Չարտոնված բողոքի երթ, որն այնուամենայնիվ կկայանա
Հոկտեմբերի 5-ին ժամը 14:00-ին Երևան կինոթատրոնի մոտից Ազգային Նոր Պահպանողական Շարժման ուսանողական միությունը կիրականացնի բողոքի երթ դեպի Կառավարություն, Արտաքին գործերի նախարարություն և Նախագահի նստավայր: Երթի ընթացքում պետական մարմիններին կհանձնվի նամակ-պահանջագիր` ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց սկսելու և հայ թուրքական նախաստորագրված արձանագրություններից հրաժարվելու պահանջով:
Բավական երկար ժամանակ է, որ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ «գլուխ են ջարդում» հայ ժողովրդի արյան գնով ազատագրված տարածքների ապագան որոշելու համար:
Սակայն, ակնհայտ է, որ միջազգային հանրությունն առանձնապես չի շտապում կամ էլ չի կարողանում խաղաղ լուծում գտնել Արցախի խնդրի կարգավորման համար, իսկ այն լուծումները, որ առաջ է քաշում չի բխում Հայ ազգի ու ՀՀ շահերից:
Հենց այս հանգամանքները հաշվի առնելով` Ազգային Նոր Պահպանողական Շարժման ուսանողական միությունը որոշեց հանդես գալ նման կարևոր նախաձեռնությամբ:
Չնայած Երևանի քաղաքա-պետարանից երթի արտոնություն ստանալու խնդրանքն առանց որևէ հիմնավորման մերժվել է, բողոքի երթն, այնուամենայնիվ կկայանա:
Հայտարարություն-պահանջ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Կառավարության ղեկավար վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
Ազգային նոր պահպանողական Շարժման ուսանողական միությունը
ըմբռնելով հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» պատճառով երկու հայկական պետությունների համար առաջացած վտանգի էությունը;
փաստելով, որ նախաստորագրված արձանագրությունների այն կետը, որտեղ հաստատվում է այլ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, հստակորեն վերաբերվում է Ղարաբաղյան հարցին և ակնարկում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը;
անհանգստանալով այն հանգամանքով, որ մեր պատմական Հայրենիքի որոշ տարածքներ դարձել են քաղաքական շահարկումների առարկա;
գիտակցելով Թուրքիայի հետ սահմանների բացման ամբողջ բացասական հետևանքները
հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հակասում է հայ ժողովրդի պետական և ազգային շահերին:
Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է հստակեցում մտցնել ազգային կարևորություն ունեցող մի շարք գործընթացների տրամաբանության մեջ:
Ուստի Ազգային նոր պահպանողական Շարժման ուսանողական միությունը պահանջում է ՀՀ նախագահից և կառավարությունից.
ա) ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ներկայիս սահմաններում` այդպիսով հստակորեն տարանջատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից
բ) սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց` չթույլատրելով, որպեսզի Արցախն ետ մնա այդ գործընթացում արդեն իսկ ընդգրկված Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և այլ ինքնահռչակ պետություններից
գ) հրաժարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ներկայիս տարբերակի վավերացումից: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախապայման ընդունել Թուրքիայի կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչումը, Արևմտյան Հայաստանի հանդեպ հայ ժողովրդի պատմական իրավունքի հաստատումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ ապօրինի շրջափակման արդյունքում առաջացած վնասների փոխհատուցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել