
Վերջի՞ն ռաունդ. Կարեն Անդրեասյանը թեման համարում է սպառված
Օգոստոսի 29-ին չստանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից խոստացված իրավական փաստարկները՝ ներկայացնում ենք ամփոփիչ հայտարարություն' ՀՀ կրթության և գիտության նախարարության անցկացրած մրցույթի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ կանոնակարգել կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգը, ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, ինչի արդյունքում կարելի է արձանագրել, որ պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է:
Ամփոփելով ծավալված անպտուղ բանավեճը՝ ևս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը և դեռևս ոչինչ չի ձեռնարկել այդ խախտումը վերացնելու ուղղությամբ:
Նման եզրահանգման հիմք են ծառայում հետևյալ անհերքելի փաստերը.
Փաստ 1. 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթ:
Փաստ 2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած դիմում-բողոքով հայտնել է, որ մրցույթը ընթացել է մրցակիցների միջև անհավասար պայմաններում, ինչպես նաև ներկայացրել է հիմնավոր պնդումներ՝ մրցույթի ընթացքում տեղի ունեցած շահերի բախման վերաբերյալ:
Փաստ 3. Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված և շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինում գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որևէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: Այս մասին ուղղակիորեն հղում է պարունակում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչական վարույթի իրականացման ընթացքում դիտվում է որպես բացարկի հիմք:
Փաստ 4. Բողոքի քննարկման ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է, որ դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը հստակ կանոնակարգված չեն, սահմանված չեն նաև հանձանաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:
Փաստ 5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Մինչդեռ, մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական մեխանիզմները հստակ ձևակերպված չեն, ինչպես նաև կանոնակարգված չեն հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:
Այսպիսով, մրցույթի կազմակերպումն ու անցկացումը, առանց քաղաքացու իրավունքների իրականացման կարգի իրավական կարգավորման, արդեն իսկ խախտում է քաղաքացու իրավունքները:
Թեման համարում ենք սպառված: Դրա մասին խոսվեց շատ ավելին, քան նպատակահարմար էր, հատկապես, եթե նկատի ունենանք, թե որքան շատ և տարաբնույթ են մեր քաղաքացիների բողոքները տարբեր բնագավառներից:
Գիտելիքի օրվա նախաշեմին շնորհավորում ենք կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին, աշակերտներին և ուսանողներին՝ մաղթելով բարեփոխված և որակյալ կրթություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել