HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծվելուց հետո սփյուռքահայերը կհասկանա՞ն

mnacakanyan-petrosyan_3.10.Հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու դերասանուհի Լալա Մնացականյանը «Հայելի» ակումբում այսօր բանավիճում էին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Մարինե Պետրոսյանն, իր խոսքով, միշտ եղել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից: Թեև քննադատներ կան, որոնք ասում են, թե ընդհանրապես պետք չէ Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, սակայն ինքը այդ կարծիքին չէ: «Բայց այս  իրավիճակում, երբ այդ բարելավումը նախաձեռնել է մի նախագահ, որը  բոլոր երեք նախագահներից ամենաթույլ դիրքերն ունի Հայաստանում, չունի լեգիտիմություն, սա ամենասխալ ժամանակն է դա անելու: Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել առաջինը, ով ասել է, որ պետք է հայ-թուրքական հարաբերությունները բարելավել: Այն  ժամանակ, երբ նա դա ասում էր, ասվածը բավական հեղափոխական էր հնչում: Հիմա` առաջին հայացքից Սերժ Սարգսյանը նույն բանն է անում, բայց իրականում նա նույն բանը չի անում: Իմ կարծիքով` Ս. Սարգսյանը համոզվել է, որ ինչ որ տեղ Լևոնը ճիշտ էր, վերցրել է ծրագիրը, բայց շատ անհաջող է անում»,- ասաց Մարինե Պետրոսյանը: Նա նշեց, որ ամեն հայի համար դա շատ խորը հարց է, և եթե մենք  դա պետք է անենք, ապա դա շոկ է առաջացնելու հասարակության մեջ: «Պետք է հիմքից հարցը նայել, ու դրա համար պետք է ազատ դաշտ, որպեսզի հարցը քննարկենք»,- ասաց նա: Լալա Մնացականյանի կարծիքով էլ` երբ ինչ-որ քայլ է արվում, իրեն հետաքրքրում է, թե ինչ պայմաններ են առաջ քաշվում, որպեսզի այդ քայլը արվի կամ չարվի: «Եթե ես բացում եմ սահմանը, ինձ հետաքրքիր է` ինչի համար եմ ես անում այդ քայլը: Ինձ միաժամանակ և’ ուրախացնում է, և’ վախեցնում է սահմանի բացելը: Ի վերջո, հանձինս թուրքերի, ունենք մի պետություն, որից ամեն վայրկյան ամեն ինչ սպասելի է: Ես պետք է մարդու հետ փոխհարաբերության գնամ` միայն իմ երկրի շահից ելնելով: Բայց քանի որ ոչ մի երկիր անկախ չէ, մանավանդ մենք կախված ենք տարբեր հզոր պետություններից, հազար լարի վրա պետք է խաղանք»,- ասաց նա: Մ. Պետրոսյանի համար այսօր ամենավտանգավորը Ղարաբաղի հարցն է, քանի որ այստեղ խոսք է գնում այն հողերի մասին, որոնք արդեն մերն են: «Դուք վտանգ եք տեսնում, որ Ղարաբաղը կվերադարձնե՞ն»,- հարցրեց նրան Լալա Մնացականյանը: Ի պատասխան` հրապարակախոսը նշեց, որ ոչ թե ինքն է տեսնում, այլ Սերժ Սարգսյանն իր բերանով է ասում, որ ազատագրված հինգ շրջանները պետք է հետ վերադարձվեն: «Դուք ուզում եք ասել, որ մեր նախագահը հանրության առաջ հայտարարել է, թե Ղարաբաղը հանձնելո՞ւ է: Եթե իմ նախագահը կանգնի և ասի, թե Ղարաբաղը հանձնելու է, ես էլ ի՞նչ եմ անում այս երկրում»,- ասաց Լ. Մնացականյանը` նշելով, որ Մ. Պետրոսյանը վերցրել է ամեն ինչում վատը տեսնելու ուղղություն: Ի պատասխան` հրապարակախոսը նշեց. «Սերժ Սարգսյանը շատ պարզ ասել է, որ ինքը հինգ շրջանը վերադարձնում է: Քելբաջարը վերադարձնում է 2 տարի հետո, իսկ Լաչինի հարցը հիմա քննարկման առարկա է»: Մ. Պետրոսյանը անդրադարձավ նաև երեկ Սերժ Սարգսյանի համահայկական այցելության շրջանակներում Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցին ու բախումներին` նշելով, որ շատ լավ բան է եղել, բայց ոչ այն պատճառով, որ այդ մարդկանց ծեծել են: «Շատ լավ է, որովհետև սփյուռքահայերը չէին հասկանում հասարակ բաներ, բայց հիմա երբ նրանց ծեծեցին, կարող է սկսեն հասկանալ: Նրանք չէին հասկանում, երբ մենք հարցնում էինք, թե ինչո՞ւ են պաշտպանում Սերժ Սարգսյանին: Հիմա կհասկանան` ինչ է նշանակում նախագահ, ով ընդհանրապես չի լսում ոչ մեկին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter