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` սակայն, Ս.Աճեմյանը վարչապետին խոստացել է այդ համագործակցությունն ամեն գնով իրականություն դարձնել: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների` «նոր ընդդիմությանը» հովանավորելու է գործարար Բարսեղ Բեգլարյանը:
Թե ինչով կավարտվի լժե ընդդիմություն ստեղծելու իշխանությունների հերթական փորձը, դժվար է ասել: Բացառված չէ, որ, ասենք, Լյուդմիլա Սարգսյանին ինչ-որ ձևով հեռացնեն կուսակցությունից («Ժառանգության» օրինակը դեռ թարմ է) և որևէ ճոռոմ անունով ինչ-որ միավոր ստեղծեն, որը կօգտագործեն արտաքին աշխարհին «ընդդիմադիր տեսակետ ներկայացնելու համար»:
Սակայն այսպիսով իշխանություններն ապացուցում են, որ իրականում թքած ունեն Սփյուռքի, «Սփյուռքի միասնականության», «համազգային կուռ բռունցքի» և նման այլ կատեգորիաների վրա, որոնցով ողողում են իրենց ելույթները տոնական օրերին և հատկապես Ցեղասպանության ճանաչման մասին խոսելիս:
Հեռուստատեսային կրքեր
Մոտ մեկ-մեկուկես տարի առաջ լուրեր էին շրջում, թե իշխանությունը որոշել է Տիգրան Կարապետիչից խլել ԱԼՄ-ն: Այն ժամանակ Տիգրան Կարապետյանը համառորեն հերքեց լուրերը, քանի որ կարողացավ լեզու գտնել և կասեցնել այդ գործընթացը:
Սակայն այժմ նորից են այդ լուրերը կենդանացել: Խոսվում է այն մասին, որ Կարապետիչին առաջարկել են վաճառել ԱԼՄ հոլդինգի տնօրինության տակ գտնվող կապուղին, նա բավական բարձր թիվ է ասել` մոտ 5 միլիոն դոլար, որն իրատեսական չէ: Մանավանդ հայտնի է` եթե իշխանությունը որոշել է ԱԼՄ-ն վերցնել, ապա հաստատ չի պատրաստվում նրա գնից ավելին վճարել, եթե չասենք` կես գնով առնել:
Ի դեպ, Հայաստանում հեռուստաընկերությունների մի մասի տերերն ուրախ կլինեին վաճառել կապուղիները, քանի որ, բացի հոգսից, հեռուստաընկերություն պահելն այլ բան չի նշանակում, բայց նրանց դա թույլ չեն տալիս: Մասնավորապես ասում են, նման վիճակում է հայտնվել Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին վստահում են հեռուստաեթերը: Եվ հակառակը` կապուղի չեն կարող ունենալ նրանք, ում իշխանությունը չի վստահում քաղաքական առումով:
Ի դեպ, հեռուստաընկերությունների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են նախագահականում` անձամբ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել